ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-871-20.06.2024-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-871-20.06.2024-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 4-րդ հոդվածի առաջին չհամարակալված պարբերությունն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումները:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «պարբերության» բառը փոխարինել «ենթակետի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումները, ինչպես նաեւ՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում շտկել դասական թվականների սխալ գրելաձեւը՝ «6.1-րդ» ձեւակերպումը փոխարինելով «6.1-ին» ձեւակերպմամբ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում առկա վրիպակը վերացնելու նպատակով առաջարկում ենք «կետում» բառից հետո լրացնել «նշված» բառը:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է Օրենքի հիման վրա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից դրամական աջակցության վճարումը եւ նրանք համարվում են Հիմնադրամի շահառու»: Այսպես՝ քննարկվող նորմով նախատեսվում է դադարեցնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիման վրա Հիմնադրամի կողմից իրականացվող դրամական աջակցությունը, որը տրվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմում որեւէ հստակեցում չկատարելու պարագայում դրանից բխում է, որ դադարեցվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տրվող ցանկացած դրամական աջակցություն, որը կատարվում է Օրենքի հիման վրա, այդ թվում նաեւ՝ Նախագծով նախատեսված դրամական աջակցությունը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոնշյալը չի հանդիսանում Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված Նախագծի ընդունման նպատակի արտացոլում՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում հստակեցնել, որ դադարեցվում է միայն Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տրվող դրամական աջակցությունը:

Բացի այդ՝ քննարկվող նորմով սահմանվում է, որ երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողները համարվում են Հիմնադրամի շահառու: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի իմաստով շահառու համարվող անձանց շրջանակը սահմանվում է միայն Օրենքի 2-րդ հոդվածով, եւ, Նախագծով այդ հոդվածում շահառու համարվող անձանց շրջանակի հետ կապված փոփոխություն չկատարելու պարագայում, երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողները չեն կարող համարվել շահառու: Նշենք նաեւ, որ քննարկվող նորմը սահմանվում է Նախագծի անցումային դրույթներում, հետեւաբար այն չի ինկորպորացվելու Օրենքի հիմնական մասում: Այս համատեքստում հատկանշական է, որ քննարկվող նորմն իրենից ներկայացնում է իրավական նորմ, եւ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ անհրաժեշտ է նման իրավական դրույթը սահմանել Օրենքի հիմնական մասում: Հետեւաբար առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել Օրենքի 2-րդ հոդվածով նշված շահառու համարվող անձանց շրջանակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

08.07.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

08.07.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում եւ սահմանել, որ Հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հիմնադրամը հատուցման գումարները շարունակում են վճարվել նախկին չափով` մինչեւ 20-ամյա ժամկետը լրանալը: Առաջարկվում է նաեւ՝

- հստակեցնել, որ եթե բարելավվում է զինծառայողի հաշմանդամության խումբը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը), ապա դա չի հանգեցնում նշանակված հատուցման գումարի վերանայմանը,

- հստակեցնել, որ Հիմնադրամի խորհուրդը կարող է աջակցության ծրագրեր իրականացնել նաեւ Հիմնադրամի նախկին շահառուների համար,

- սահմանել, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթեւ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից վճարվող դրամական աջակցությունը եւ նրանք համարվում են Հիմնադրամի շահառու, 

- հստակեցնել նախորդ ժամանակահատվածի համար չվճարված ամսական հավասար վճարների վճարման կարգը, 

- սահմանել, որ 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթեւ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող եւ Հիմնադրամի կողմից դրամական ստացող աջակցություն զինծառայողների՝ կրկին Հիմնադրամի շահառու դառնալու հիմքով կդադարի նրանց՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ եւ պարգեւավճար ստանալու իրավունքը,

- հանել հատուցման հիմք հանդիսացող՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքի պատճառով զինծառայողի զոհվելու՝ հինգ տարվա ժամկետային սահմանափակումը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.06.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած եւ Օրենքի շահառու հանդիսացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:

Ներկայացված Նախագծով, հեղինակն առաջարկում է սահմանել, որ Հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հատուցման գումարները շարունակվում են վճարվել նախկին չափով` մինչեւ 20-ամյա ժամկետը լրանալը: 

Նախագծով, հեղինակն առաջարկում է հստակեցնել՝ 

- որ, եթե բարելավվում է զինծառայողի հաշմանդամության խումբը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը), ապա դա չի հանգեցնում նշանակված հատուցման գումարի վերանայմանը,

- որ, Հիմնադրամի խորհուրդը կարող է աջակցության ծրագրեր իրականացնել նաեւ Հիմնադրամի նախկին շահառուների համար,

- նախորդ ժամանակահատվածի համար չվճարված ամսական հավասար վճարների վճարման կարգը: 

Հեղինակն առաջարկում է նաեւ սահմանել, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից վճարվող դրամական աջակցությունը եւ նրանք համարվում են Հիմնադրամի շահառու, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող եւ Հիմնադրամի կողմից դրամական աջակցություն ստացող զինծառայողների՝ կրկին Հիմնադրամի շահառու դառնալու հիմքով կդադարի նրանց՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ եւ պարգեւավճար ստանալու իրավունքը:

Առաջարկվում է նաեւ հանել հատուցման հիմք հանդիսացող՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքի պատճառով զինծառայողի զոհվելու՝ հինգ տարվա ժամկետային սահմանափակումը:

Նախագծով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունմամբ կբարելավվի Հիմնադրամի շահառու հանդիսացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետությունը, ինչն, ըստ էության, սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

25.06.2024թ.