ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-874-25.06.2024-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8741 -25.06.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-874-25.06.2024-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8741 -25.06.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացնել նոր նախադասություն: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 2-րդ հոդվածը բաղկացած է բազմաթիվ պարբերություններից, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ դրույթի հղումը եւ նշել, թե Օրենքի 2-րդ հոդվածում կոնկրետ որտեղ է լրացվում Նախագծի 1-ին հոդվածով նշված նախադասությունը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 24.4-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվում է համայնքի ավագանիների նոր իրավասություն՝ սահմանելու անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության արգելված վայրերը: Մինչդեռ Նախագծով չի սահմանվում, թե ինչ ժամկետում են ընդունվելու այդ վայրերը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներում պետք է նշվի, թե այդ նորմատիվ իրավական ակտից բխող ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտերը երբ են ընդունվելու: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա Նախագծի 4-րդ հոդվածում սահմանել նաեւ, թե համայնքների ավագանիները ինչ ժամկետում պետք է սահմանեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության արգելված վայրերը:

3. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի վերնագրին:

4. Նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք շտկել դրանով կատարվող հղումները, որոնք կատարվում են Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ մասին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածը չունի 9-րդ մաս, 9-րդ մաս ունի այդ հոդվածով Օրենքում լրացվող 24.4-րդ հոդվածը: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով այդ նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասին կատարվող հղմանը:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրն առաջարկում ենք խմբագրել՝ առանց հապավում կիրառելու: Այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ»:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առկա վրիպակն առաջարկում ենք շտկել՝ «123.131.1» ձեւակերպումը փոխարինելով «123-131.1» ձեւակերպմամբ:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում կատարել լրացում, ինչի արդյունքում ոստիկանության աշխատողներն իրավունք ունեն մինչեւ գործի քննությունը վերցնել նաեւ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը: Հատկանշական է, որ այդ պարբերությամբ նշվում է նաեւ, թե առանձին իրերի դեպքում ոստիկանության աշխատողների կողմից իրերի վերցման դեպքում կազմվող արձանագրության մեջ այդ իրերի վերաբերյալ ինչ տվյալներ են նշվում: Առաջարկում ենք քննարկվող նորմում լրացնել նաեւ, թե անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց վերցնելու դեպքում վերոնշյալ արձանագրության մեջ դրա վերաբերյալ ինչ տվյալներ են նշվում:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով հղում է է կատարվում Օրենսգրքի 131-րդ հոդվածին վերաբերող մի շարք դրույթներին՝ նախատեսելով այդ հոդվածներում առկա «131» թվից հետո լրացնել «131.1» թիվը: Նախ՝ առաջարկում ենք «131.1» ձեւակերպումը փոխարինել «, 131.1» ձեւակերպմամբ, բացի այդ՝ նշենք նաեւ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում նշված Օրենսգրքի 287-րդ հոդվածում առկա չէ «131» թիվ, հետեւաբար առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում նշված «287-րդ հոդվածի 2-րդ,» ձեւակերպումը հանել: Միաժամանակ նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում թվարկված Օրենսգրքի հոդվածների շարքում, կարծում ենք, պետք է լրացվի նաեւ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

15.07.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

15.07.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով սահմանել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, ըստ որի՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ եւ այլ նմանատիպ միջոցներ), ինչպես նաեւ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող մի շարք պահանջներ եւ սահմանափակումներ:

Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները կազմակերպությունների (անձանց) կողմից կարող են շահագործման հանձնվել, իսկ ֆիզիկական անձանց կողմից շահագործվել բացառապես արագություն չափող սարքավորումով կահավորված լինելու դեպքում (որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից), նախատեսել նաեւ, որ համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության արգելված վայրերը սահմանվում են համայքի ավագանու կողմից, ինչպես նաեւ նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ առաջարկվող պահանջները չպահպանելու եւ նախատեսված սահմանափակումները խախտելու համար:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Երեւան քաղաքում մեծ տարածում են գտել չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների եւ այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց) օգտագործումը: Պետք է նշել, որ որեւէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների եթեւեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, դրանց երթեւեկությանը ներկայացվող պահանջները, իսկ երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար կսահմանվեն պատասխանատվության միջոցներ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

11.07.2024թ.