ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-846-23.05.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-846-23.05.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում լրացնել նոր հասկացություն, այն է. «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող՝ որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ»: Այսպես՝ վերը մեջբերված հասկացության սահմանումը չափազանց լայն է, մասնավորապես՝ դրանից բխում է, որ քաղաքացիաիրավական պայմանագրով ցանկացած ծառայություններ մատուցող կամ ցանկացած աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն իրականացնող անձը համարվում է անկախ ստեղծագործող: Այս համատեքստում հարկ է նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) սահմանված «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» հասկացությունն ավելի որոշակի է. «( ) որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, ով ( ) ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը»: Առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ հասկացության սահմանումը՝ նշելով, որ նրանց կողմից մատուցվող ծառայությունները, կատարվող աշխատանքները կամ իրականացվող գործունեությունը պետք է լինի մշակութային գործունեություն: Միաժամանակ նշենք, որ, թեեւ Նախագծով Օրենքում լրացվում է «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» հասկացությունը, այնուամենայնիվ, չի սահմանվում որեւէ կարգավորում նշված անձանց վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում Օրենքում ընդամենը «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» հասկացության սահմանումը: Վերոգրյալի կապակցությամբ նշենք նաեւ, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» հասկացության մեջ առկա «/» նշանը հայերենի կետադրական նշանների շարքում առկա չէ, հետեւաբար անհրաժեշտ է խմբագրել այդ հասկացությունն առանց այդ նշանի կիրառման: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածում առկա «/» նշանին: 2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել նոր հասկացություն, այն է. «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ստեղծագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ»: Այսպես՝ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը սահմանելիս նշվում է, որ դա ստեղծագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են «մշակութային գործունեություն» եւ «ստեղծագործական գործունեություն» հասկացությունները. «մշակութային գործունեություն` մշակութային արժեքների եւ առարկաների (օբյեկտների) պահպանում, ստեղծում, տարածում եւ մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում եւ իրացում ( ) ստեղծագործական գործունեություն` մշակութային արժեքների ստեղծում եւ մեկնաբանում»: Վերը մեջբերվածից բխում է, որ «մշակութային գործունեություն» հասկացությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան «ստեղծագործական գործունեությունը», եւ վերջինս ներառվում է «մշակութային գործունեություն» հասկացության մեջ: Միաժամանակ նշենք, որ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է նաեւ «ստեղծագործական աշխատող» հասկացությունը, այն է՝ «մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթներից բխում է, որ մշակութային արժեքներ ստեղծելը կամ մեկնաբանելը համարվում է ստեղծագործական աշխատանք, հետեւաբար Օրենքում արդեն իսկ գոյություն ունի հասկացություն, որը վերաբերում է ստեղծագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց, մինչդեռ առկա չէ մշակութային գործունեություն իրականացնող անձանց վերաբերող հասկացություն: Այսպիսով՝ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունն իր մեջ ներառում է ստեղծագործական գործունեություն իրականացնող անձանց, մինչդեռ մշակութային գործունեություն իրականացնող անձինք այդ հասկացության մեջ ներառված չէ: Միաժամանակ նշենք, որ Նախագծով տրվող սահմանումից հստակ չէ, թե Նախագծով սահմանվող մշակութային գործունեությամբ զբաղվող անձը ինչով է տարբերվում ստեղծագործական աշխատողից: 3. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր մասերով սահմանվում են Կառավարությանը լիազորող նորմեր նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ: Հատկանշական է, որ Նախագծով սահմանված չէ Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետ, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջին: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանված է Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը ընդունվում են Օրենքի ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո: Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում Օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այն է՝ 2002 թվականի դեկտեմբերի 25-ին հաջորդող 10-րդ օրը: Հետեւաբար՝ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը՝ Օրենքի ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո, սպառված է համարվում 2003 թվականի սեպտեմբերի 25-ին: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք նշել, որ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածով սահմանվում են ոչ թե Նախագծի, այլ Օրենքի համար անցումային դրույթներ եւ եզրափակիչ մաս, հետեւաբար նշված դրույթով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար սահմանված ժամկետը վերաբերում է ոչ թե Նախագծին, այլ Օրենքին, ինչի արդյունքում Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար ժամկետ սահմանված չէ: 4. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասով սահմանված է, որ Կառավարությունը. «հաստատում է մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական անձնակազմի ատեստավորման եւ ելույթավճարների տրամադրման, ինչպես նաեւ սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերը»: Վերը մեջբերված դրույթի բովանդակությունից հստակ չէ, թե արդյոք այդ ուղենշային կարգերով սահմանված դրույթները պարտադիր են մշակութային կազմակերպությունների եւ նրանց աշխատակիցների համար, թե՝ ոչ: Եթե այո, ապա որքանով է քննարկվող կարգավորումը համահունչ Օրենքի 3-րդ հոդվածով՝ որպես պետական մշակութային քաղաքականության սկզբունք ամրագրված մշակութային եւ ստեղծագործական գործունեության ազատության եւ մշակութային կազմակերպությունների ինքնուրույնության երաշխիքների հետ: Բացի այդ՝ նշենք, որ քննարկվող նորմում կիրառվում է «ստեղծագործական անձնակազմ» հասկացությունը, որն Օրենքով եւ Նախագծով սահմանված չէ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», հետեւաբար առաջարկում ենք կա՛մ կիրառել Օրենքով արդեն իսկ սահմանված հասկացություն (ինչպես օրինակ՝ «ստեղծագործական աշխտաող» հասկացությունը), կա՛մ սահմանել «ստեղծագործական անձնակազմ» հասկացությունը: 5. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ. «Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը»: Այսպես վերը մեջբերված դրույթով նշված է, որ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները պարտավոր են անցնել պարբերական ատետսավորում: Մինչդեռ ո՛չ Օրենքով, ո՛չ Նախագծով սահմանված չեն հստակ կարգավորումներ ատեստավորման վերաբերյալ, մասնավորապես՝ նշված չէ, թե այն ում կողմից է իրականացվելու, ինչ պարբերականությամբ, ինչ թեմայով, ինչ նորմատիվ իրավական ակտով է կարգավորվում ատեստավորման հարցը, ինչ հետեւանքներ է այն ունենալու: 6. Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի՝ «Մշակույթի եւ մշակութային գործունեության ֆինանսավորումը, մշակութային ոչ առեւտրային կազմակերպության գործունեության տեսակները եւ կարգավիճակը» վերտառությամբ 7-րդ գլխում լրացնել նոր՝ 26.2-րդ հոդված՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի գործառույթները» վերտառությամբ: Նշենք, որ Օրենքի «Մշակույթի եւ մշակութային գործունեության ֆինանսավորումը» վերտառությամբ 25-րդ հոդվածով՝ որպես ֆինանսավորման աղբյուր նշված չեն Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.2-րդ հոդվածով սահմանված մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից ներգրավված լրացուցիչ ֆինանսական միջոցները: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող 26.2-րդ հոդվածն իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենքի 7-րդ գլխի վերնագրին, հետեւաբար առաջարկում ենք շտկել վերոգրյալ խնդիրը: Նշված առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջից: 7. Նախագծի մի շարք դրույթներով նախատեսվում է «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին վերաբերող դրույթներում «Ազգային» բառը փոխարինել «Պետական» բառով: Հիմնավորմամբ՝ որպես այս փոփոխության պատճառ նշվում է. « Միեւնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել «Պետություն», «Պետական» եւ «Պետականություն» բառերի ավելի արժեւորման նպատակով կանոնակարգելու «Պետական» բառի օգտագործումը: Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կազմակերպությունները, որոնք կրում են «Պետական» անվանումը ներկայում ունեն եւ՛ համապետական, եւ՛ մարզային, եւ՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «Պետական անվանումը» պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին: Հետեւաբար, պետք է կիրառվի տարբերակված մոտեցում: Առաջարկվում է «Պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն եւ գործառույթներ իրականացնող կազմակերպություններին եւ, համապատասխանաբար, «Համայնքային» անվանումը շնորհել համայնքային գործունություն ծավալող եւ նշանակություն ունեցող կազմակերպություններին:» Նշենք, որ վերոգրյալից հասկանալի չէ, թե քննարկվող փոփոխության հետ ինչ կապ ունի կազմակերպությունների անվան մեջ «Պետական» բառի առկայությունը, ինչպես նաեւ «պետական», «մարզային» եւ «համայնքային» բառերի կիրառմամբ տարբերակված մոտեցումը, եթե նման մոտեցում մշակութային կազմակերպությունների հարցում Օրեքնով չի նախատեսվում ներդնել: Հիմնավորմամբ նաեւ նշված է. «Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին:»: Նշենք, որ վերոնշյալից հասկանալի չէ, թե ինչն է հիմք հանդիսացել այն պնդման համար, թե «ազգային» բառը չի արտացոլում եզակիություն, կարեւորություն, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորում: Միաժամանակ նշենք՝ որ, «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին վերաբերող դրույթներում «Ազգային» բառը «Պետական» բառով փոխարինելու հետ կապված Նախագծով սահմանված չէ որեւէ անցումային դրույթ ներկայումս «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների կարգավիճակի փոփոխության գործընթացի եւ ժամկետների վերաբերյալ: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 3-րդ մասով նշված կարգավորումը չի վերաբերում «Ազգային» բառը «Պետական» բառով փոխարինելու հետ կապված կարգավորումներին, քանի որ այն չի հանդիսանում Նախագծի անցումային դրույթ: Այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք ստորեւ: 8. Նախագծի 11-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 31-րդ հոդվածը, որով սահմանված է. «Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` 2005-2008 թվականների եռամյա պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ 2004 թվականի պետական տարեկան ծրագիրը` մինչեւ 2003 թվականի հոկտեմբերի 1-ը»: Օրենքի՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ Օրենքի 31-րդ հոդվածը իրենից ներկայացնում է Օրենքի անցումային դրույթ, որն անհրաժեշտ էր Օրենքի ընդունման պահին (2002 թվականին) եւ իրեն սպառել է 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, հետեւաբար հասկանալի չէ, թե որն է այս դրույթն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը: 9. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 32-րդ հոդվածը շարարդել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 32. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: 2. Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո: 3. Մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները ավարտվում են մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»: Նախ՝ նշենք, որ անհրաժեշտ է խմբագրել Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի վերնագիրը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի դրույթների համաձայն Օրենքը կարող է ունենալ անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս: Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 1-ին մասում նշված Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին, այն է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվան: Այդ կապակցությամբ նշենք, որ Օրենքի պաշտոնական հրապարակման օր է համարվում 2002 թվականի դեկտեմբերի 25-ը, եւ, Օրենքի գործող 32-րդ հոդվածի համաձայն, Օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Հետեւաբար Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը իմաստազուրկ է դառնում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ եւ՛ Նախագծով սահմանվող նոր ժամկետը, եւ՛ Օրենքի 32-րդ հոդվածով սահմանված ժամկետն իրենց վաղուց սպառել են: Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետին, ինչին սույն եզրակացության 3-րդ կետով ավելի մանրամասն արդեն անդրադարձել ենք: Վերոգրյալից, ինչպես նաեւ Հիմանվորումից բխում է, որ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածով սահմանված կարգավորումները հանդիսանում են ոչ թե Օրենքի, այլ Նախագծի եզրափակիչ մաս ու անցումային դրույթներ: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ 32-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու փոխարեն Նախագծի 12-րդ հոդվածով սահմանել Նախագծի եզրափակիչ մասն ու անցումային դրույթները: Միաժամանակ՝ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները ավարտվում են մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»: Նշենք, որ այս դրույթի՝ ոչ թե Նախագծի, այլ Օրենքի անցումային դրույթ հանդիսանալու պարագայում դրանում նշված անվանման համապատասխանեցումը վերաբերում է բոլոր մշակութային հաստատություններին, եւ քննարկվող նորմի բովանդակությունից հստակ չէ, թե մշակութային հաստատությունների անվանումների ինչ համապատասխանեցման մասին է խոսքը, ինչի հիման վրա է դա կատարվում, առաջարկում ենք հստակեցնել այս դրույթը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, դրանց համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 10.06.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 10.06.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդունել այնպիսի կարգավորումներ, որոնց անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ եւ համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 եւ 41-րդ կետերին: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաեւ ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման եւ ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությամբ: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տալ «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» հասկացության սահմանումը, ըստ որի՝ ինքնազբաղ/անկախ ստեղծագործողը «որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ» է: Այս կապակցությամբ առաջարկում ենք՝ 1) հստակեցնել տվյալ դրույթը, այն է՝ «չանդամակցող» բառից հետո ավելացնել «, ստեղծագործական գործունեությամբ զբաղվող կամ այլ կազմակերպության վարձու աշխատող չհանդիսացող» բառերը, քանի որ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող անձինք հիմնականում վարձու աշխատակիցներ են հանդիսանում եւ պարտադիր չէ, որ ընդգրկված լինեն որեւէ ստեղծագործական միության կազմում, 2) հստակեցնել «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» հանդիսացող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձանց հարկ վճարող համարվելու հետ կապված հարաբերությունները, քանի որ ըստ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ հարկ վճարող է հանդիսանում այն կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերը, նոտարը), որը. «...Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն.»: Այս առումով ՀՀ հարկային օրենսգիրքը ինքնազբաղ/անկախ ստեղծագործողներին միայն անուղղակի ձեւով կարող է ճանաչել որպես հարկ վճարող, ինչն էլ բազմաթիվ տարընթերցումների տեղիք կարող է տալ: Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում հստակ ամրագրել, թե հարկման ո՞ր համակարգով պետք է հարկվեն ինքնազբաղ/անկախ ստեղծագործողները, ի՞նչ հարկեր եւ պարտադիր վճարներ պետք է նրանք վճարեն, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ կարգով եւ հարկային ո՞ր մարմնում պետք է նրանք հաշվառվեն որպես հարկ վճարողներ, ինչպես նաեւ անհրաժեշտ է հստակեցնել այս կատեգորիայի հարկ վճարողների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները: Վերը նշվածի կապակցությամբ, մեր կարծիքով, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան (առաջարկվող կարգավորումներից բխող) լրացումներ եւ փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում եւ կենսթոշակային (այդ թվում՝ պարտադիր կուտակային) համակարգի հարաբերությունները կանոնակարգող օրենքներում:
Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ հարակից օրենքներում համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 30.05.2024թ.
Նախագծով առաջարկվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություններ: Նախագծով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են օրենսդրական դաշտի նույնականացման, Հայաստանի Հանրապետությունում գործող պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է. - օրենքով սահմանել «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունների սահմանումները, - մշակութային առանձին կազմակերպություններին՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային, որոնք համապետական եւ համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, շնորհել «Պետական» կարգավիճակ, - Կառավարությանը լիազորել հաստատելու մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների եւ մրցանակաբաշխությունների մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը եւ չափերը, ինչպես նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական անձնակազմի ատեստավորման եւ ելույթավճարների տրամադրման, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերը եւ այլն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 03.06.2024թ.
|