ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-845-22.05.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-845-22.05.2024-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:

Միաժամանակ Նախագծից առաջարկում ենք հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը ստորագրում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

03.06.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

03.06.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսունետ՝ Համաձայնագիր), որով սահմանվում են կողմերի միջեւ համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների եւ ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման եւ արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան: 

Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարեւորագույն  ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների եւ դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաեւ կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:

Համաձայնագիրը, մասնավորապես՝ վերջինիս 3-րդ (համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների մասով), 5-րդ հոդվածները (համագործակցության միջոցների մասով) եւ 9-րդ հոդվածի 3-րդ կետը (Համատեղ հանձնաժողովի նիստերի կազմակերպման մասով) կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

29.05.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ք. Աթենքում՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, վերջինիս՝ Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Համաձայնագրի նպատակներն են՝ կողմերի պաշտպանական կարողություններն ուժեղացնելու համար առկա ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելով՝ սովորական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընթացակարգի հաստատումը եւ այդ նպատակով եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտի հնարավորություններն ընդլայնելու համար նոր տեխնոլոգիաների եւ ռազմական նշանակության ապրանքների հետազոտության, զարգացման եւ արտադրության ոլորտներում համագործակցության խթանումը:

Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով՝ Համաձայնագիրն իրականացնելու եւ համագործակցությունը դյուրացնելու նպատակով: Այն պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:

Համաձայնագիրը կազմված է նախաբանից եւ տասնմեկ հոդվածից:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

  • իրականացնել փորձի եւ տեղեկատվության փոխանակում ռազմական նշանակության ապրանքների մշակման, արտադրության եւ փորձարկման վերաբերյալ (Հոդված 5, կետ 1),
  • իրականացնել Հայաստանի Հանրապետությունում եւ Հունաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքների հետազոտություն եւ մշակում, ինչպես նաեւ աշխատանքների ընդլայնում եւ փորձարկում (Հոդված 5, կետ 2),
  • մատուցել երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների նորոգման ու շահագործման հետ կապված ծառայություններ (Հոդված 5, կետ 2),
  • իրականացնել ռազմարդյունաբերական ոլորտի մասնագետների վերապատրաստում՝ ըստ կողմերի իրավունքների եւ կարողությունների, եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

03.06.2024թ.