ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-832-26.04.2024-ՊԻ-011/0),  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-832.1-26.04.2024-ՊԻ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-832.2-26.04.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-832-26.04.2024-ՊԻ-011/0),  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-832.1-26.04.2024-ՊԻ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-832.2-26.04.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր 19-րդ մասով սահմանված է՝ «19. Սույն հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջները չեն տարածվում համայնքի ավագանու անդամների վրա, որոնց նկատմամբ սահմանափակումները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով». նշված ձեւակերպումից բխում է, որ համայնքի ավագանու անդամների նկատմամբ ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով: Մինչդեռ նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ սահմանված սահմանափակումների շրջանակն ավելի լայն է, իսկ համայնքի ավագանու համար համանման սահմանափակումներ համապատասխան օրենքներում բացակայում են : Այսպես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված են սահմանափակումների այնպիսի շրջանակ, որոնք նախատեսված չեն «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով (օրինակ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները, նվերներ ընդունելու սահմանափակումները): 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր 19-րդ մասում նշված «սահմանափակումները» բառից առաջ լրացնել «այլ պաշտոն զբաղեցնելու» բառերը: Վերը նշված առաջարկն ընդունելու արդյունքում կբացառվի «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված այլ սահմանափակումների չկիրառելը համայնքի ավագանու նկատմամբ: Բացի այդ սույն առաջարկության հիմքում ընկած է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որը կարգավորում է նախատեսում ոչ թե համայնքի ավագանու անդամի նկատմամբ  ցանկացած սահմանափակման վերաբերյալ, այլ միայն համայնքի ավագանու անդամի կողմից այլ պաշտոն զբաղեցնելու սահմանափակման (հիմք՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք 19-րդ հոդված):

2. Առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված  մյուս նախագծերի 2-րդ հոդվածի վերնագրերին:

3. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը Նախագծում չի գործածվում: 

Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կիրառված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին: 

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրված 2-րդ մասով սահմանված է՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ համայնքի ավագանու անդամի կողմից մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ավագանու անդամությունից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում չներկայացնելու դեպքում վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Մինչդեռ նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնելը եւ համապատասխան դիմում չներկայացնելը ավագանու անդամի լիազորություների վաղաժամկետ դադարեցման հավասարազոր հիմքեր են, որոնք հստակ սահմանված են նշված հոդվածում, հետեւաբար նոր խմբագրությամբ շարադրված 2-րդ մասում «հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով» դրույթը շարադրելն ավելորդ է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

16.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

16.05.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ համայնքի ավագանու անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված որեւէ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, համայնքային աշխատակազմերում, ինչպես նաեւ չեն կարող զբաղեցնել որեւէ ղեկավար պաշտոն համայնքային կազմակերպություններում: Այս կարգավորումների ամրագրումը միտված է հնարավորինս բացառելու անհամատեղելի պաշտոնների համատեղման ռիսկը: Բացի այն, որ ավագանու անդամները չպետք է լինեն համայնքային կամ պետական ծառայող, Նախագծով, ըստ էության, ամրագրվել է նաեւ, որ վերջիններս չեն կարող աշխատել համայնքային աշխատակազմերում: Սույն իրավակարգավորման շրջանակներում տեղավորելի են նաեւ համայքների աշխատակազմերում քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ կատարվող աշխատանքները: Այսինքն, այդ բնույթի աշխատանքները եւս չեն կարող համատեղվել: Բացի այդ, սահմանվել է, որ ավագանու անդամները չեն կարող նաեւ ղեկավար պաշտոն զբաղեցնել համայնքային կազմակերպություններում: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.04.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է համայնքի ավագանու անդամների անհամատեղելիության պահանջների առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործման, գործնականում անհամատեղելիության պահանջների պահպանման վերաբերյալ առաջացած խնդիրների հաղթահարման եւ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես առաջարկվում է համայնքի ավագանու անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները սահմանել ոլորտային օրենսդրությամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով:

 Առաջարկվում է սահմանել, որ համայնքի ավագանու անդամները չեն կարող զբաղեցնել հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնների: 

Նույն կառուցակարգը գործում է նաեւ Երեւան քաղաքի պարագայում: Մասնավորապես, Երեւան քաղաքում ավագանու անդամի հետ համատեղելի է Երեւանի քաղաքապետի, նրա առաջին տեղակալի եւ պաշտոնակատարի պաշտոնը (Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածում նշված չեն վերոնշյալ համատեղելիության դեպքերը, այդ իսկ պատճառով ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում սահմանվել են «իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն» բառերը):

Բացի վերոնշյալից՝ Նախագծերի փաթեթով սահմանվում է, որ համայնքի ավագանու անդամները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու անդամները չեն կարող նաեւ ղեկավար պաշտոն զբաղեցնել համապատասխանաբար համայնքային ենթակայության կազմակերպություններում եւ Երեւանի ենթակայության կազմակերպություններում, չեն կարող աշխատել համայնքի աշխատակազմում եւ քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ այն անձինք, ովքեր ներկայումս (մինչեւ Նախագծերի ուժի մեջ մտնելը) հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղում են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ, կարող են շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչեւ տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

08.05.2024թ.