ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-876-28.06.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-876-28.06.2024-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք (այսուհետ` Օրենք) ձեւակերպումը հանել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

2. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծի՝ անհետաձգելի համարվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

10.07.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

10.07.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմքը նախատեսել նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Նախագծով նախատեսվում է դրույթ, որի համաձայն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը, իսկ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած եւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

01.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել լրացում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը շարունակելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասում կատարել լրացում, որի համաձայն՝ պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել եւ պաշտոնի նշանակվել նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք:

Նախագծով առաջարկվում է նաեւ օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը:

2. Նախագծի ընդունումը կոնկրետ շրջանակի անձանց սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից կունենա դրական նշանակություն:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

04.07.2024թ.