ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-842-08.05.2024-ԱռՀ-011/0), «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8421 -08.05.2024-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8422 -08.05.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-842-08.05.2024-ԱռՀ-011/0), «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-8421-08.05.2024-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-8422-08.05.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է «վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ (այսուհետ՝ ՎՕՏ)»: Մինչդեռ՝ թե՛ Նախագծի, թե՛ Օրենքի բազմաթիվ դրույթներում կիրառվում է, ոչ թե Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 4-րդ կետում նշված «ՎՕՏ» կրճատ տարբերակը, այլ՝ «վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ» հասկացությունն ամբողջությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կա՛մ Նախագծի եւ Օրենքի համապատասխան բոլոր դրույթներում «վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ» հասկացությունները փոխարինել «ՎՕՏ» կրճատ տարբերակով, կա՛մ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 4-րդ կետում նշված «(այսուհետ՝ ՎՕՏ)» արտահայտությունը հանել եւ այդ կետում առկա «ՎՕՏ» կրճատ տարբերակը փոխարինել «վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ» հասկացությամբ:

Միաժամանակ նշենք, որ Օրենքում առկա է նույն միտքն արտահայտող «վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ» եւ «վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ» հասկացությունների կիրառություն: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք կիրառել այդ հասկացություններից միայն մեկը: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները չեն ներառում օժանդակ սերմնավորում՝ ամուսնու կամ դոնորի սերմով, մինչդեռ Օրենքի՝ «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը» վերտառությամբ 11-րդ հոդվածով սահմանվում են օժանդակ սերմնավորման վերաբերյալ կարգավորումներ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «(...) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (...)»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 11-րդ հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանվում է. «Կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումն ու ներմուծումը իրականացվում է կենսաբանական ծնողի գրավոր համաձայնության եւ բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով»: Վերոգրյալից բխում է, որ սաղմերի թե՛ արտահանման ու թե՛ ներմուծման համար անհրաժեշտ է կենսաբանական ծնողի գրավոր համաձայնություն: Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման, պահպանման, արտահանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձեւը (…) սահմանում է Կառավարությունը»: Հարկ է նկատել, որ, թեեւ Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի առաջին պարբերությամբ, բացի սաղմերի արտահանման համար տրվող կենսաբանական ծնողի գրավոր համաձայնությունից, նշում է կատարվում ներմուծման համար անհրաժեշտ գրավոր համաձայնության վերաբերյալ եւս, այնուամենայնիվ, Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասով սահմանված է Կառավարությանը լիազորող նորմ միայն սաղմերի արտահանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձեւը սահմանելու վերաբերյալ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասում «արտահանման» բառից հետո լրացնել «, ներմուծման» բառը:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի առաջին պարբերությունում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը, իսկ Նախագծի մնացած բոլոր դրույթներում՝ «Կառավարություն»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի առաջին պարբերությունում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրել, ինչի արդյունքում նշված հոդվածի 1-ին մասի հետ միասին նոր խմբագրությամբ է շարադրվում նաեւ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, որը Օրենքի գործող կարգավորումներով ուժը կորցրած է ճանաչվում: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի (...) մասի (...) գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս (...) մասերի (...) համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված (...) մասի (...) փոխարեն նույն համարով այլ (...) մաս (...) չի կարող ընդունվել»: Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետում ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված համարակալման վերաբերյալ պահանջի կատարումը:

6. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 12-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

7. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում սահմանվում են լրացուցիչ սահմանափակումներ փոխնակ մայր լինելու իրավունք ունեցող անձանց համար, մասնավորապես՝ նախկինում ոչ ավել, քան 3 անգամ ծննդաբերած եւ ոչ ավել, քան 1 անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծված լինելու վերաբերյալ: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո դրանով սահմանված կարգավորումները տարածվելու են գործող, այլ ոչ ծագող հարաբերությունների վրա՝ կարող ենք փաստել, որ Նախագծով սահմանված սահմանափակումները փոխնակ մոր համար գործելու են Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո, մինչդեռ Օրենքի կարգավորումների շրջանակներում համապատասխան սահմանափակումների բացակայության պարագայում  հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ անձինք Օրենքի գործող կարգավորումներով դարձել են փոխնակ մայր, ինչը Նախագծի ուժ մեջ մտնելուց հետո դիտարկվելու է որպես փոխնակ մայր հանդիսանալու արգելք: Այս հարցը կարող է կարգավորվել Նախագծի անցումային դրույթների միջոցով՝ սահմանելով առանձին կարգավորում վերոնշյալ անձանց վերաբերյալ, մինչդեռ Նախագծի 13-րդ հոդվածով սահմանված չէ որեւէ անցումային դրույթ առ այն, թե ինչպես է կարգավորվելու մինչեւ Նախագծի ընդունումը փոխնակ մայր դարձած այն անձանց հարցը, ովքեր նախկինում ոչ ավել, քան 3 անգամ ծննդաբերել են եւ ոչ ավել, քան 1 անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել են: 

8. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասով սահմանված է. «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման արդյունքում ծնված երեխայի ծնողի՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է ԴՆԹ-ի որոշման արդյունքում՝ կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթի համաձայն՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծնողի՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվելու նպատակով կատարվող  ԴՆԹ-ի որոշումը հայեցողական բնույթ ունի եւ կախված է կենսաբանական ծնողի կամահայտնությունից: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հասկացության սահմանման համաձայն՝ «վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ» հասկացությունն իր մեջ ներառում է նաեւ փոխնակ մայրությունը:  Ինչպես արդեն վերը նշվեց, Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի համաձայն, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծնողի՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվելու նպատակով կատարվող ԴՆԹ-ի որոշումը հայեցողական բնույթ ունի եւ կախված է կենսաբանական ծնողի կամահայտնությունից, մինչդեռ՝ Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված է. «Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ (...) փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը»: Այսպես՝ Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասից բխում է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով, մասնավորապես՝ փոխնակ մորից ծնված երեխայի դեպքում ԴՆԹ-ի որոշումը պարտադիր է երեխային համապատասխան պայմանագիր կնքած անձանց հանձնելու համար: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ Նախագծով կատարվող լրացման արդյունքում Օրենքում այլեւս առկա են իրար հակասող տարբեր մոտեցումներ ԴՆԹ-ի որոշման հետ կապված: Մասնավորապես՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման արդյունքում ծնված երեխայի ծնողի` կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է վերջինիս ցանկությամբ, իսկ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ հանդիսացող փոխնակ մայրության դեպքում` կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է առանց հաշվի առնելու վերջինիս ցանկությունը: Առաջարկում ենք կա՛մ վերացնել Նախագծի եւ Օրենքի վերոնշյալ կարգավորումների միջեւ առկա հակասությունները, կա՛մ սահմանել համապատասխան բացառություն: 

Այս համատեքստում հարկ է նշել նաեւ, որ վերոնշյալ հակասությունն առկա է Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի եւ Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասում լրացվող նոր՝ 3-րդ մասի միջեւ եւս:

9. Նախագծի 13-րդ հոդվածի երկու պարբերություններն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.4-րդ հոդվածում լրացնել նոր՝ 5-րդ մաս, որով սահմանվում է, որ կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման եւ ներմուծման կարգի եւ պայմանների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության: Հարկ է նկատել, որ այս դրույթը լրացվում է «Բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների եւ հյուսվածքների կամ սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորության, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող առեւտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը» վերտառությամբ հոդվածում: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է. «(...) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (...)»` առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 47.4-րդ հոդվածի վերնագիրն ու այդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.05.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.05.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

-  սահմանել, որ 16 տարին լրացած անձը տալիս է իր համաձայնությունը կամ կարող է հրաժարվել բժշկական միջամտությունից, ինչը նախատեսված է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքով,

- սահմանել, որ մինչեւ 12 շաբաթական ժամկետը դեղորայքային եղանակով հղիության ընդհատումը կարող է կատարվել նաեւ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում,

- կանոնակարգել փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվել է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ), ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ: Վերանայվել է փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը, սահմանվել են լրացուցիչ պահանջներ՝ փոխնակ մայր հանդիսացող կնոջ առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով, ինչպես նաեւ նախատեսվել է վերարտադրողականության դոնորության եւ փոխնակ մոր հետ առնչվող գովազդի արգելում, եթե այն չի իրականացվում գինեկոլոգիական եւ վերարտադրողական ծառայությունների լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից,

- բարձրացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը, դարձնելով այն 55 տարեկան, ինչպես նաեւ սահմանել ավելի բարձր տարիքային շեմ՝ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ծնողների համար,

- սահմանել պարտադիր պահանջ՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության կողմից բուժման արդյունքում, հղիությունը արձանագրելուց անմիջապես հետո պացիենտին՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ գրավոր տեղեկատվություն տրամադրելու մասին:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.05.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաեւ լրացումներ կատարել «Գովազդի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • վերանայել  Օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները,
  • վերանայել փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը,
  • սահմանել պարտադիր պահանջ՝ բուժման արդյունքում հղիությունը արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության կողմից կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ գրավոր տեղեկատվություն տրամադրելու մասին,
  • նախատեսել վարչական պատասխանատվություն՝ կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման եւ ներմուծման կարգի եւ պայմանների խախտման համար,
  • արգելել սեռաբջիջների եւ ձվաբջիջների դոնորությանը, ինչպես նաեւ փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող ցանկացած գովազդը, եթե այն չի իրականացնում գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը եւ այլն:

2. Նախագծերի փաթեթում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 16-րդ կետով տրվում է «վերարտադրողականության բնագավառի տվյալների բազա» հասկացութան սահմանումը: Առաջարկվող սահմանման համաձայն՝ վերարտադրողականության բնագավառի տվյալների բազան պարունակում է տեղեկատվություն որպես դոնոր եւ փոխնակ մայր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկված դոնոր լինելու եւ փոխնակ մայր լինելու հակացուցումներ չունեցող անձանց վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «դոնորի եւ փոխնակ մոր տվյալների բազայում`» բառերը փոխարինել «վերարտադրողականության բնագավառի տվյալների բազայում՝» բառերով:

2.2. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «1. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-38 տարեկան այն կանայք, ովքեր ունեն առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավել, քան 3 անգամ ծննդաբերել են, ոչ ավել, քան 1 անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել են, սահմանված կարգով ենթարկվել են բժշկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել բժշկական հակացուցումներ:»: Նման ձեւակերպումից հետեւում է, որ փոխնակ մայր լինելու համար կինը պետք է բավարարի հետեւյալ պահանջները, այն է՝ պետք է ունենա առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավել, քան 3 անգամ ծննդաբերել է, ոչ ավել, քան 1 անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել է, բժշկական հետազոտության արդյունքում չեն հայտնաբերվել բժշկական հակացուցումներ: Այսինքն, թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ առաջարկվող փոփոխության վերաբերյալ նշվում է, որ փոխնակ մայր հանդիսացող կնոջ առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով նախատեսվում է սահմանել լրացուցիչ պահանջներ:

Հարկ ենք համարում նշել, որ, ըստ Հիմնավորման, Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները, կանխարգելել անպտուղ միայնակ անձանց սոցիալական մեկուսացումը եւ բարելավել ժողովրդագրական իրավիճակը: Մինչդեռ, առաջարկվող փոփոխությամբ միաժամանակյա պարտադիր այնպիսի պահանջներ է սահմանվում, որի պարագայում, մեր կարծիքով, հնարավոր չի լինի գտնել փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձի, ով կարող է բավարարել Նախագծով փոխնակ մորը ներկայացվող բոլոր պահանջները: Կարեւորելով փոխնակ մայր հանդիսացող կնոջ առողջության պահպանումը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացուցիչ քննարկման կարիք ունի:

3. Նախագծերի փաթեթում ներառված «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, մեր կարծիքով, լրացուցիչ քննարկման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումներից ելնելով:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

24.05.2024թ.