ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-839-03.05.2024-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8391 -03.05.2024-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8392 -03.05.2024-ՏՀ-011/0) եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալաական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8393 -03.05.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-839-03.05.2024-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8391 -03.05.2024-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8392 -03.05.2024-ՏՀ-011/0) եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալաական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8393 -04.03.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը հանել ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է կատարել միայն փոփոխություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: 2. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի արդյունքում՝ «Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել՝ ( ) փաստաբանական ծառայություն մատուցողները»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ «Նախագծերի ընդունումը պայմանավորված է շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգի բեռերի միջեւ տարբերության կրճատման, տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչպես նաեւ ՓՄՁ համար նախատեսված երկու հարկման համակարգերն ավելի հասցեական դարձնելու նպատակադրումներից»։ Ըստ Նախագծերի փաթեթին կից հիմնավորման՝ «շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման համակարգին այլընտրանքային համակարգի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառման եւ մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորության ապահովումն է: ( ) ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես, տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ եւ շահութահարկ) եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: ( ) գրեթե բոլոր ոլորտներում (բացառություն են կազմում այն ոլորտները, որոնցում կատարվող հիմնական գործարքները ազատված են ԱԱՀ-ից) հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է»: Արդյունքում, Նախագծով փաստաբանական ծառայություն մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները հարկվելու են Օրենսգրքով սահմանված ընդհանուր հարկման համակարգի շրջանակներում: Հարկ ենք համարում նշել, որ փաստաբանական եւ նոտարական ծառայությունների հարկման վերաբերյալ կարգավորումների փոփոխությունը հիմնավորված չեն: Նախագծով սահմանվող փոփոխությունների հիմնավորվածության համատեքստում հարկ է անդրադառնալ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1176 որոշմանը, որով Սահմանադրական դատարանն անդրադարձ է կատարել օրենսդրական փոփոխությունների հիմնավորված լինելու պահանջին՝ արտահայտելով հետեւյալ դիրքորոշումը. «( ) օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում»: Սահմանադրական դատարանի՝ վերը մեջբերված որոշումից բխում է, որ օրենսդրական ցանկացած փոփոխություն պետք է լինի հիմնավորված եւ օբյեկտիվորեն անհրաժեշտ: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի այն հանգամանքը, որ փաստաբանական եւ նոտարական ծառայություն մատուցողները Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում այլեւս չեն համարվում շրջանառության հարկ վճարող, իսկ, օրինակ, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, շարունակում է դիտարկվել շրջանառության հարկով հարկման օբյեկտ: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս հարցին անդրադարձ կատարված չլինելու պարագայում, հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք այս փոփոխությունը կարող է հանդիսանալ խտրական փաստաբանական եւ նոտարական ծառայություն մատուցողների նկատմամբ, թե՝ ոչ: Սահմանադրական դատարանը խտրական մոտեցման վերաբերյալ արտահայտել է հետեւյալ դիրքորոշումները. «Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881)», «խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224)»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից հասկանալի չէ, թե արդյոք փաստաբանական եւ նոտարական ծառայություն մատուցողների եւ այլ ծառայություն մատուցողների միջեւ առկա տարբերակված մոտեցումն օբյեկտիվ է, թե՝ ոչ, համապատասխան փոփոխության հիմնավորումը, կարծում ենք, խիստ հրամայական է: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին: Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթի՝ անհետաձգելի համարվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 17.05.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 17.05.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1) վերանայել գործունեության հիմնական տեսակների (առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն, ինչն էլ, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, փաստաթղթավորման պատշաճ մակարդակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար կարող է նվազեցնել հարկային բեռը, 2) գործունեության վերոնշյալ տեսակների համար սահմանել փաստաթղթավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորության միասնական մոտեցում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված մի շարք ծախսերի, ինչպես նաեւ ներմուծված ապրանքների արժեքի, հարկերի եւ մաքսատուրքի գծով ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն, 3) ընդլայնել միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկով հարկման համակարգերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել՝ շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում՝ անշարժ գույքի առքուվաճառքի եւ (կամ) վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման եւ շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման եւ չափագրման, սաունաների, բաղնիքների եւ շոգեբաղնիքների կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների գործունեությունը, 4) սահմանել խթանող հարկային կարգավորումներ, որոնց միջոցով կապահովվի հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ հարկ վճարողների սահուն տեղափոխությունը, 5) Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում կատարել խմբագրական նշանակության որոշ փոփոխություններ եւ լրացումներ: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ չնայած առաջարկվող փոփոխությունների հիմնավորվածության բավականին բարձր մակարդակին, այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ առաջարկվող փոփոխությունների հետեւանքով գործնականում կարող է տեղի ունենալ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ծանրացում, քանի որ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ձեռք բերումն ավելի շատ կախված է ոչ թե շրջանառության հարկ վճարողների, այլ նրանց մատակարարների կամքից, իսկ մյուս կողմից՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ապահովման (որպես շահագրգռող գործոնի) ներուժը կամ «ռեսուրսը» անսպառ չէ (իսկ գործնականում արդեն իսկ հնարավոր է սպառված լինել): Հետեւաբար, չնայած այն հանգամանքին, որ շրջանառության հարկ վճարողները շահագրգիռ են իրենց կատարված ծախսերի փաստաթղթավորման հարցում, այդուհանդերձ, գործնականում շրջանառության հարկի որոշ դրույքաչափերի կտրուկ բարձրացումները կարող են հանգեցնել այս սուբյեկտների հարկային բեռի ծանրացման, իսկ արդյունքում էլ՝ նրանց արտադրանքի եւ ծառայությունների թանկացման: Այս կապակցությամբ, կարծում ենք, առաջարկվող փոփոխություններին զուգահեռ նպատակահարմար կլիներ մշակել եւ նեդնել նաեւ ծախսերի փաստաթղթավորման համակարգի անխափան գործունեության մեխանիզմներ՝ շրջանառության հարկ վճարողների կողմից ծախսերի փաստաթղթավորման խոչնդոտները հանարավորինս բացառելու նպատակով: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 10.05.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքներում, ինչը պայմանավորված է շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերության կրճատման, տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչպես նաեւ ՓՄՁ համար նախատեսված երկու հարկման համակարգերն ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտությամբ: Շրջանառության հարկի համակարգը՝ որպես հարկման հիմնական համակարգին այլընտրանքային համակարգ, տնտեսավարող սուբյեկտների համար համարվում է պարզ հարկային հաշվառման հնարավորություն: Մինչդեռ, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, շրջանառության հարկի համակարգը վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Տնտեսական գործունեության առանձին ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ եւ շահութահարկ) եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերի միջեւ կատարված համեմատությունների արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում (բացի ԱԱՀ-ից ազատված ոլորտներում) հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Ներկայացված Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է՝ - վերանայել գործունեության հիմնական տեսակների (առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը, - գործունեության վերոնշյալ տեսակների համար սահմանել փաստաթղթավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորության միասնական մոտեցում, - ընդլայնել միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկով հարկման համակարգերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը, - սահմանել խթանող հարկային կարգավորումներ, որոնց միջոցով կապահովվի հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ հարկ վճարողների սահուն տեղափոխությունը, - Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում կատարել խմբագրական որոշ փոփոխություններ եւ լրացումներ: Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայում, որի արդյունքում կարող է տեղի ունենալ նաեւ շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի ավելացում՝ եթե, իհարկե, այդ սուբյեկտները չկարողանան ամբողջությամբ ապահովել իրենց ծախսերի փաստաթղթավորվածությունը, ինչն էլ գործնականում շատ դժվար կլինի իրականացնել: Այս պարագայում հարկային բեռի ավելացումը կարող է ունենալ բացասական հետեւանքներ ինչպես շրջանառության հարկ վճարողների, այնպես էլ բնակչության լայն խավերի համար՝ կապված հարկային բեռի ավելացման հետեւանքով այդ սուբյեկտների արտադրանքի (ծառայություններ) գների հնարավոր աճի հետ: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կկրճատվի հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը, կբարձրանա հարկման տարբեր համակարգերում գործարքների փաստաթղթավորման մակարդակը եւ այլն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ գների հնարավոր աճը զսպելու նպատակով համապատասխան մեխանիզմների կիրառման առումով:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 13.05.2024թ.
|