ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834-26.04.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834.1-26.04.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834.2-26.04.2024-ՊԻ-011/0),  «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834.3-26.04.2024-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834.4-26.04.2024-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834.5-26.04.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834.6-26.04.2024-ՊԻ-011/0), «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-834.7-26.04.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-834-26.04.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-834.1-26.04.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-834.2-26.04.2024-ՊԻ-011/0),  «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-834.3-26.04.2024-ՊԻ-011/0) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-834.4-26.04.2024-ՊԻ-011/0) «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-834.5-26.04.2024-ՊԻ-011/0) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-834.6-26.04.2024-ՊԻ-011/0), «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-834.7-26.04.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կիբերհանցագործությունների ընդհանուր շրջանակ սահմանել՝ առանձին հավելվածի տեսքով: Նախագծերի փաթեթի հիմնավորմամբ նշվում է, որ հավելվածում ներառվող հանցագործությունների ընտրման հիմքում  «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիան է եւ նրանում առաջ քաշված այն չափանիշը, համաձայն որի՝ այդպիսին դիտարկվում են այն հանցանքները, որոնցով թիրախավորվում են համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը, կամ այն հանցանքները, որոնք կատարվում են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով:  Սույն բանաձեւի համատեքստում անհասկանալի են մնում մի շարք հանցագործությունների չներառումը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կիբերհանցագործությունների ցանկում, ինչպիսիք են օրինակ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 2-րդ մասը, 205-րդ հոդվածի 2-րդ մասը, 314-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը  եւ նման բնույթի մի շարք հանցագործություններ, քանզի վերջիններիս օբյեկտիվ կողմը եւս դրսեւորվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, եւ վերջիններս ակներեւ համապատասխանում են որպես ելակետ ընտրված «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիայով տրված չափանիշին: Առաջարկում ենք առկա անհստակությունը շտկելու նպատակով կա՛մ լրամշակել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 2-րդ հավելվածը, կա՛մ լրացուցիչ հիմնավորել հիշատակված հանցագործությունների ցանկում չներառվելը:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր լրացվող 2-րդ հավելվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի հիշատակումից զատ առաջարկում ենք լրացնել նաեւ վերջինիս օբյեկտիվ կողմի նկարագրությունը՝ ապահովելով նորմատիվ իրավական ակտում օրենսդրական տեխնիկայի կիրառման միասնական մոտեցում:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել հղումի հստակությունը՝ նշելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածի համարը, այլ նաեւ հոդվածի համապատասխան մասը, որտեղ կատարվելու է լրացումը՝  հետեւելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին առ այն՝ «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:»:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածում նոր լրացվող 61-րդ կետի համաձայն՝ «61) բաժանորդային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների (…) հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին եւ դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը (…)»:

Իսկ 62-րդ կետի համաձայն՝ «62) փոխանցվող տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում՝ (…) հեռախոսային հաղորդակցությունն սկսելու եւ ավարտելու ժամանակը, վայրը, (…)»: Ցանկանում ենք նշել, որ «հաղորդակցվողների գտնվելու վայր» եւ «հեռախոսային հաղորդակցությունն սկսելու եւ ավարտելու վայրը» հասկացությունները, ըստ էության, նկարագրում են նույն երեւույթը, այն է՝ կոնկրետ հեռախոսային հաղորդակցության ընթացքում հաղոդակցվողների գտնվելու տեղանքը, կոորդինատները: Նույն երեւույթը տարբեր հասկացությունների միջոցով նկարագրելը խնդրահարույց է, քանզի այդ հասկացությունները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում ներառվելու են երկու տարբեր իրավական ռեժիմով պաշտպանվող տեղեկությունների շարքում: Այսինքն հաղորդակցության վայրը պարզելու վերաբերյալ տվյալը կարող է որակվել եւ՛ որպես բաժանորդային տվյալ, եւ՛ որպես փոխանցվող տվյալ, որոնցից յուրաքանչյուրի տրամադրումը ունի հատուկ ընթացակարգ, որի չպահպանումը հանգեցնելու է ձեռք բերված ապացույցի անթույլատրելիության: Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա վերանայել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածում նոր լրացվող 61-րդ եւ 62-րդ հոդվածները: 

5. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածում լրացնել նոր 9-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Եթե բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են էլեկտրոնային սարքեր կամ կրիչներ, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում, ապա դրանցում պարունակվող թվային տվյալների որոնումը կարող է կատարվել միայն թվային խուզարկություն կատարելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու եւ միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի որոշմամբ:»: Կարծում ենք, որ նման կարգավորման նախատեսումը կարող է դիտարկվել իմաստազուրկ եւ օրենսդրությունը «ուռճացնող», քանզի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 235-րդ եւ 236-րդ հոդվածներով առավել քան հստակ են այս քննչական գործողությունների անկախությունը մեկը մյուսից: Թեեւ թե§ բնակարանի խուզարկությունը, թե§ էլեկտրոնային սարքերի թվային խուզարկությունը դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողություններ են, սակայն դրանք ինքնուրույն բովանդակություն ունեցող առանձին դատավարական գործիքներ են, եւ դատարանի կողմից յուրաքանչյուր դեպքում տրվում է առանձին որոշում կոնկրետ խուզարկության յուրաքանչյուր դեպքի համար՝ հստակեցնելով նաեւ խուզարկության տեսակը, սահմանները: Հետեւաբար չի կարող առաջանալ նաեւ շփոթ մի քննչական գործողության շրջանակում մեկ այլը կատարելու, քանզի օրենսդրական կարգավորումները հստակ են եւ տարընկալման տեղիք չեն տալիս, իսկ Նախագծերի փաթեթի հիմնավորմամբ նշված խնդիրները իրավակիրառ պրակտիկայի շրջանակում են լուծման ենթակա:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 

7. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր լրացվող 143.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, եւ որը կարող է փոխանցվել եւ պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծով չի բացահայտվել «ապակենտրոնացած գրանցամատյանի տեխնոլոգիա» հասկացությունը, իսկ վերջինս ելակետային է սույն ինստիտուտի կիրառման շրջանակում, քանզի Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի 1-ին մասից պարզ է դառնում, որ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով է փոխանցվում եւ պահպանվում կրիպտոակտիվը, այսինքն վերջինիս շրջանառությունը լեգալիզացվում է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխոլոգիայի միջոցով: Ուստի գտնում ենք, որ «ապակենտրոնացված գրանցամատյանի տեխոլոգիա» հասկացությունը ունի կարգավորման կարիք: Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածը:

8. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի  3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի իմաստով փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների եւ գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման եւ գրանցման պայմանների վերաբերյալ:»: Գտնում ենք, որ սույն սահմանումը ունի իրավական որոշակիության հետ կապված խնդիրներ: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշման մեջ հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ « (…) Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: 

Հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձեւակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում:»: Քննարկվող իրավիճակում Նախագծով նախատեսվում է մասնավոր սուբյեկտների կողմից կրիպտոակտիվների միջոցով իրականացվող գործարքների կանոնակարգման իմպերատիվ նորմեր սահմանել, որոնք, սահմանափակելով քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների իրավունքները, բավարար չափով հստակ, մատչելի եւ միանշանակ ձեւակերպում չեն ստացել, քանզի նշվում է, որ փոխհամաձայնեցման մեխանիզը կանոնների եւ գործընթացների ամբողջություն է կրիպտոակտիվներով գործարքների վավերացման եւ գրանցման  պայմանների վերաբերյալ, սակայն չի մասնավորեցվում, թե ինչ սուբյեկտի կողմից կամ ինչ ակտով են սահմանվում այդ կանոնները, որոնց հիման վրա Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն ձեռք է բերվելու համաձայնություն: Վերջինս հանդիսանում է Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի 3-րդ մասը անորոշ դարձնող երկրորդ հանգամանքը, քանզի անհասկանալի է ինչ սուբյեկտների միջեւ եւ ինչ կարգով է ձեռք բերվելու հիշատակվող համաձայնություն: 

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ իրավական որոշակիության պահպանման պահանջը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի կարգավորումներին, քանզի վերջիններս ունեն լրամշակման կարիք եւ ամբողջությամբ չեն կարգավորում կրիպտոակտիվի որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտի շրջանառությունը՝ ինչը, ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, հանդիսանում է Նախագծի հիմնական նպատակը:

9. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանվում է՝ «Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումը առոչինչ է:»: Սույն ձեւակերպումից կարող ենք եզրակացնել, որ առոչինչ են ճանաչվելու բոլոր այն գործարքները, որոնք կատարվել են օրենքով նախատեսված կրիպտոակտիվի օտարման ընթացակարգի խախտմամբ: Շարունակելով նախորդ կետում կատարված եզրահանգումը՝ նշենք, որ Նախագծով նախատեսվող կարգավորումներում բացակայում են նաեւ կրիպտոակտիվի օտարման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներ: Այսինքն, օրենքով չի սահմանվել կրիպտոակտիվի օտարման կարգ, որի չպահպանումը կհանգեցնի Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի 5-րդ մասով նախատեսվող հետեւանքի առաջացման: Սույն դիտարկման հիման վրա առաջարկում ենք լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի 5-րդ մասը:

Միաժամանակ նշենք, որ կրիպտոակտիվների օտարման ընթացակարգի չկարգավորված լինելու հանգամանքը անհասկանալի է դարձնում նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 172-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի 1-եւ ին եւ 2-րդ կետերի կարգավորումները, քանզի վերջիններս կրիպտոակտիվի, որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտի, նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կապում են ստացող անձի անունով կամ հասցեով  կրիպտոակտիվի գրանցման պահի հետ, սակայն կրիպտոակտիվների օտարման գործընթացին հաջորդող գրանցման վերաբերյալ կարգավորումները նույնպես բացակայում են: 

10. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 143.1-ին հոդվածի 5-րդ մասում  սահմանվող՝ «, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ» արտահայտությունը առաջարկում ենք հանել, քանզի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:»: Այսինքն, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմաններին հետեւելը օրենքով նախատեսվող պարտականություն է, ուստի արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսումը հանդիսանում է օրենքի խախտում, եւ նրա հավելյալ հիշատակման անհրաժեշոտությունը բացակայում է:

11. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 172-րդ հոդվածում նոր լրացվող 6-րդ մասը առաջարկում ենք լրացնել Օրենսգրքի 173-րդ հոդվածում, քանզի Օրենսգրքի 172-րդ հոդվածով նախատեսվում են սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 172-րդ հոդվածում նոր լրացվող 6-րդ մասով նախատեսվում են կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռբերման պահի վերաբերյալ կարգավորումներ, ինչը համապաատասխանում է Օրենսգրքի 173-րդ հոդվածի վերնագրին եւ բովանդակությանը: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից առ այն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»:

12. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 589-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ մասի համաձայն՝ «Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առոչինչ է:»: 

Գտնում ենք, որ սույն արգելքի նախատեսումը միայն փոխանակության պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանզի Նախագծերի փաթեթի հիմնավորմամբ չի նշվել կարգավորման հետապնդած նպատակը, եւ կրիպտոակտիվների ներգրավմամբ այլ քաղաքացիաիրավական պայմանագրերի եւ փոխանակության պայմանագրի տարբերակիչ առանձնահատկությունները, որոնք պայմանավորել են տարբերակված մոտեցում:

13. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:»:

14. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» արտահայտությունը, քանզի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը այլեւս չի հիշատակվում:

15. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ հոդվածի,  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմանը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

17.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

17.05.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) նախատեսվում է` 

1) ՀՀ քրեական օրենսգրքում հստակեցնել կիբերհանցագործությունների շրջանակը. 

2) տարանջատել բաժանորդի, փոխանցվող եւ բովանդակային տվյալները, հստակ սահմանել դրանց շրջանակը. 

3) սահմանել նախնական դատական վերահսկողության այնպիսի տվյալների վերաբերյալ տեղեկատվության պահանջի քննչական գործողության նկատմամբ, ինչպիսիք են՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի մուտքային եւ ելքային զանգերը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության եւ համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային եւ ելքային զանգերը, համացանցին միանալու եւ համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տեւողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները, 

4) նախատեսել դատարանի որոշմամբ կատարվող տեղեկատվության պահանջ՝ քննչական գործողության միջոցով նաեւ մուտքային եւ ելքային զանգերը ստանալու հնարավորություն. 

5) բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, նախատեսել նաեւ թվային խուզարկությունը ՀՀ տարածքում գտնվող համակարգչային մեկ այլ համակարգի նկատմամբ տարածելու հնարավորություն, երբ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են պահեստավորված լինել համակարգչային այդ համակարգերում, որ այդ տվյալների նկատմամբ հասանելիություն հնարավոր է ձեռք բերել սկզնական համակարգչային համակարգից, եւ որ հապաղումը կարող է հանգեցնել վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցի տվյալների կորստի կամ ոչնչացման՝ սահմանելով նշված գործողության կատարման հիմքերն ու պայմանները համապատասխան միջնորդության մեջ հիմնավորելու պահանջ պահանջ. 

6) նախատեսել բնակարանի խուզարկության արդյունքում ստացված էլեկտրոնային սարքերի եւ կրիչների համար թվային խուզարկություն իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու եւ միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի առանձին որոշում ստանալու պահանջ, եթե դրանց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում. 

7) նախատեսել կրիպտոակտիվի բնույթին եւ ձեռբերմանն առնչվող որոշ կարգավորումներ՝ ապահովելով այդ կապակցությամբ անհրաժեշտ հետագծելիություն, ինչպես նաեւ այլ օրենքներում «կրիպտոարժույթ» բառը փոխարինել ավելի ընդգրկուն «կրիպտոակտիվ» հասկացությամբ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

02.05.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմ ներդնելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով գործնականում արձանագրված խնդիրները եւ միջազգային չափանիշները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- հստակեցնել կիբերհանցագործությունների շրջանակը,

- օրենքով ամրագրել «բաժանորդային տվյալներ», «փոխանցվող տվյալներ» եւ «բովանդակային տվյալներ» հասկացությունների սահմանումները,

- «կրիպտոարժույթ» բառը փոխարինել «կրիպտոակտիվ» հասկացությամբ,

- նախատեսել կրիպտոակտիվի բնույթին եւ ձեռբերմանն առնչվող  կարգավորումներ,

- սահմանել, որ փոխանցվող տվյալները կարող են պահանջվել բացառապես դատարանի որոշմամբ եւ այլն:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

07.05.2024թ.