ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-862-11.06.2024-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-862.1-11.06.2024-ՏՀ-011/0), «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-862.2-11.06.2024-ՏՀ-011/0),  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-862.3-11.06.2024-ՏՀ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-862.4-11.06.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-862-11.06.2024-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-862.1-11.06.2024-ՏՀ-011/0), «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-862.2-11.06.2024-ՏՀ-011/0),  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-862.3-11.06.2024-ՏՀ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-862.4-11.06.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» շաղկապը եւ բառը, քանզի Նախագծով նախատեսվում են «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) ոչ միայն լրացումներ, այլ նաեւ փոփոխություն՝ ի դեմ Նախագծի 1-ին հոդվածի:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական, մարկշեյդերական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում բոլոր գեոդեզիական, քարտեզագրական, մարկշեյդերական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման աշխատանքներն իրականացվում են սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:»: Ցանկանում ենք նշել, որ «հողաշինարարական գործունեություն»  «չափագրական գործունեություն», «հաշվառման գործունեություն» հասկացությունները ո՛չ Նախագծով, ո՛չ Օրենքով բացահայտված չեն: Ավելին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 16-րդ հոդվածում օգտագործվել է «չափագրում (հաշվառում)» ձեւակերպումը՝ փաստացիորեն նույնականացնելով այս հասկացությունների իմաստային նշանակությունը: Նախագծով մոտեցումը փոխվել է, քանզի գործունեության այս տեսակները առանձնացվել են ստորակետով՝ համարվելով գործունեության առանձին ոլորտներ, եւ նորմատիվ իրավական ակտում պետք է արտահայտվի այդ գործունեությունների ոլորտային տարբերությունները: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: 

Գտնում ենք, որ «հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման գործունեություն» հասկացությունները, ինչպես Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվող գործունեության մյուս ոլորտների սահմանումները, պետք է  նախատեսվեն Նախագծով:

Ի լրումն կատարված դիտարկման, առաջարկում ենք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում, 45-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսել «չափագրում (հաշվառում)» ձեւակերպման փոխարինում «չափագրում, հաշվառում» ձեւակերպմամբ՝ պահպանելով «չափագրում» եւ «հաշվառում» գործունեությունների միմյանցից անջատ դիտարկելու մոտեցումը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 15-րդ կետում օգտագործվում է «Կադաստրի կոմիտեի» բառակապակցությունը:

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ Կոմիտե)»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 15-րդ կետում առաջին անգամ է կիրառություն ստանալու «Կադաստրի կոմիտե» արտահայտությունը, հետեւաբար անհրաժեշտ է հենց Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 15-րդ կետում սահմանել նրա կրճատ տարբերակը «(այսուհետ՝ Կոմիտե)» տեսքով՝ միաժամանակ նախատեսելով փոփոխություն Օրենքի 7-րդ հոդվածում եւ «Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ Կոմիտե)» արտահայտությունը փոխարինել «Կոմիտեն է» ձեւակերպմամբ:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածում նոր լրացվող 16-րդ կետում առաջարկում ենք «Քաղաքաշինության մասին» օրենքին հղում կատարելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:», եւ հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են նոր՝ 15-17-րդ կետեր, որոնցով սահմանվում են նոր հասկացություններ.

«15) որակավորում ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվող, Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած անձ.

16) գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել ցանկացած տեսակի գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման աշխատանքներ, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցման ենթատեսակ հանդիսացող ինժեներական գեոդեզիայի աշխատանքներ.

17) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական եւ հաշվառման գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման, ինչպես նաեւ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով՝ գեոդեզիական աշխատանքներ»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) որպես վերոնշյալ լրացման պատճառ նշված է.

«(…) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համատեքստում որակավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը տրամադրվում է մեկ միասնական՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականով, այնինչ գործնականում տարբեր մասնագիտական հմտություններ են պահանջվում գեոդեզիայի ոլորտում կամ քարտեզագրության, չափագրման, հաշվառման, հողաշինարարության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Ներկայումս գործող կարգավորումների ներքո իրականացվող որակավորման ընթացակարգերով հնարավոր չի լինում որպես նշանակետ ընդունել անձանց նեղ մասնագիտական հմտությունները (…)»: Վերը մեջբերվածից բխում է, որ քննարկվող նորմով կատարվող լրացումները նպատակ են հետապնդում հստակ տարանջատել նեղ մասնագիտական հմտությունների տիրապետող անձանց: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նախ՝ «գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ» հասկացությունը չի արտացոլում Հիմնավորմամբ նշված նեղ մասնագիտական հմտությունները որպես նշանակետ ընդունելու նպատակը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ հասկացության սահմանման մեջ թվարկված են Օրենքի կարգավորման առարկա հանդիսացող բոլոր գործունեության տեսակները: Բացի այդ՝ նշենք, որ «գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ» եւ «քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական եւ հաշվառման գործունեություն իրականացնող անձ» հասկացությունների համադրությունից ակնհայտ է, որ «գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ» հասկացությունը շատ ավելի լայն է եւ իր մեջ կլանում է նաեւ «քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական եւ հաշվառման գործունեություն իրականացնող անձ» հասկացությունը: Հետեւաբար հստակ չէ, թե ինչպես են իրարից տարանջատվելու քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական եւ հաշվառման գործունեություն իրականացնող անձանց կողմից կատարվող քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման գեոդեզիական աշխատանքները գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձանց կողմից կատարվող քարտեզագրական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման աշխատանքներից: Միաժամանակ նշենք նաեւ, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 17-րդ կետում նշված է «գեոդեզիական աշխատանք» հասկացությունը, մինչդեռ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նման հասկացություն սահմանված չէ: Այնուամենայնիվ, նշենք, որ «գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներ» հասկացությունը սահմանված է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով: 

Առաջարկում ենք հիմք ընդունել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», եւ սահմանել «գեոդեզիական աշխատանք» հասկացությունը, ինչպես նաեւ լրամշակել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 16-17-րդ կետերով նախատեսվող հասկացությունները:

6. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածում եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը առ այն՝ «(…) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով (…) »:

7. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 10-12-րդ մասերում, 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերում, 3-րդ մասում եւ 6-9 մասերում, 16.3-րդ հոդվածի 4-րդ մասում, 5-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», քանզի օգտագործվել է «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումը՝ թեեւ Օրենքում օգտագործվում է «Կառավարություն» ձեւակերպումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահպանման պահանջը վերաբերում է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածի 6-րդ մասին, որում օգտագործվել է «մասնագիտական որակավորում» արտահայտությունը մինչդեռ նույն միտքը Նախագծում  արտահայտվել է «որակավորում» ձեւակերպման միջոցով:

8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ « (…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: (…)»: Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածում, որը, կրելով «Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացումը» վերանագիրը, 6-12-րդ մասերում պարունակում է կարգավորումներ Կոմիտեի կողմից որակավորման անցկացման կարգի եւ վկայականի տրամադրման վերաբերյալ, ինչը վերագրում չի արտահայտվում եւ առկա է անհամապատասխանություն:

9. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացնելու կարգը, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների եւ առաջադրանքների կազմման կարգը, որակավորման վկայականի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որակավորման անցկացման կարգով սահմանվում են որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը, ժամկետները, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների եւ առաջադրանքնենրի քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:»: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են՝

o  որակավորման անցկացման կարգը եւ պայմանները,

o  որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

o  դրանց ներկայացման կարգը

o  որակավորման վկայականի ձեւը:

Միեւնույն ժամանակ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությամբ նշվում է, որ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված որակավորման անցկացման կարգով են սահմանվում, ի թիվս այլնի, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը: 

Արձանագրելով, որ առկա է մտքի կրկնման խնդիր՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածի 7-րդ մասը լրամշակել:

10. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի համարից առաջ առաջարկում ենք լրացնել «Հոդված» բառը՝ հետեւելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»:

11. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահպանման պահանջը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասին, որի  համաձայն՝ «Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականների (այսուհետ` վկայական) գործողության կասեցման հիմքերն են`(…)»: Գտնում ենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասում այս պահանջը չի պահպանվել, քանի որ «որակավորման վկայականներ» հասկացությունը արդեն իսկ օգտագործվել է Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.1-ին հոդվածում, ուստի արտահայտության կրճատ տարբերակը պետք է նախատեսված լիներ հենց այդ հոդվածում, իսկ մյուս հոդվածներում կիրառվեր կրճատ տարբերակով: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.3-րդ հոդվածում օգտագործվող «(այսուհետ՝ ինքնակարգավորովող կազմակերպություն)» կրճատ տաբերակի կիրառմանը, քանզի այն պետք է սահմանվեր Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում:

12. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերի համաձայն՝ «7) որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում ոչ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ կատարելը, որը հանգեցնում է անշարժ գույքի հարկի շեղման: Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն իր նախաձեռնությամբ կամ այլ անձի, ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը.

8) որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում երկու կամ ավելի տեխնիկական բնույթի սխալներ կատարելը, եթե սխալ պարունակող փաստաթղթի հիմքով կատարվել է պետական գրանցում: Սույն կետի իմաստով տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու, ինչպես նաեւ այլ նպատակով կազմված հատակագծերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատակագծերի ձեւերի, հատակագծերին ներկայացվող պահանջների եւ հատակագծերի ներկայացման կարգի խախտման պարագայում Կոմիտեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված բողոքի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը »: 

Ցանկանում ենք նշել, որ հիշատակված «տեխնիկական բնույթի սխալ» եւ «ոչ տեխնիկական բնույթի սխալ» հասկացությունները ունեն իրավական որոշակիության խնդիր: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշման մեջ հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ « (…) Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: Մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերում հիշատակվող հասկացությունները անհրաժեշտ չափով հստակ եւ որոշակի չեն, հանդիսանում են գնահատողական կատեգորիայի մակարդակի եւ յուրաքանչյուր անգամ իրավակիրառ մարմնի կողմից տարաբնույթ մեկնաբանությունների կարող են ենթարկվել՝ հանգեցնելով Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերի կիրառման եւ վկայականի գործողության կասեցման: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերը վերանայել եւ որոշակիացնել նրանցում օգտագործվող «տեխնիկական բնույթի սխալ» եւ «ոչ տեխնիկական բնույթի սխալ» հասկացությունները: 

13. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ «Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականների (այսուհետ` վկայական) գործողության կասեցման հիմքերն են` (…) 10) Սույն մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերի հիմքով վկայականի կասեցումը վկայականի դադարեցման համար հիմք չի հանդիսանում:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով թվարկվում են «Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականների գործողության կասեցման հիմքերը՝ շարունակելով նախադասության միտքը: Մինչդեռ 10-րդ կետը իմաստային առումով չի շարունակում Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը, ուստի առաջարկում ենք այն նախատեսել առանձին մասում:

14. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Վկայականի գործողության կասեցումը, կասեցման հիմքերի վերացումը եւ վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Կոմիտեի ղեկավարի հրամանով, որը ենթակա է անհապաղ կատարման եւ հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը: Վկայականի գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման եւ վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են վկայականի գործողության կասեցման այն առանձին դեպքերը՝ ի դեմս Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերի, որոնց դեպքում կասեցումը իրականացվում է որակավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա: Գտնում ենք, որ սույն կարգավորման առկայության պարագայում հակասական է Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 9-րդ մասի կարգավորումը առ այն, որ ցանկացած հիմքով կասեցում եւս իրականացվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ:

Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.2-րդ հոդվածի 2-րդ եւ 9-րդ մասերը համապատասխանեցնել միմյանց:

15. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 16.3-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, բացառությամբ գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության եւ որակավորում պահանջող այլ տեսակի գործունեության»: Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք չունի զբաղվելու գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության եւ որակավորում պահանջող այլ տեսակի գործունեությամբ: Օրենքի իմաստով որակավորում պահանջող բոլոր գործունեության տեսակները սպառիչ թվարկված են Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող «որակավորում ունեցող անձ» հասկացության սահմանման մեջ: Դրանք են՝ գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությունը: Վերոգրյալից բխում է, որ Օրենքի իմաստով «որակավորում ունեցող անձ» հասկացության սահմանման մեջ նշված գործունեության տեսակներից բացի առկա չէ որակավորում պահանջող այլ գործունեության տեսակ: Հետեւաբար հասկանալի չէ, թե Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 16.3-րդ հոդվածի 8-րդ մասում որակավորում պահանջող այլ ինչ տեսակի գործունեության մասին է խոսքը, եթե այդ դրույթում սպառիչ թվարկված են «որակավորում ունեցող անձ» հասկացության սահմանման մեջ նշված բոլոր որակավորում պահանջող գործունեության տեսակները: Առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ դրույթը՝ հիմք ընդունելով վերոգրյալը:

16. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 16.4-րդ հոդվածում որպես ինքնակարգավորվող կազմակերպության մարմիններ, ի թիվս այլնի, հիշատակվում են «վերահսկիչ ծառայութունը» եւ «կարգապահական հանձնաժողովը»: Ցանկանում ենք նշել, որ այս մարմինների ձեւավորման կամ իրավասությունների եւ այլ հարցերի վերաբերյալ կարգավորումներ Նախագծում չեն սահմանվել: Առաջարկում ենք հստակեցնել այս մարմինների վերաբերյալ կարգավորումները կամ համապատասխան գործառույթը Նախագծով վերապահել ինքնակարգավորող կազմակերպության կանոնադրությանը:

17. Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք Կառավարության կողմից ընդունման ենթակա ակտերը մատնանշելիս «իրավական ակտ» արտահայտության փոխարեն օգտագործել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ» արտահայտությունը՝ ուղորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված սահմանմամբ:

18. Նախագծի 5-րդ հոդվածի երկրորդ 7-րդ մասում նշված «քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության  որակավորման վկայական ունեցող այն անձինք, որոնք գեոդեզիայի, հողաշինարարության, քարտեզագրության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում ունեն մագիստրոսի կրթական աստիճան» արտահայտության մեջ հասկանալի չէ, թե որ ոլորտներն են համարվում կադաստրի ոլորտ, առաջարկում ենք հստակեցնել այս դրույթը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի մասերի համարակալումը շտկել:

19. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում:  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը ուժի մեջ է մտել 2023 թվականի դեկտեմբերի 17-ին: «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ձեւերի, լիցենզավորման եւ որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը:»: Այսինքն վերջինս նախատեսել է կարգավորումներ, որոնք իրացվել են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 17-ը եւ չեն կարող փոփոխության ենթարկվել, քանզի արդեն իրավական առումով այդ նորմի գործողությունը սպառվել է: Առաջարկում ենք, հիմք ընդունելով վերոգրյալը, վերանայել  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումները:

20. «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Քաղաքաշինության մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության շարունակական մասնագիտական զարգացման համապատասխան հավաստագիր եւ գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով»: «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ հոդվածի համաձայն՝ «(…) հաստատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ նաեւ՝ ՇՄԶ) կազմակերպման եւ հավաստագրման հնգամյա ժամանակացույցը.»: Հետեւելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին՝ առաջարկում ենք «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում «շարունակական մասնագիտական զարգացման» ձեւակերպման փոխարեն օգտագործել «ՇՄԶ» ձեւակերպումը:

21. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք կատարվող հղումը հստակեցնել եւ նշել, թե «Պետական տուրքի մասին օրենքի 20-րդ հոդվածի որ մասում է նախաձեռնվում լրացում, քանզի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: »

22. Նախագծի 5-րդ հոդվածի, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի,  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքի, «Քաղաքաշինության մասին» օրենքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմանը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

01.07.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

01.07.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում եւ հարակից մի քանի օրենքներում կատարել կազմակերպական եւ իրավական բնույթի փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով նախատեսվում է՝

- տալ «ինժեներական գեոդեզիա» հասկացության սահմանումը՝ քաղաքաշինական ոլորտում գեոդեզիական ծառայություններ մատուցող որակավորված անձանց այլ տեսակի գեոդեզիական գործունեություն իրականացնող որակավորված անձանցից տարանջատելու նպատակով, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելով սահմանել, որ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը, ի թիվս այլի, իրավունք ունի իրականացնելու նաեւ ծառայություններ բացառապես ինժեներական գեոդեզիայի ոլորտում,

- ոլորտների զարգացումն ապահովելու նպատակով տարանջատել գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնողներին քարտեզագրական, հողաշինարարական եւ չափագրման, հաշվառման գործունեություն իրականացնող անձանցից՝ ներդնելով որակավորման տարբեր չափանիշներ եւ տրամադրելով որակավորման առանձին վկայականներ,

- սահմանել, որ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականները օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են միայն քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականներ,

- սկիզբ դնել մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպության ինստիտուտին, ինչպես նաեւ սահմանել ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների համար անդամավճար վճարելու եւ վերապատրաստման դասընթացների համար վճար վճարելու կարգավորումներ,

- վերանայել որակավորման վկայականների գործողության կասեցման եւ դադարման հիմքերը եւ հարակից մի քանի օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.06.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին», «Պետական տուրքի մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում:

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել «ինժեներական գեոդեզիա» հասկացությունը, սահմանել քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության այն սուբյեկտը, որն իրավունք ունի իրականացնելու ծառայություններ բացառապես ինժեներական գեոդեզիայի ոլորտում, տարանջատել գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնողներին քարտեզագրական, հողաշինարարական եւ չափագրման, հաշվառման գործունեություն իրականացնող անձանցից՝ ներդնելով որակավորման տարբեր չափանիշներ եւ տրամադրելով որակավորման առանձին վկայականներ եւ այլն, ինչպես նաեւ հարակից մի քանի օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ եւ  լրացումներ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   Լ. Մարկոսյան 

Կատարողներ` գլխավոր մասնագետ             Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

                        առաջատար մասնագետ          Մ. Դալլաքյան 

14.06.2024թ.