ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-827-22.04.2024-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8271 -22.04.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-827-22.04.2024-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-8271 -22.04.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «2004թ.» արտահայտությունը փոխարինել «2004 թվականի» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է. «( ) «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: 2. Նախագծով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի բազմաթիվ դրույթներում կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում բացառել անչափահասների ամուսնությունը: Այս համատեքստում առաջարկում ենք Նախագծով անդրադառնալ նաեւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածին եւ դրանում առկա «ամուսնության մեջ չգտնվող անչափահաս» բառերը փոխարինել «անչափահաս» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում «ամուսնության մեջ գտնվող անչափահաս» կարգավիճակ այլեւս գոյություն չի ունենալու, հետեւաբար նման հստակեցման անհրաժեշտություն առկա չէ: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 10.05.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ այլ օրենքում: Մասնավորապես՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, որում նշված է «մինչեւ տասնութ տարին լրանալը` օրենքով սահմանված կարգով ամուսնանալու պահից» արտահայտությունը: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 10.05.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:», որի արդյունքում կվերացվի 16 կամ 17 տարեկանում ամուսնության կնքման հնարավորությունը, ինչպես նաեւ առաջարկվում է ուժը կորցրած չանաչել անչափահասների ամուսնության հետ կապված առկա դրույթները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 25.04.2024թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում», համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», ըստ որի՝ հեղինակն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի» 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:»: Խնդիրն, ըստ Նախագծի փաթեթի հեղինակի, կայանում է նրանում, որ վաղամուսնությունները (բացի այն, որ անչափահաս կանանց մոտ կարող են հետագայում գինեկոլոգիական եւ վերարտադրողական առողջության խնդիրներ առաջացնել), խնդրահարույց են նաեւ սոցիալական հարաբերությունների տեսանկյունից, մասնավորապես՝ նրանց սոցիալական պաշտպանության, պատշաճ կենսամակարդակի, կացարանի եւ սննդի, առողջության պահպանման, կրթական եւ այլ իրավունքների խախտման առումով, առաջացնելով ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Ըստ էության, Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումների նպատակը վաղամուսնությունների բացառումն է, ինչն, ըստ հեղինակի, միայն իրավական ակտերի ընդունմամբ չի կարող իրագործվել եւ պահանջելու է հետեւողական աշխատանք նաեւ իրավակիրառ մարմինների կողմից: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական առումով կարող է ունենալ դրական ազդեցություն: Եզրահանգում Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ ամուսնության տարիքային շեմի բարձրացմամբ հնարավոր կլինի բացառել վաղամուսնությունները: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.04.2024թ.
|