ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-883-15.07.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-883-15.07.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-3-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխություններից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից ելնելով՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել նաեւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 215-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, 216-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, քանզի մաքսային մարմինները, չհանդիսանալով քննչական մարմիններ, իրավասու չեն նաեւ իրականացնել անհետաձգելի քննչական գործողություններ, ինչը նախատեսված է գործող կարգավորումներում: 2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 325.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի (այսուհետ՝ հարկ վճարող) գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնակրատիրոջ կամ հարկ վճարողի աշխատակցի նկատմամբ հարուցված (...) »: Ցանկանում ենք նշել, որ Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում արդեն իսկ օգտագործվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարող» հասկացությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:», պահպանման նկատառումից ելնելով՝ առաջարկում ենք հենց այդ հոդվածում նախատեսել արտահայտության կրճատ տարբերակը «(այսուհետ՝ հարկ վճարող)» տեսքով՝ Նախագծում կիրառելով այդ տարբերակը: 3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 325.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի (այսուհետ՝ հարկ վճարող) գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնակրատիրոջ կամ հարկ վճարողի աշխատակցի նկատմամբ հարուցված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի այն փաստաթղթերը, որոնք օրենքով ենթակա են պարտադիր ծանուցման (արձանագրություններ, ծանուցագրեր, որոշումներ, ակտեր եւ այլն), կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:»: Միեւնույն ժամանակ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին ծանուցելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելուց հետո եռօրյա ժամկետում հարկ վճարողը պարտավոր է փաստաթղթի օրինակը տրամադրել մաքսային կանոնների խախտում թույլ տված անձին եւ այն հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը նույն օրը ներկայացնել մաքսային մարմնին: Մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին սույն մասով նախատեսված փաստաթղթերը չտրամադրելու դեպքում դրա հետեւանքով առաջացած իրավական հետեւանքների ռիսկը կրում է հարկ վճարողը եւ այս դեպքում նշանակված վարչական տույժի մասով աշխատակիցը հարկ վճարողի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք:»: Ցանկանում ենք նշել, որ վարչական վարույթում որոշակի փաստաթղթերի պարտադիր ծանուցման օրենսդրական պահանջը ինքնանպատակ չէ, այլ ուղղված է մարդու սահմանադրական իրավունքների երաշխավորմանը, ինչպիսին է լսված լինելու իրավունքը: Սահմանադրության 50-րդ հոդվածում, որպես պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր, ամրագրված է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչեւ անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Վճռաբեկ դատարանի, 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով արտահայտած դիրքորոշմամբ, վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ եւ երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու եւ իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական եւ փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման եւ դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական եւ իրավական հանգամանքների վերաբերյալ՝ հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման եւ լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու եւ այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի եւ գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարեւոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու եւ պաշտպանության միջոցներից օգտվելու համար։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն` ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է։ Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաեւ նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երեւան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերից մեկը վարչական վարույթ հարուցելու մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականության պատշաճ կատարումն է, որը սահմանված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ամրագրված վարչական վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ իրավակարգավորումների միջոցով եւ նպատակ է հետապնդում վարույթի մասնակիցներին իրազեկելու այն մասին, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է եւ իրականացվելու է վարչական վարույթ: Նշված հոդվածով նախատեսված իրավական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցման հետ կապված վարչական մարմնի հետեւյալ պարտականությունները. 1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը, 2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը, 3) վարույթի մասնակիցներին վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին ծանուցելը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարեւորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որեւէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված եւ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որեւէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչեւ վարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է: Այսինքն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարչական մարմինը պարտավոր է վարույթ հարուցելու մասին պատշաճ ձեւով ծանուցել վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչեւ վարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։ Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը գործնականում կարող է իրականացվել միայն նրա պատշաճ ծանուցումն ապահովելու պարագայում: Ծանուցման գործընթացը գործող օրենսդրությունը եւ դատական պրակտիկան դիտարկում են կառավարման սուբյեկտ-կառավարման օբյեկտ անմիջական հաղորդակցությունը եւ ոչ՝ կառավարման սուբյեկտ-կառավարման օբյեկտ-կառավարման օբյեկտ: Պետությունը, կրելով վարչական վարույթի վերաբերյալ հասցեատեր սուբյեկտներին ծանուցելու պարտականություն, ի դեմս պետական մարմինների, չի կարող այդ պարտականության կատարումը պատվիրակել այլ սուբյեկտի՝ նախատեսելով վերջինիս համար անբարենպաստ հետեւանքներ այդպիսի պարտականության չկատարման կամ թերի կատարման համար: Վերջինս հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը, որի պատշաճ կատարման պատասխանատուն հենց պետությունն է: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 325.1-ին հոդվածի 3-րդ մասի կարգավորումները եւ նրանք համապատասխանեցնել Սահմանադրության 50-րդ հոդվածի եւ նրանից բխող օրենսդրական ակտերի պահանջներին: Միաժամանակ ցանկանում ենք անդրադառնալ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 325.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող «հարկ վճարողի աշխատակից» հասկացությանը: Ո՛չ հարկային, ո՛չ մաքսային օրենսդրությունը այս սուբյեկտներին չի դիտարկում, որպես պատասխանատվության ենթակա առանձին սուբյեկտ: Հետեւաբար խնդրահարույց է, թե որ դեպքում է անձը իրավախախտման կատարման պահին համարվում հարկ վճարողի աշխատակից՝ եթե խախտումը կատարել է աշխատանքային պարտականությունները ի շահ հարկ վճարողի կատարելիս, թե անկախ այդ հանգամանքից կհամարվի տվյալ կարգավիճակում գտնվող անձ՝ գործող աշխատանքային պայմանագրի ուժով: Ղեկավարվելով վերոգրյալով՝ գտնում ենք, որ այսպիսի կարգավիճակ ունեցող անձանց ծանուցման առանձնահատկություններ սահմանելը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից,քանզի անձանց շրջանակը հստակ եւ որոշակի չէ, առաջացնում է տարընկալումներ եւ կարող է հանգեցնել կիրառական խնդիրների առաջացման: 4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 325.1-ին հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջները եւ հրաժարվել «եւ (կամ)» ձեւակերպումը օգտագործելուց: 5. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 332-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ մասի համաձայն՝ «Մաքսային կանոնների խախտում կատարած անձի գրավոր դիմումի հիման վրա գործի քննությունը կարող է իրականացվել հեռահաղորդակցության միջոցներով, որի արդյունքներն ամփոփվում են գործի քննությունն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրությամբ: Եթե տեխնիկապես առկա է գործի քննությունը ձայնագրելու հնարավորություն, ապա արձանագրությանը կցվում է նաեւ ձայնագրությունը:»: Գտնում ենք, որ սույն ընթացակարգը լրացուցիչ երաշխիքներով վերազինելու անհրաժեշտություն ունի, ինչպիսիք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ որոշ վարույթային գործողությունների իրականացումը տեսակապի միջոցով կատարելիս: Մասնավորապես, ի թիվս այլնի, առաջարկվում է գործի քննությունը ձայնագրելու (նախընտրելի է տեսաձայնագրումը) պահանջը դիսպոզիտիվից վերածել իմպերատիվի, առաջադրել կազմվող արձանագրության պարտադիր վավերապայմաններ, ինչպես նաեւ օգտագործվող հեռահաղորդակցման միջոցներին՝ համապատասխան տեխնիկական պահանջներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն՝ երաշխավորելով անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ վարույթի ընթացքի համապատասխանությունը Օրենքի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի պահանջներին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության եւ Սահմանադրության 50-րդ հոդվածի տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Մաքսային կարգավորման մասին» օրենքի, «Վարչարարության հիմքունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), 01.08.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), 01.08.2024թ.
Նախագծով առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, նախատեսել իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործի քննությունն անմիջապես իրականացնելու եւ որոշում կայացնելու, ինչպես նաեւ գործի քննությունը տեսակապով իրականացնելու հնարավորություն: Նախագծով սահմանվում է նաեւ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 19.07.2024թ.
Կառավարության կողմից ներկայացվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Ներկայումս մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում եւ որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նախագծով առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաեւ նախատեսվում է իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործի քննությունն անմիջապես իրականացնելու եւ որոշում կայացնելու հնարավորություն, եթե իրավախախտը չի առարկում եւ գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված են: Նշված դրույթների նախատեսումը կնպաստի վարչարարության իրականացման ժամկետների զգալի կրճատմանը՝ հնարավորություն տալով վարչական ակտը կայացնել՝ տեղում լսումներ իրականացնելու արդյունքում: Առաջարկվում է նաեւ սահմանել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը, մասնավորապես, նախատեսվում է մաքսային կանոնների խախտման վարույթներով ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով ծանուցելու հնարավորություն՝ անձի լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով, հաշվի առնելով, որ անձին իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցելու ներկայիս եղանակները հաճախ արդյունավետ չեն, անձի նշած հասցեով ուղարկված ծանուցումները չեն ստացվում, վերադարձվում են եւ էլեկտրոնային փոստի հասցե մաքսային մարմնին չի տրամադրվում: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով մաքսային մարմինը նախաքննություն իրականացնող մարմին չի հանդիսանում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքից հանվել են մաքսային մարմինների կողմից նախաքննություն իրականացնելու վերաբերյալ կանոնակարգումները: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 19.07.2024թ.
|