ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-872-20.06.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-864-14.06.2024-ԱՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը՝ այն է՝ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին տեղեկանքը, Նախագծին կից ներկայացված չէ:

2. Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Արտաքին գործերի նախարարության կողմից Նախագծին կից ներկայացված է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացությունը եւ ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ տեղեկանքը, մինչդեռ  «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է` պայմանագիրը ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը եւ նույն մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

04.07.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

04.07.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր տրանշ՝ ուղղված Գյումրու Անի եւ Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային եւ 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արեւելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից: Վարկային եւ դրամաշնորհային միջոցների ներգրավումն իրականացվել է երեք տրանշներով. վարկի 5.3-ական մլն եվրո ծավալով երկու տրանշները եւ 2.65-ական մլն եվրո ծավալով ՎԶԵԲ երկու դրամաշնորհներն ուղղված են ճանապարհաշինությանը, իսկ վարկի 4 մլն եվրո ծավալով երրորդ տրանշը եւ E5P դրամաշնորհը՝ քաղաքային լուսավորության արդիականացմանը: 2021թ. հայկական կողմը դիմել էր ՎԶԵԲ՝ երրորդ տրանշի ամբողջ վարկային միջոցները ճանապարհաշինությանն ուղղելու կապակցությամբ, քանի որ ըստ նախնական հաշվարկների՝ դրամաշնորհային միջոցները բավարար են ծրագրի փողոցային լուսավորության բաղադրիչի համար: Մասնավորապես, առաջարկվել էր վարկային միջոցներով իրականացնել Գյումրու Անի եւ Ավստրիական թաղամասերի ողջ փողոցային ցանցի հիմնանորոգումը, իսկ դրամաշնորհային միջոցներով՝ նույն թաղամասերի եւ Անի թաղամասը քաղաքին կապող Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը:

Վարկի Դ տրանշի սպասարկումն ու մարումն իրականացվելու է սկզբնական վարկային համաձայնագրով սահմանված պայմաններով ու դրույթներով. վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 3 տարի, տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա Euribor + 1% մարժա, ընդ որում՝ 6-ամսյա Euribor-ի՝ բացասական դրույքաչափի պարագայում հաշվարկների համար ընդունվում է վերջինիս 0% մեծությունը: Վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականությունը կիսամյակային է, մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ իրականացվում են հավասարաչափ վճարումներով: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.5%-ի չափով, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ տրանշի ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ դրանից հետո 7 օրվա ընթացքում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.՝ 011 513-668)

25.06.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության  ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը  (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) խնդրանքով աջակցել Վարկառուին ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր)՝ Գյումրու երկու՝ Անի եւ Ավստրիական թաղամասերի քաղաքային ճանապարհների բարեկարգմանը եւ հարակից փողոցների լուսավորությանն առնչվող մասերի իրականացման հարցում: 

Համաձայնագիրը կազմված է նախաբանից, երեք հոդվածից եւ մեկ հավելվածից:

Համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի եւ Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը: Բացի այս՝ Ծրագրի իրականացմանն աջակցելու համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Բանկ) կողմից կտրամադրվի 750.000 եվրո դրամաշնորհային միջոցներ:

Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուին Գյումրու քաղաքապետարանի ենթակայության հիմնական ճանապարհների վերանորոգման եւ արտաքին լուսավորության արդիականացման գործում՝ ներառելով ասֆալտի եւ մայթերի նորացումը՝ այդ թվում՝ ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացումը, հետիոտների համար նոր տարածքների կառուցումը, փողոցային լուսավորության ենթակառուցվածքների վերանորոգումը, Գյումրու քաղաքապետարանի համար կայանման հայեցակարգի մշակումը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետեւյալ պարտավորություները.

  • Բանկի պահանջով կատարել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի են Համաձայնագրի համաձայն կատարված կամ կատարվելիք փոփոխությունները գործողության մեջ դնելու համար, 
  • Բանկին վճարել պարտավճար՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ Վարկային համաձայնագիր) սահմանված դրույքաչափով, որը ենթակա է վճարման հասանելի ընդհանուր գումարի նկատմամբ, գումարած Վարկի ցանկացած գումար, որը ենթակա է Փոխհատուցման (այսուհետ՝ Փոխհատուցում) պարտավորության եւ դեռեւս չի մասհանվել՝ պայմանով, որ Փոխհատուցման անվերապահ պարտավորության ենթակա գումարի նկատմամբ ենթակա պարտավորավճարը տարեկան 0,5%-ով ավելի է, քան Վարկային համաձայնագրում նշված պարտավորավճարի դրույքաչափը,
  • Բանկին վճարել միջնորդավճար, եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

28.06.2024թ.