ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-878-02.07.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-878-02.07.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 6-րդ հոդվածով «Գնահատման գործունեության մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրացվող նոր՝ 24.1-ին հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասության «իրավական ակտով» բառերն՝ առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով» բառերով՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, այն է՝ «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.»: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված դրույթից, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում կիրառված՝ համապատասխան հոլովաձեւերով «իրավական ակտ» բառերին:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր՝ 14-րդ կետ, որի համաձայն. «14) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով առաջարկել գնահատողի թեկնածություն.»:

Հարկ է նկատել, որ սույն լրացմամբ սահմանվում է որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով գնահատողի թեկնածություն առաջարկելու գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության պարտականությունը:

Մինչդեռ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված է. «Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է՝ (…)

6) մինչեւ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմին ներկայացնել իր անդամ գնահատողների թեկնածությունները հաջորդ տարվա որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով։ Ընդ որում, միեւնույն գնահատողը չի կարող միաժամանակ առաջարկվել եւ' որակավորման, եւ' մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով.»:

Այսպես՝ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում արդեն իսկ նախատեսված է որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում գնահատողների թեկնածություն ներկայացնելու գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության պարտականությունը: Հետեւաբար, առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 14-րդ կետում սահմանված իրավադրույթը՝ անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով: Նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր՝ 16-րդ կետ, որում սահմանվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ամենամյա հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը: Հարկ ենք համարում նշել, որ քննարկվող լրացումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ Օրենքում եւ Նախագծում բացակայում են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ներկայացվող «ամենամյա հաշվետվությունների» վերաբերյալ իրավադրույթները, այդ թվում՝ ամենամյա հաշվետվությունների հասկացությունը, ներառման ենթակա տվյալները, ներկայացման ժամկետները եւ այլն: Միաժամանակ, Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր` 4-րդ կետում ամենամյա հաշվետվություններ չներկայացնելու կամ երկու եւ ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշ ներկայացնելու դեպքերը սահմանվում են որպես լիազոր մարմնի որոշմամբ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու հիմք: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 16-րդ կետում եւ Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 4-րդ կետում սահմանված դրույթներն իրավական որոշակիության տեսանկյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 

4. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտի հիմքով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջին հաշվառումը իրականացվում է առանց անդամների ցանկ ներկայացնելու: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտով սահմանված կարգով հաշվառվելուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց անդամների ցանկը: Հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները, որոնք սահմանված եռամսյա ժամկետում լիազոր մարմին չեն ներկայացնում Օրենքով նախատեսված լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների առնվազն 10 տոկոսի անդամակցության վերաբերյալ տեղեկատվություն, հանվում են հաշվառումից:»:

Նախագծի վերոնշյալ դրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 24.1-ին հոդվածի 1-ին մասում սահմանված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման կարգի համաձայն՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը լիազոր մարմնում հաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով ներկայացնում է դիմում՝ կից ներկայացնելով սահմանված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքները եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Այսպես՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության Օրենքում սահմանվող հաշվառման կարգը պարտադիր է համարում անդամների ցանկի ներկայացումը հաշվառվելիս: Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված անցումային դրույթով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջին հաշվառումը իրականացվում է առանց անդամների ցանկ ներկայացնելու, սակայն պարտավորեցնում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառվելուց հետո եռամսյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնել իր անդամների ցանկը: 

Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 13-րդ հոդվածում սահմանված են անցումային դրույթների վերաբերյալ իրավակարգավորումներ, որի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածում անցումային դրույթներին վերաբերող իրավակարգավորումները՝ կարծում ենք, որ Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավակարգավորումն անցումային դրույթ չի կարող համարվել, քանի որ սահմանում է վարքագծի կանոն գնահատողների ինքնակարգավորվող բոլոր կազմակերպությունների համար անորոշ ժամկետով: Այսինքն՝ քննարկվող անցումային դրույթի ուժով գնահատողների ինքնակարգավորվող բոլոր կազմակերպությունների համար առաջին անգամ հաշվառվելիս պարտադիր չէ անդամների ցանկի ներկայացումը: Քննարկվող անցումային դրույթը չի պարունակում նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվող ժամկետներ կամ որոշակի պայմաններ,  որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: Վերոշարադրյալի հիման վրա նշենք, որ Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավակարգավորման բովանադակությունից բխում է, որ վերջինս հիմնական մասում սահմանվող իրավական նորմ է: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված անցումային դրույթը՝ այն համապատասխանեցնելով անցումային դրույթների բովանդակությանը կամ սահմանել նշված իրավակարգավորումը հիմնական մասում:

6. Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող ` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.07.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող ` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.07.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերանայել Կադաստրի (լիազոր մարմնի) կողմից ստեղծվող որակավորման հանձնաժողովում գնահատողների թեկնածություններ առաջարկող՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ստեղծման, գործունության եւ Կադաստրի հետ համագործակցության կազմակերպական-իրավական հիմքերը, մասնավորապես՝ առաջարկվում է. 

- որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ,

- վերացնել գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որեւէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու եւ համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը, 

- ինքնակարգավորվող կազմակերպությունների առավելագույն քանակը 3-ից հասցնել 5-ի,

- Կոմիտեում նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար սահմանել նոր ընթացակարգ՝ նպատակ ունենալով առավելագույնս արդյունավետ դարձնելու ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեությունը:

- հստակեցնել ինքնակարգավորվող կազմակերպությունները հաշվառումից հանելու վերաբերյալ կարգավորումները,

- գնահատողների համար սահմանել պարտականություն՝ նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովելու ներկայություն հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ինքնակարգավորվող կազմակերպությունների համար՝ առաջարկելու հանձնաժողովների անդամների թեկնածուներ եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

04.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գնահատման գործունեության մասին» օրենքում, ըստ որի՝ առաջարկվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողների համար հինգ տարվա համապատասխան աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ:

Խնդիրն, ըստ էության, կայանում է նրանում, որ որոշակի դժգոհությունների պատճառ է դարձել որակավորման քննություններին մասնակցելու համար պարտադիր պահանջ ներկայացված, վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որեւէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի մասնակցության եւ համապատասխան հավաստագիր ունենալու հանգամանքը, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ լիազոր մարմնի կողմից հայտարարված լինի որակավորման քննություն, մինչդեռ ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դասընթաց անցկացրած չլինի եւ անձի կողմից որակավորում ստանալը դառնա գործնականում անհնար եւ ժամանակավրեպ:

Ըստ Նախագծի հեղինակի, անհրաժեշտ է նաեւ վերանայել ինքնակարգավորվող կազմակերպության համար լիազոր մարմնում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30% անդամակցություն ունենալու պահանջը՝ նպատակ ունենալով զարգացնելու ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը եւ բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով կփոփոխվեն նաեւ ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար սահմանված ընթացակարգերը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

08.07.2024թ.