ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-823-17.04.2024-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-823-17.04.2024-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 5-րդ հոդվածում լրացնել նոր 9-րդ մաս, որի ուժով,  եթե 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները (…) նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը իրենց կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իրենց կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, (…) հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում են կատարել սոցիալական վճար, ապա նրանց՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ միայն սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումը բավարար է, որպեսզի վերսկսվի անձի՝ սոցիալակն վճար կատարելու պարտականությունը: Նշված կարգավորումից հասկանալի չէ արդյո՞ք սոցիալական վճար կատարելը վերսկսելու դեպքում եւս վարձու աշխատողը պետք է կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարի թե նախկինում ընտրված կենսաթոշակային ֆոնդն է ինքնաշխատ եղանակով գործելու. հատկանշանական է, որ  Օրենքի 33-րդ հոդվածը հստակ կարգավորումներ է նախատեսում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի վերաբերյալ, մինչդեռ Նախագծով նախատեսված կարգավորումներից հասկանալի չէ՝ օրենքի 33-րդ հոդվածը տարածվում է արդյո՞ք մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դեպքերի վրա եւս թե ոչ: Օրենքի հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում սահմանել մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրության հնարավորության մասին:

2. Նախագծով առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներին եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին այլեւս չդիտարկել որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից. Օրեքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե՝ 1)  լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը, 2) լրացել է մասնակցի 55 տարին եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարարում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պայմանները». Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ մասնակիցը կարող է ստանալ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները նշված երկու պայմաններից որեւէ մեկին բավարարելու դեպքում (ընդ որում երկու պայմաններն էլ կապված են մասնակցի տարիքի հետ): Օրենքով վերը նշված տարիքից շուտ կուտակային կենսաթոշակի միջոցները ստանալու համար նախատեսված է հետեւյալ կարգավորումը՝ «1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը. 1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն. 3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:». Այսինքն՝ Օրենքը, նախքան մասնակցի համապատասխան տարիքը լրանալը, կենսաթոշակային հաշվում առկա միջոցները անձի կողմից ստանալը հնարավոր է համարում միայն վերը նշված պայմաններին բավարարելու դեպքում (հիմք՝ Օրենքի 56-րդ հոդված): Մինչդեռ նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցները եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողները Օրենքի գործող կարգավորմամբ դիտարկվում են որպես վարձու աշխատող հանրային ծառայողներ եւ նախքան Նախագծով նախատեսված կարգավորումների ընդունումը արդեն իսկ ունեցել են սոցիալակն վճար կատարելու պարտավորություն եւ արդեն իսկ կուտակված միջոցներ. Նախագծի անցումային դրույթներից հասկանալի չէ՝ երբ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցները եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողները՝ որպես կուտակային կենսաթոշակի մասնակից, կարող են ստանալու նախքան Նախագծի ընդունումը կուտակված միջոցները եւ ինչ եղանակով:

3. Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սոցիալական վճարներ կատարելուց հրաժարվելն արգելող իմպերատիվ դրույթ է սահմանված, որի շարքում որպես հանրային ծառայողներ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողները եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողները չեն լրացվում: Միմյանց հակասող դրույթներից խուսափելու նպատակով համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ Օրենքի՝ նորմատիվ բնույթի կարգավորում նախատեսող 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում:

4. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «(…) Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

5. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված «ենթաօրենսդրական» բառից հետ լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված ձեւակերպումները


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

07.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

07.05.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածում 8-րդ մասից հետո լրացնել նոր կետեր, ըստ որոնց՝ եթե անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց եւ համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա: Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել, որ ժառանգության վկայականի հիման վրա կուտակային հաշվում առկա միջոցները ժառանգության վկայականը ներկայացնելու դեպքում ժառանգին տրամադրվում են առանց ժամկետային սահմանափակման, ինչպես նաեւ առաջարկվում է հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողներին եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին ներառել վարձու աշխատող չհանդիսացող անձանց կազմում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

29.04.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու եւ նրանց՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է՝

- սահմանել նոր իրավակարգավորումներ, ըստ որոնց՝ եթե անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթաշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց եւ համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա.

- հստակեցնել, որ ժառանգության վկայականի հիման վրա կուտակային հաշվում առկա միջոցները ժառանգության վկայականը ներկայացնելու դեպքում ժառանգին տրամադրվում են առանց ժամկետային սահմանափակման.

- «արտոնագրային հարկ» եզրույթը փոխարինել «շրջանառության հարկ» եզրույթով՝ հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի կարգավորումները.

- հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատողներին, արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին ներառել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված՝ վարձու աշխատող չհանդիսացող անձանց կազմում.

(Ներկայումս գործող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն՝ գործատուի հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների եւ փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ հարկադիր կատարողների, հանդիսանում են վարձու աշխատողներ (կատարում են սոցիալական վճարներ եւ հանդիսանում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ): 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի դիրքորոշման համաձայն՝ Կենտրոնական բանկը կարեւորում է վարձու աշխատող հանդիսացող բոլոր անձանց համար կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցության ապահովումը, այդ թվում՝ այն անձանց մասնակցության վերաբերյալ համակարգային լուծումների մշակումը, ովքեր ներառված են Օրենքի «վարձու աշխատող» հասկացության բացառության մեջ: Սակայն Պետական եկամուտների կոմիտեն բացառել է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության պարագայում անձանց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից լինելը, քանի այն ենթադրում է անձնավորված տեղեկատվության առկայություն: Ազգային անվտանգության ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից ստացված դիրքորոշումներով բացառվել է նշված համակարգերի համապատասխան ծառայողների վերաբերյալ անձնավորված տեղեկատվության տրամադրումը:

Վերոնշյալ դիրքորոշումները նշանակում են, որ Կենտրոնական բանկի առաջարկը համապատասխան անձանց եւս ներառել կուտակային կենսաթոշակային համակարգ բացառվում է:) 

- սահմանել, որ մինչեւ համապատասխան պաշտոն (որը զբաղեցնող անձի տվյալները օրենքով համարվում է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն) զբաղեցնելը իր համար (օգտին) կուտակային հատկացումներ կատարված լինելու դեպքում անձը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող է ստանալ բացառապես Օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով կամ միանվագ՝ Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում.

- սահմանել, որ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների, արտաքին հետախուզության ծառայության ծառայողների անձնավորված հաշվառումը դադարեցվում է:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում հիմնականում կկարգավորվեն իրավակիրառ պրակտիկայում առկա մի շարք խնդիրներ: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

29.04.2024թ.