ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-826-18.04.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-826-18.04.2024-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում.

Միաժամանակ նշենք, որ Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, կարող է  առաջանալ մի շարք օրենսդրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն. օրինակ՝

1. «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 50-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Բանկի բոլոր կառավարիչները, տնօրենները, նրանց տեղակալները, Նախագահը, փոխնախագահը եւ մյուս պաշտոնատար անձինք ու աշխատողները, այդ թվում Բանկի համար հանձնարարություններ կատարող կամ ծառայություններ մատուցող փորձագետներն ու խորհրդատուները i) անձեռնմխելի են ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված դատական գործընթացների նատմամբ (…): Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Համաձայնագրով սահմանված անձեռնմխելիությունից օգտվելու իրավունք վերապահված է ոչ միայն Բանկի, որպես միջազգային կազմակերպության, պաշտոնատար անձանց, այլեւ աշխատակիցներին, Բանկի համար հանձնարարություններ կատարող կամ ծառայություններ մատուցող փորձագետներին ու խորհրդատուներին: Մինչդեռ Քրեական դատավարության օրենքսգրքի 52-րդ գլուխը միջազգային պայմանագրով սահմանված անձեռնմխելիությունից եւ այլ արտոնություններից օգտվող անձ է դիտարկում Քրեական դատավարության օրենքսգրքի 432-րդ հոդվածով սահմանված դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձանց, որոնց շարքում նույն հոդվածի 8-րդ կետով սահմանված են միջազգային կազմակերպությունների միայն պաշտոնատար անձինք, այլ ոչ նաեւ միջազգային կազմակերպությունը կամ վերջինիս աշխատակիցները կամ ծառայություններ մատուցող փորձագետներն ու խորհրդատուները. կամ

2. Համաձայնագրի 47-րդ կետով կարգավորումներ են նախատեսված Բանկի ցանկացած գույքի խուզարկության, ռեկվիզիցիայի, բռնագանձնման կամ օրենսդրական այլ գործողությունների միջոցով վերցնելու նկատմամբ անձեռնմխելիության վերաբերյալ, մինչդեռ  Քրեական դատավարության օրենքսգրքի 436-րդ հոդվածը հստակ տարանջատում է շինությունների տեսակները, գույքի տեսակները եւ անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է անձեռնմխելիության կանոնը. մասնավորապես կարգավորումները վերաբերում են միայն դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների գույքին, այն է՝ արխիվը, փաստաթղթերը, պաշտոնական գրությունները,  եւ զբաղեցրած շինություններին. կամ

3. Համաձայնագրի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ «Բանկը, դրա ակտիվները, գույքը, եկամուտը եւ սույն համաձայնագրի գործառնություններն ու գործարքներն ազատ են բոլոր տեսակի հարկերից եւ բոլոր տեսակի մաքսատուրքերից»:

«Մաքսային կարգավորումների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի վճարման արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ օրենքով»:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ «Մաքսային մարմինների» վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները սահմանվում են օրենքով»:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով»: Այսպես՝ «Մաքսային կարգավորումների մասին» օրենքի վերը նշված նորմերով սահմանված են, որ մաքսային մարմիններին վճարվող հարկերի,  վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները եւ մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է՝ «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով»: Հիմք ընդունելով մեջբերված իրավադրույթները՝ նշենք, որ հարկային արտոնությունները եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի վճարման արտոնությունները կարող են սահմանվել միայն Հայաստանի Հանրապետության  համապատասխան օրենսգրքով կամ օրենքներով: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

26.04.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Հիմք ընդունելով վերը նշված դիտարկումները՝ Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

26.04.2024թ. 





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը՝ կից վերապահումով (այսւոհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է անդամակցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (այսուհետ՝ Բանկ):

Համաձայնագիրը պարունակում է Հայաստանի Հարապետության համար ֆինանսական պարտավորություններ առաջացնող, այդ թվում՝ ծախսերի ավելացման եւ եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ: Մասնավորապես, ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալների, ծախսերի ավելացման մասով՝ 

- Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) յուրաքանչյուր բաժնեմասի գինը կազմում է 100,000 ԱՄՆ դոլար,

- յուրաքանչյուր անդամ-երկրի կողմից բաժանորդագրված կապիտալը պետք է բաղկացած լինի վճարման ենթակա եւ ցպահանջ մասերից՝ համապատասխանաբար երկու եւ ութ համամասնություններով,

- յուրաքանչյուր անդամ-երկիր բաժանորդագրության գումարի վճարման ենթակա մասը պետք է վճարի հինգ հավասար մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 20 տոկոս: Առաջին մասնաբաժինը պետք է վճարվի ԵՆԱԲ-ի պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում, կամ պայմանագրի վավերացման փստաթուղթը ի պահ դնելու ամսաթվին կամ դրանից առաջ: Երկրորդ մասնաբաժինը պետք է վճարվի պայմանագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո: Մնացած երեք մասնաբաժինները պետք է վճարվեն յուրաքանչյուր մասնաբաժնի վճարումից մեկ տարի հետո,

- բաժնեմասերի մնացած 80%-ը հանդիսանում է ցպահանջ:

Այսպիսով, առաջարկվող 374 բաժնեմասին բաժանորդագրվելու դեպքում բաժանորդագրության ընդհանուր գումարը կկազմի 37,400,000.0 ԱՄՆ դոլար, իսկ համաձայն Ֆինանսների նախարարության տեղեկատվության՝ ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին օրենքով եւ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ով ԵՆԱԲ-ին բաժանորդագրության ուղղությամբ ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Ինչ վերաբերում է եկամուտների նվազեցմանը, ապա Համաձայնագրին անդամակցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ Համաձայնագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ԵՆԱԲ-ը, դրա ակտիվները, գույքը, եկամուտը ազատվում են բոլոր տեսակի հարկերից եւ մաքսատուրքերից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

29.04.2024թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2015 թվականի հունիսի 29-ին Պեկինում ստորագրված՝ «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ հետեւյալ վերապահումով. Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է սույն Համաձայնագիրը՝ պայմանով, որ իրեն իրավունք է վերապահում Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (այսուհետ՝ Բանկ) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող աշխատավարձից եւ պարգեւատրումներից ստացվող եկամուտները հարկելու՝ հիմք ընդունելով Համաձայնագրի 51-րդ հոդվածը:

 Համաձայնագրով հիմնադրվող Բանկի նպատակն է՝ խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել Ասիայում ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցությունը եւ գործընկերությունը զարգացման մարտահրավերներին դիմակայելու հարցում: 

Բանկին անդամակցումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ: Այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: Անդամակցումը Բանկին նպատակահարմար է նաեւ վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման եւ այլ զարգացման բանկերից կախումը նվազեցնելու տեսանկյունից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

28.04.2024թ.