ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-831-23.04.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-831-23.04.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը Նախագծում չի գործածվում: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածում  «76.1» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «76.1-ին» գրելաձեւով՝ հիմք ընդունելով դասական թվականների հիշատակման կանոնը: 

2. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր լրացվող հոդվածի տեքստում հոդվածի  համարից առաջ առաջարկում ենք լրացնել «Հոդված» բառը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «(…): Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է  Օրենսգրքում լրացնել նոր 76.1-ին հոդված, որի 1-ին մասի համաձայն՝ «Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման  արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը եւ հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ եւ կանոններ»: Նախագծով սահմանված է միայն Կանոնագրքի հասկացությունն ու նշանակությունը, սակայն որոշակիացման կարիք ունի, թե կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ինչպիսի սկզբունքներ եւ կանոններ է ներառելու, որի պարագայում միայն հնարավոր կլինի գնահատել առաջարկվող կարգավորման իրավաչափությունը, հատկապես, որ առանձին տնտեսական ընկերությունների համար համապատասխան Կանոնագրքին միանալը կարող է իմպերատիվ բնույթ կրել: Բացի այդ, պարզաբանված չէ նաեւ, թե ինչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել տնտեսական ընկերությունների համար կորպորատիվ կառավարման կանոնագրքով սահմանվող սկզբունքները եւ կանոնները չկատարելը կամ որ մարմնին է վերապահվելու վերահսկողություն իրականացնել նշված կանոնների պահպանման նկատմամբ:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ մասնավորապես, նշելով. «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

 Նորմի որոշակիությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները հստակեցնել:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 76.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ  «Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ առաջարկվում է ոչ միայն Օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի (այսուհետ նաեւ՝ Կանոնագիրք) ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմ այլեւ նշվում է, որ կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է, միաժամանակ նախատեսելով օրենքով դրան պարտադիր միանալու հիմքեր, հետագայում օրեսդրին թույլ տալով սասհմանել նաեւ այն ոլորտները, որտեղ կանոնագրքին միանալը պետք է լինի պարտադիր:

Տվյալ դեպքում ստացվում է, որ առաջարկվող կարգավորման համաձայն  Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառումը տնտեսական ընկերությունների համար կամավոր է, եթե օրենքով սահմանված չէ դրա պարտադիր կիրառման պահանջը: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ օրենքով նախատեսված դեպքերում, լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով հաստատված Կանոնագրքի կանոնների եւ սկզբունքների պահպանումը առանձին տնտեսական ընկերությունների համար  կարող են իմպերատիվ բնույթ կրել՝ անկախ վերջիններիս կողմից այդ Կանոնագրքի իրավազորության ընդունման հանգամանքից: Հարկ է նշել, որ Նախագծի կարգավորումներից հասկանալի չէ Կանոնագրքի իրավական կարգավիճակը եւ բովանդակությունը. մասնավորապես նշված կանոններն իրենց բնույթով իրավունքներ թե պարտականություններ են սահմանելու տնտեսական ընկերությունների, մասնակիցների համար.

Քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի վերլուծությունից (մասնավորապես հոդված 73, հոդված 95, հոդված 106) բխում է, որ տնտեսական ընկերության մասնակիցների համար իրավունքներ կարող են սահմանվել բացառապես Քաղաքացիական օրենսգրքով, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով եւ համապատասխան ընկերությունների կանոնադրությամբ: Այլ իրավական ակտերով տնտեսական ընկերությունների մասնակիցների համար իմպերատիվ բնույթ կրող նորմատիվ դրույթներ սահմանելը ոչ միայն չի համապատասխանում Քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի տրամաբանությանը, այլեւ համապատասխան կանոնների անորոշության պայմաններում, կարող է դիտվել միջամտություն անձի տնտեսական գործունեությանը: Այսպես՝ քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին վերաբերող Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն`«1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, (…) մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման վրա: 2. (…)Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար»: Մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության եւ կամքի ինքնավարության սկզբունքները ենթադրում են քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների իրավունքը՝ իրենց հայեցողությամբ եւ իրենց շահերին համապատասխան ընտրելու համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը. մասնակիցներն առավելապես իրենք են որոշում՝ օգտվել իրենց որեւէ իրավունքից թե ոչ: Հետեւաբար առանձին տնտեսական ընկերությունների համար Կանոնագրքով սահմանված իրավունքների պարտադիր լինելը կարող է դիտարկվել միջամտություն իրավաբանական անձանց մասնավոր գործերին:

Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով»: Մասնավորապես՝ Սահմանադրությունը, երաշխավորելով տնտեսական գործունեության ազատությունը, միաժամանակ սահմանել է, որ այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով (59-րդ հոդվածի 1-ին մաս): Նշվածից հետեւում է, որ այս իրավունքի իրականացման պայմանները եւ դրանց իրացումն ապահովող կարգն ամրագրվում են օրենքով, իսկ օրենսդրի կողմից սահմանափակող միջոցներ նախատեսվելիս պետք է հիմք ընդունվեն Սահմանադրությամբ ամրագրված պահանջներ:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաեւ, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ որեւէ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն եւ կիրառում եւս պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին եւ Սահմանադրական դատարանի՝ ներկայացրած իրավական դիրքորոշումներին (հիմք ՍԴՈ 1611): 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի կարգավորումներից հասկանալի չէ Կանոնագրքի իրավական կարգավիճակը եւ բովանդակությունը, ուստի հնարավոր չէ նաեւ գնահատել համապատասխան կանոններում հնարավոր միջամտության առկայությունը կամ բացակությունը, հետեւաբար, կարծում ենք,  առանձին տնտեսական ընկերությունների համար ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով հաստատված Կանոնագրքին պարտադիր միանալու պահանջը կարող է դիտարկվել որպես տնտեսական գործունեությանը միջամտություն, հետեւաբար, առանձին դեպքերում, Կանոնագրքին միանալու պարտադիր պահանջը լրացուիչ հիմնավորման կարիք ունի:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

6. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել  Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

15.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

15.05.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենքով լիզորող նորմ սահմանել լիազոր մարմնի կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման նպատակով, որը ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է եւ պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը եւ հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ եւ կանոններ:

Նախատեսվում է, որ Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կլինի կամավոր, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ այդ վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը կպատկանի տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ տվյալ Նախագծի ընդունումը, լիազորող նորմեր սահմանելու առումով, անհրաժեշտություն է առաջացնում համապատասխան լրացումներ կատարել նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ինչպես նաեւ տնտեսական ընկերակցությունների եւ տնտեսական ընկերությունների մյուս բոլոր տեսակների գործունեությունը կարգավորող օրենքներում:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն դրված խնդրի լուծման տեսանկյունից առկա է համապատասխան լրացումների կատարման անհրաժեշտություն՝ տնտեսական ընկերակցությունների եւ տնտեսական ընկերությունների բոլոր տեսակների գործունեությունը կարգավորող հարակից օրենքներում:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.04.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): 

Նախագծով նախատեսվում է Օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: 

Օրենսգրքի նոր լրացվելիք 76.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը եւ հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ եւ կանոններ: 

Սահմանվում է նաեւ տնտեսական ընկերությունների կողմից վերոնշյալ կանոնագրքին միանալու կամավորության սկզբունքը? օրենքով այլ բան նախատեսված նախատեսված չլինելու դեպքում: 

Նախագծով առաջարկվող կարգավորումներն, ընդհանուր առմամբ, ուղղված են կորպորատիվ կառավարման կայուն եւ արդյունավետ համակարգի ներդրմանը: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

29.04.2024թ.