ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-884-16.07.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-884-16.07.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2. Նախագծի 1-ին հոդվածով  նախատեսվում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2.1-ին մաս, հետեւյալ բովանդակությամբ՝ «Յուրաքնաչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պագեւատրման հավելյալ ֆոնդ, որի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը»: Նշված ձեւակերպումից բխում է, որ Կառավարությանը վերապահվում է պարգեւատրման հավելյալ ֆոնդ ձեւավորելու պայմանները, հատկացման կարգ սահմանելու լիազորություն. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ հենց վերը նշված օրենքով են սահմանվում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, (…) հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի, պարգեւատրման, (…) պարգեւատրման ֆոնդերի վերլուծության հետ կապված հարաբերությունները: Այսինքն՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքն է այն հիմնական ակտը, որով  պետք է սահմանվեն հանրային ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները, համապատասխան պարգեւատրման ֆոնդերը պետք է ենթարկվեն օրենքով սահմանված վերլուծության: Բացի այդ պարգեւատրման հավելյալ ֆոնդի նախատեսումը միայն Հարկադիր կատարման ծառայության համար, հանրային ծառայողների համար օրենքով սահմանված վարձատրության ընդհանուր կանոններից տարբերվող կարգավորում նախատեսելը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ շեշտադրելով այն օբյեկտիվ եւ ողջամիտ հիմքը, որն ընկած է նման տարբերակման հիմքում. սույն առաջարկությունը բխում է վարձատրության հիմնական սկզբունքներին վերաբերող «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջից, որի ուժով պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի (որի մեջ ներառվում է եւ՛ պարգեւատրումը, եւ՛ հավելավճարը) տարբերակումը պետք է լինի հիմնավորված:

3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

01.08.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

01.08.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1.-ին մասով, ըստ որի. «Յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգեւատրման հավելյալ ֆոնդ, որի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծով առաջարկվող միակ լրացման տեքստում օգտագործվել է բյուջետային օրենսդրության տեսանկյունից անհականալի՝ «Յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» հասկացությունը, որն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» հասկացությամբ (պետական բյուջեն, այսպես, թե այնպես՝ լինում է տարեկան):

2. Բովանդակային տեսանկյունից Նախագծով առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար ձեւավորել պարգեւատրման հավելյալ ֆոնդ, որի անհրաժեշտությունը հիմնավորվել է ընդամենը մեկ, այն էլ՝ ոչինչ չհիմնավորող տողով: Այսպես, ըստ Նախագծի հիմնավորման. «...ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության շրջանակներում արդյունաքահեն համակարգի վրա հիմնված պարգեւատրման 2022 թվականի սեպտեմբերից Ծառայությունից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել ...: Արդյունքում պարգեւատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:», իսկ ինչ վերաբերում է Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքին, ապա, ըստ հեղինակի. «Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:»:

Կարծում ենք, միանգամայն ակնհայտ է, որ լրացուցիչ պարգեւատրման ֆոնդ նախատեսելու համար նշված հիմնավորումը եւ ակնկալվող արդյունքը խիստ ունիվերսալ են եւ կարող են կիրառվել պետական եւ համայնքային ցանկացած ծառայության համար: Հետեւաբար, կարելի է փաստել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը որեւէ կերպ հիմնավորված չէ, իսկ փաստացի՝ այն կարող է ավելորդ եւ անհիմն խտրական պայմաններ ստեղծել պետական եւ համայնքային ծառայության տարբեր տեսակների միջեւ: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

19.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության շրջանակներում արդյունքահեն համակարգի վրա հիմնված 2022 թվականի սեպտեմբերից գործարկված պարգեւատրման պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողականի դրական ցուցանիշի զգալի աճ է գրանցվել: Այսպիսով, պարգեւատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելն ընդունել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար նախատեսվող պարգեւատրման հավելյալ ֆոնդի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանող Կառավարության որոշում:

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/ 513-235, 16-18

25.07.2024թ.