ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-882-09.07.2024-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8821-09.07.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-882-09.07.2024-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8821-09.07.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 15.2-րդ մասում նշված է. «Կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) կաթնամթերքի մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը»: Նախագծում բացակայում է նշված նորմից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ անցումային դրույթը: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք որպես Նախագծի անցումային դրույթ սահմանել Նախագծի 3-րդ հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 15.2-րդ մասից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

2. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերից հետո նշված «Օրենսգրքի» բառը:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին հաջորդում է 3-րդ հոդվածը, ուստի առաջարկում ենք ապահովել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»: (…)»:

Միաժամանակ առաջարկում ենք վերացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առկա վրիպակը, մասնավորապես` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում շտկել հոդվածի հերթական համարը, այն է` «2191-րդ» թիվը փոխարինել «219.1-ին» թվով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

24.07.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

24.07.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում, այն է՝ սահմանել, որ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է գունավորված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում՝ նարնջագույն գույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները, ինպես նաեւ սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթ, կանոնակարգել առեւտրի օբեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, այն է՝ սահմանել, որ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցված լինի սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն կտա սպառողին նույնականացնել մթերքի կամ հումքի ծագումը: Նախագծով սահմանված բոլոր փոփոխությունները միտված է կանխելու սպառողներին մոլորության  մեջ գցող գործողությունները, ինպես նաեւ պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով  առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետռության օրենսգրքում», ըստ որի առեւտրի իրականացման վայրերում կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով պատրաստված կաթնամթերքը կտարանջատվի գունային դարակաշարերով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նախատեսումն, ըստ հեղինակի, կայանում է նրանում, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է,  քան բնական հումքով պատրաստվածը եւ հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում, արդյունքում՝ սպառողն  ավելի թանկ է վճարում ավելի էժան արտադրանքի համար: Ըստ այդմ, առաջարկվում է  առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում ապահովել կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը` նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): 

Նույն տարանջատումը կամավոր հիմունքներով կարող են կիրառել նաեւ կաթնամթերք արտադրողները՝ սեփական արտադրանքի առավելությունը ցուցադրելու համար. կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ՝ արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնելով առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը, ինչը կկանխի սպառողներին մոլորության մեջ գցելը եւ յուրաքանչյուր արտադրող հնարավորություն կունենա ընդգծելու իր արտադրատեսակի առավելությունը:

Միեւնույն ժամանակ, նախատեսվում է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետռության օրենսգրքում»: Մասնավորապես, Օրենսգրքի 158 հոդվածի 43-րդ մասում նախատեսվում է փոփոխել եւ վերանայել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ սահմանված վարչական պատասխանատվությունը՝ սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր, ինչպես նաեւ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացումն ապահովելու նպատակով՝ N5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը սպառողներին տեսանելի տեղում չփակցնելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նախատեսվում է ենթարկել վարչական պատասխանատվության՝ սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կկանոնակարգվեն կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները: 

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

16.07.2024թ.