ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-819-16.04.2024-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8191 -16.04.2024-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8192 -16.04.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8193 -16.04.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-819-16.04.2024-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8191 -16.04.2024-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8192 -16.04.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8193 -16.04.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի՝ (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է հետեւյալ հասկացությունը. «պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ»: Դրանից բխում է, որ պետական տուրքի միասնական հաշվին վերաբերող կարգավորումները տարածվում են միայն հերթական տարեկան պետական տուրքի վրա: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 36.1-ին հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանում առկա կարգավորումները վերաբերում են հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառմանը: Հարկ է նշել նաեւ, որ Օրենքի 6.2-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքով տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթները կիրառվում են նաեւ ամսական եւ եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ չի հակասում ամսական կամ եռամսյակային պետական տուրքերի վճարման հարաբերությունների էությանը»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվող հասկացության եւ Օրենքի 6.2-րդ հոդվածով սահմանված կարգավորման համադրությունից հասկանալի չէ՝ արդյոք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 36.1-ին հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանում առկա կարգավորումները տարածվում են նաեւ եռամսյակային եւ ամսական պետական տուրքերի վրա, թե՝ ոչ: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված «բողոքարկման հանձնաժողով» հասկացությունն առաջարկում ենք համապատասխանեցնել Օրենքում կիրառվող «բողոքարկման խորհուրդ» հասկացությոանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում առկա «բողոքարկման հանձնաժողովի» բառերին: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանվում են «պետական տուրքի անձնական հաշվի քարտ» եւ «էլեկտրոնային անձնական հաշվի քարտ» հասկացությունները: Հատկանշական է, որ վերոնշյալ երկու հասկացությունների հետ միաժամանակ Նախագծում տարբեր հոլովաձեւերով կիրառվում է նաեւ Նախագծով չսահմանված «անձնական հաշվի քարտ» հասկացությունը, իսկ «պետական տուրքի անձնական հաշվի քարտ» հասկացությունն այլեւս Նախագծի՝ Օրենքում ինկորպորացվող դրույթներում չի կիրառվում: 4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված է «պետական տուրք վճարող» հասկացությունը, հատկանշական է, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36.1-ին հոդվածի 6-րդ մասում եւ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի մի շարք դրույթներում «պետական տուրք վճարող» հասկացության իմաստով կիրառվում է նաեւ «վճարող» բառը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը: 5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված է հետեւյալ հասկացությունը. «լիազոր մարմին՝ լիցենզիա, թույլտվություն, իրավունք, որակավորման վկայական, ինչպես նաեւ ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ»: Նշենք, որ այս սահմանման արդյունքում «լիազոր մարմին» հասկացության մեջ չեն ընդգրկվում արտնոագրեր տրամադրող պետական մարմինները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի եւ Օրենքի գործող բազմաթիվ կարգավորումներ վերաբերում են նաեւ արտոնագրերին՝ առաջարկում ենք «լիազոր մարմին» հասկացության մեջ լրացնել նաեւ «արտոնագիր» բառը: 6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում են հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարելու հիմքերը: Այս համատեքստում նշենք, որ, ի տարբերություն Օրենքի գործող կարգավորումների, Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն իր ձեւակերպմամբ իրենից ներկայացնում է ոչ թե հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարելու հիմք, այլ այդ տուրքի գումարի վերաբերյալ կարգավորում: Առաջարկում ենք այդ կետը վերաձեւակերպել: 7. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով նշված «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի կարգավորումները: 8. Նախագծի 6-րդ հոդվածում առաջարկում ենք «ըստ հարկ վճարողի» արտահայտության մեջ «հարկ» բառը փոխարինել «պետական տուրք» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ դրույթով սահմանվող կարգավորումը վերաբերելի է պետական տուրք վճարողներին: 9. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը, մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36.1-ին հոդվածի 5-րդ մասում կիրառվում է «Կառավարությունը» բառը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք միեւնույն միտքը արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը: 10. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածով սահմանվում է պետական տուրքի վերադարձման կարգը: Ընդ որում՝ քննարկվող նորմի 1-ին մասով կարգավորվում է պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարների (այսինքն՝ հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունը մարելու համար նախատեսված գումարի վերադարձնելու վերաբերյալ կարգավրում), իսկ 2-րդ մասով՝ մնացած պետական տուրքերի գումարների վերադարձման հարցը: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որով սահմանված է. «Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում ( ) վերադարձվում են վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է համապատասխան ֆինանսական մարմին՝ պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում ( )»: Հատկանշական է, որ երեք տարվա ժամկետի վերաբերյալ կարգավորումը չի տարածվում պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարների, այսինքն՝ հերթական տարեկան պետական տուրքի վրա: Նշենք նաեւ, որ քննարկվող նորմով սահմանված է կարգավորում պետական տուրքի միասնական հաշվից գումարի վերադարձը սահմանված ժամկետից 30 օր ուշացնելու դեպքում վճարվող տույժի վերաբերյալ, մինչդեռ պետական տուրքի միասնական հաշվում չհաշվառված գումարի վերադարձի համար նման կարգավորում սահմանված չէ: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածով պետական տուրքի միասնական հաշվում առկա եւ այդ հաշվում չհաշվառվող գումարների վերաբերյալ սահմանված են տարբեր կարգավորումներ: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս հարցերին անդրադարձ չկատարվելու պարագայում հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված վերոնշյալ տարբերակված մոտեցումը պետական տուրքի միասնական հաշվում առկա եւ այդ հաշվին չհաշվառվող գումարների վերադարձի հարցում: 11. Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «Պետական տուրքի մասին» օրենքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով արդեն իսկ սահմանված է, որ այսուհետ այդ օրենքի անվան փոխարեն կիրառվելու է «Օրենք» բառը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «Պետական տուրքի մասին» օրենքի» բառերին: 12. Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է միայն Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36.1-ին հոդվածի 5-րդ մասում նշված ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետը, մինչդեռ սահմանված չէ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 36.1-ին հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումները՝ առաջարկում ենք սահմանել Նախագծում նշված բոլոր ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետները: 13. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (սույն կետում՝ նախագիծ) 1-ին հոդվածով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի (սույն կետում՝ օրենք) 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասով սահմանվում է. «Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափերի եւ տարեկան վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ծանուցման ենթակա գործունեության հաշվառման, փոփոխությունների կատարման, իրավունքի դադարեցման, կասեցման, նոր վայրում գործունեության հաշվառման օրը առցանց եղանակով ներկայացնում են պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին»: Դրանից բխում է, որ համապատասխան տեղեկատվությունն առցանց ներկայացվում է Կառավարության լիազորած մարմնին այդ տեղեկատվության ի հայտ գալու օրը: Այս կապակցությամբ նշենք, որ, օրենքի գործող կարգավորումներով սահմանված է, որ համապատասխան տեղեկատվությունը պետք է Կառավարության լիազորած մարմնին ներկայացվի լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կարծում ենք, որ տեղեկատվությունը ստանալու նույն օրը այն Կառավարության լիազորած մարմնին ներկայացնելը ողջամիտ ժամկետ չէ, առաջարկում ենք դրա փոխարեն սահմանել ավելի երկար ժամկետ, օրինակ՝ հաջորդ օրը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 06.05.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 06.05.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, եւ որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել նաեւ, որ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաեւ լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվելու եւ չեն հաշվառվելու պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Միաժամանակ, կարգավորվում է նաեւ լիցենզիաների (իրավունքների, թույլտվությունների եւ այլն) գործողությունը կամ ծանուցված գործունեությունը դադարեցվելու դեպքերում պարտավորությունների հաշվառման միասնական մեխանիզմը՝ պարտավորություն առաջադրելով միայն աշխատած ամիսների համար եւ նվազեցնելով չաշխատած ամիսների համար հաշվարկվող պարտավորությունները՝ անկախ վճարված լինելու հանգամանքից: Նախագծերով հստակեցվում է նաեւ, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար: Նախագծերի փաթեթը, ընդհանուր առմամբ, ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն դրանում ընդգրկված նախագծերում որոշ հստակեցման անհրաժեշտություն է զգացվում: Մասնավորապես. 1. Նախագծերի փաթեթում ընդգրկված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանվող՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի նոր շարադրանքի 8-րդ կետով տրված «լիազոր մարմին» հասկացության սահմանումը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունի: Ըստ այս սահմանման՝ լիազոր մարմինը. «լիցենզիա, թույլտվություն, իրավունք, որակավորման վկայական, ինչպես նաեւ ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ»-ն է, որի հետ կապված առկա է երկու խնդիր: Նախ, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ»-ը «պետական մարմին» բառակապակցությունից առաջարկում ենք տարանջատել ոչ թե «եւ», այլ «կամ» շաղկապով՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կարգավորումներից, եւ երկրորդ՝ պետական մարմինների հետ միասին, որպես լիազոր մարմին, անհրաժեշտ է հիշատակել նաեւ ենթակա պետական մարմինները, քանի որ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կատարած գործառնությունների եւ մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»: Այսինքն, նշված իրավակարգավորումից ակնհայտ է, որ ենթակա պետական մարմինները նույնպես կարող են մատուցել պետական տուրքի գանձում նախատեսող ծառայություններ կամ կատարել համապատասխան գործառնություններ, հետեւաբար՝ պետք է նաեւ հանդես գան որպես լիազոր մարմիններ: Հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք «լիազոր մարմին» հասկացության «պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ» բառերը փոխարինել «պետական կամ ենթակա պետական մարմին կամ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ» բառերով: Այս առումով, կարծում ենք, կարելի է ՀՀ Կենտրոնական բանկը ընդգրկել նաեւ պետական մարմինների ցանկում, քանի որ այն ամբողջությամբ համապատասխանում է «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 3-րդ եւ 5-րդ հոդվածներով պետական մարմինների համար սահմանված բոլոր հատկանիշներին (թեեւ ուղղակիորեն Կենտրոնական բանկի անունը չի նշվում): Այս դեպքում, որպես երկրորդ տարբերակ, առաջարկում ենք «պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ» բառերը փոխարինել «պետական մարմին (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ) կամ ենթակա պետական մարմին» բառերով: 2. Նախագծերի փաթեթում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանվող՝ Հարկային օրենսգրքի նոր՝ 8.1-ին մասի շարադրանքում անհրաժեշտ է ճշտել «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան հոդվածին կատարվող հղումը՝ «61-րդ հոդվածով» բառերը փոխարինելով «61-րդ հոդվածով» բառերով: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն դրանում ընդգրված որոշ նախագծերում առանձին դրույթներ հստակեցման անհրաժեշտություն են զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 22.04.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով հարակից՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչը պահմանավորված է պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրմամբ եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործմամբ: Նախագծերի փաթեթով ներկայացվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն իրենից ներկայացնելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ հստակեցնել անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու արդյունքում պետական տուրքը չհաշվարկելու հիմքերը, ինչպես նաեւ օրենսդրորեն կարգավորելու որոշ այլ խնդիրներ, մասնավորապես՝ մարդկային գործոնով պայմանավորված՝ պետական տուրքի գծով պարտավորությունների ճիշտ եւ ժամանակին չհաշվարկման ռիսկերը, հարկային մարմնի եւ լիազոր մարմինների միջեւ պետական տուրքի պարտավորությունների եւ մարումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման բացակայությունը եւ այլն: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող պետական տուրքի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի առանց ձեռքի միջամտության պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.04.2024թ.
|