ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-881-09.07.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-881-09.07.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-ից 6-րդ մասերը, որոնք վերաբերում են ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվող վճարին: «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 15-րդ հոդվածը վերնագրված է՝ «Ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարի սահմանումը եւ վճարման կարգը»: Հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությամբ վճարման կարգին վերաբերող իրավակարգավորումների գործողության դադարեցումը՝ նշենք, որ անհրաժեշտություն է առաջանում խմբագրել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 15-րդ հոդվածի վերնագիրը՝ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունն ապահովելու նպատակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջից, որի համաձայն. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: 2. Նախագծի 1-ին հոդվածում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ Օրենք)»: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ մասի 2-րդ կետում կիրառված «սույն Օրենք» հասկացությունը կարող է իրավական շփոթ առաջացնել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի տարանջատման տեսանկյունից: Հետեւաբար Նախագծում կիրառված հղումների հստակությունն ապահովելու համար առաջարկում ենք «սույն Օրենք» հասկացությունները փոխարինել «սույն օրենք» ձեւակերպմամբ: 3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2.Ներմուծվող սննդամթերքի ու կենդանական ծագման մթերքի զննման ու ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար սահմանված վճարի մասով մինչեւ սույն Օրենքի ուժի մեջ մտնելը պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձն իրականացվում է՝ վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին (ՀՀ ֆինանսների նախարարություն)` պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված անցումային դրույթով պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձի իրականացման պայման է սահմանվում պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում վճարողի դիմումի ներկայացված լինելու հանգամանքը: Հարկ է նկատել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում սահմանված չեն ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար ավել վճարված կամ ավել գանձված վճարների վերադարձման վերաբերյալ իրավակարգավորումներ: Հետեւաբար, հասկանալի չէ «պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձնելու իրավունքի առաջացման օր» ժամկետը, մասնավորապես՝ համապատասխան սուբյեկիտի պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձնելու իրավունքի ծագման պահը: Հարկ ենք համարում նշել, որ նորմատիվ իրավական ակտում ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ժամկետի սկիզբն ու ավարտը, ինչպես նաեւ ապահովել սահմանված ժամկետի, պայմանների իրավական որոշակիությունը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթն՝ իրավական որոշակիության տեսանկյունից: 5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 29.07.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 29.07.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 15.07.2024թ.
1. Նախագծով առաջարկվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություն: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի ներկայիս կարգավորումներով պետական սահմանի անցման կետում ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննումը եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը որոշում է մաքսային մարմինը, որի համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է Օրենքով սահմանված չափով վճար: Միաժամանակ, մաքսային մարմինները ներմուծվող նույն ապրանքների զննման եւ հաշվառման համար գանձում են պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով: Այսինքն, ստացվում է, որ նույն գործողության համար մաքսային մարմինների կողմից գանձվում է եւ' պետական տուրք, եւ' Օրենքով սահմանված չափով վճար, ինչը լրացուցիչ եւ կրկնակի բեռ է հանդիսանում տնտեսավարողի համար: Բացի այդ, Օրենքում բացակայում է պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների մասով վերադարձման իրավակարգավորումներ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, ինչպես նաեւ նախատեսել պարտավորությունից ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարները վերադարձնելու վերաբերյալ իրավակարգավորումներ: 2. Նախագծի ընդունումը դրական կանդրադառնա տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական բեռը թեթեւացնելու տեսանկյունից, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա տնտեսավարող սուբյեկտների գործունեության վրա: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 19.07.2024թ.
|