ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-875-25.06.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-875-25.06.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 169.33-րդ հոդված, սակայն ցանկանում ենք նշել, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի մայիսի 22-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ (փաստաթղթային կոդ` Կ-811-01.04.2024-ՏՀ-011/1), որով արդեն իսկ նախատեսվում է Օրենսգրքում նոր «169.33» համարով հոդվածի լրացում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի լրացումը եւ դրանից բխող Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածի կարգավորումները նախատեսելիս հաշվի առնել Օրենսգրքում «169.33» համարով հոդվածի առկա լինելու իրական հնարավորությունը եւ պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:»: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր 169.33-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ՝ « Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների (որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանումը (այդ թվում՝ արտահանմանն ուղղված գործողությունների կատարումը)՝ առանց այդպիսի ապրանքների արտահանման համար օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների առաջացնում է՝ տուգանքի նշանակում՝արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ:»: «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն զգայուն ապրանքները այն ապրանքներն են, որոնք միայն վերափոխումից հետո են դառնում այդ օրենքի իմաստով հսկվող ապրանք: Այսինքն նորմատիվ մակարդակում զգայուն եւ հսկվող ապրանքները դիտարկվում են տարբեր կարգավիճակում գտնվող ապրանքներ: Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանումը եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումն իրականացվում են լիազոր մարմնի տրամադրած մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա:»: Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք փաստել, որ Օրենքով նախատեսվում է միայն հսկվող ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման վերաբերյալ կարգավորումներ, մինչդեռ այդ կարգավորումները հավասարապես «զգայուն» կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ կիրառելի չեն կարող համարվել: Ղեկավարվելով վերոգրյալով՝ կարող ենք փաստել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 169.33-րդ հոդվածը ունի վերանայման կարիք, քանզի վերջինս պատասխանատվություն է նախատեսում Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված զգայուն ապրանքների արտահանումը առանց թույլտվության իրականացնելու համար, մինչդեռ Օրենքը նախատեսում է միայն հսկվող ապրանքների արտահանումը օրենքով սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա կատարելու իմպերատիվ պահանջ: 3. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համաձայն Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 169.33-րդ հոդվածով նախատեսվող իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ենթակայությունը միաժամանակ վերապահվում է եւ՛ հարկային մարմնին, եւ՛ մաքսային մարմնին: Գտնում ենք, որ նման մոտեցումը կարող է առաջացնել վարչական գործերի ըստ ենթակայության դասակարգման խնդիր: Վարչական գործերի ենթակայության հարցի ճիշտ լուծումը նպաստում է վարչական վարույթի արդյունավետությանը, որակյալ քննության ապահովմանը: Ենթակայությունը սերտորեն կապված է իրավասության հետ: Իրավասությունը պայմանավորված է տվյալ վարչական մարմնի առջեւ դրված խնդրներով եւ գործառույթներով: Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսվող կարգավորումների համատեքստում գտնում ենք, որ թե՛ իրավակիրառ մարմնի, թե՛ վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների համար կարող է առաջանալ տարակարծություն, թե որ մարմնի իրավասության տակ են գտնվում Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 169.33-րդ հոդվածով սահմանվող իրավախախտումների վերաբերյալ առանձին գործերի քննությունը, եւ այդ կարգավորումներում առկա է հստակություն ապահովելու խնդիր: Որպես այդպիսի հստակության պահպանման օրինակ կարող ենք նշել Օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ քննություն իրականացնելու կարգավորումները: Օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով այդ իրավախախտման վերաբերյալ գործերը ենթակա են մաքսային մարմնի կողմից քննության, իսկ 244.2-րդ հոդվածի համաձայն հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով՝ հարկային մարմնին: Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածի կարգավորումներում առաջարկում ենք առաջնորդվել իրավասությունների տարանջատման հիշատակված տարբերակով՝ հետագա խնդրահարույց իրավիճակներից խուսափելու նպատակով: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսվող կարգավորումները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 12.07.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 12.07.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝ 1) սահմանել, որ Կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի (այդ թվում՝ արգելքների եւ սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների շրջանցմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու (այդ թվում՝ արտահանմանն ուղղված գործողությունների կատարելու) դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն, 2) սահմանել տուգանքի նշանակում՝ ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում` դրանց բռնագրավմամբ, 3) ամրագրել, որ նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային եւ հարկային մարմինները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 03.07.2024թ.
Նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» կատարել լրացումներ եւ փոփոխություններ: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ նաեւ ԵՏՄ) անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվության նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետությունների օդային տրանսպորտով ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների արտահանման դեպքում մաքսային որեւէ ընթացակարգով ձեւակերպումներ չեն կատարվում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքները` առանց այդ ապրանքների արտահանման համար օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում նախատեսել պատասխանատվություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 28.06.2024թ.
|