ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885-16.07.2024-ԱՍ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.1-16.07.2024-ԱՍ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.2-16.07.2024-ԱՍ-011/0), «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.3-16.07.2024-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.4-16.07.2024-ԱՍ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.5-16.07.2024-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.6-16.07.2024-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.7-16.07.2024-ԱՍ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.8-16.07.2024-ԱՍ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.9-16.07.2024-ԱՍ-011/0), «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.10-16.07.2024-ԱՍ-011/0), «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.11-16.07.2024-ԱՍ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.12-16.07.2024-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.13-16.07.2024-ԱՍ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.14-16.07.2024-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-885.15-16.07.2024-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885-16.07.2024-ԱՍ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.1-16.07.2024-ԱՍ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.2-16.07.2024-ԱՍ-011/0), «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.3-16.07.2024-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.4-16.07.2024-ԱՍ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.5-16.07.2024-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.6-16.07.2024-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.7-16.07.2024-ԱՍ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.8-16.07.2024-ԱՍ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.9-16.07.2024-ԱՍ-011/0), «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.10-16.07.2024-ԱՍ-011/0), «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.11-16.07.2024-ԱՍ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.12-16.07.2024-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.13-16.07.2024-ԱՍ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-885.14-16.07.2024-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-885.15-16.07.2024-ԱՍ-011/0) (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)  օգտագործվում են մի շարք հասկացություններ, ինչպիսիք են Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում օգտագործվող «փաստացի առանց ծնողական խնամքի մնալ», Նախագծի 18-րդ հոդվածի 9-րդ մասում օգտագործվող «էլեկտրոնային համաձայնություն», Նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասում օգտգաործված «խոցելի ընտանիք», որոնք անորոշ են, չունեն որեւէ օրենսդրական ակտով սահմանում եւ կարող են տարընկալումների առիթ հանդիսանալ: 

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը՝ արձանագրելով, մասնավորապես, ներքոնշյալը. «ա) «(…) իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270). (…)

գ) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753):»

Իրավական որոշակիության սկզբունքի պահպանման անհրաժեշտության կարեւորության ընդգծելով՝ առաջարկում ենք լրամշակել Նախագծում օգտագործված հասկացությունները, քանզի վերջիններս անձանց եւ ընտանիքների որոշակի սոցիալական աջակցություն ստանալու իրավունքի ձեռքբերման վարույթում կիրառելի են եւ ոչ հստակ լինելու դեպքում կարող են խոչընդոտել այդ իրավունքների իրացմանը՝ հանգեցնելով այլ սահմանադրաիրավական սկզբունքների խախտման: 

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին եւ քաղաքացիություն չունեցող անձը, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, ապաստան հայցողը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:»: Գտնում ենք, որ սույն մասում կիրառված ձեւակերպումները եւ կետադրությունը միայն ապաստան հայցող սուբյեկտների համար է վերաբերելի դարձնում սոցիալական աջակցություն ստանալիս օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը, մինչդեռ այն վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին, ինչի մասին խոսում են Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասը եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի կարգավորումները: Հետեւաբար առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ շփոթից խուսափելու նպատակով: 

3. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Միասնական սոցիալական ծառայությունը՝ (…)  իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անապահովության գնահատում.»: Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում են ընտանիքի սոցիալական գնահատման տեսակները, որում անապահովության գնահատումը ներառված լինելով, հանդիսանում է ընդհանուր 5 սոցիալական գնահատման տեսակներից մեկը եւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անապահովության գնահատում.» արտահայտությունը առաջարկում ենք հանել, քանզի այն ներառված է ընտանիքի սոցիալական գնահատման բովանդակությունում:

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, սահմանելով օրենսդրության հասկացությունը, նախատեսում է այն որպես օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն: Սույն մեջբերումը նպատակ է հետապնդում առաջարկել Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «օրենսդրությամբ» հասկացության փոխարեն կիրառել «օրենքով» հասկացությունը, քանզի անձի անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել միայն օրենքով նախատեսված դեպքում եւ կարգով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը այդ գործընթացին չեն մասնակցում: 

5. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», քանզի օգտագործվել է «տեղեկատվական համակարգ» հասկացությունը, որն, արտահայտելով նույն միտքը, չի համապատասխանում Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգ» հասկացությանը:

6. Իրավական որոշակիության պահպանման պահանջը վերաբերելի է նաեւ Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն՝ «Անձին խորհրդատվական օգնություն տրամադրվում է առանց դիմումի՝ դրա լիազորությունն ունեցող անձի կողմից:»: Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի եւ մյուս կարգավորումների համատեքստում անորոշ է՝ ով է  խորհրդատվական օգնություն տրամադրելու լիազորություն ունեցող անձ:

7. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն մարզպետը՝ «իրականացնում է կամավորների հավաքագրում, օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկում նրանց համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովելու եւ կազմակերպելու գործընթացներում եւ վերահսկում նրանց աշխատանքը:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով եւ Նախագծերի փաթեթում ներառված ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 10-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ մասի 3-րդ կետով այդ լիազորությունը տրվել է նաեւ համապատասխանաբար Միասնական սոցիալական ծառայությանը եւ տեղական ինքնակառավարման մարմնին: Առաջարկում ենք հիշատակված դրույթները վերանայել, քանզի նույն լիազորությունը մի քանի մարմնի վերապահելու դեպքում կարող են առաջանալ իրավակիրառ խնդիրներ եւ բախումներ:

8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածը համապատասխանեցնել այս պահանջին, քանզի նրա 3-րդ մասով նախատեսվող կարգավորումը, որը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց համար պարտականություն նախատեսող է նորմ է, ընդգրկված է «Տեղական ինքնակառավրման մարմնի լիազորությունները» վերնագիրը կրող հոդվածում եւ առկա է «Նորմատիվ իրավական կատերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահպանման խնդիր:

9. Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետում առաջարկում ենք ուղղել վրիպակը, քանզի առկա է «ունեցող» բառի կրկնություն:

10. Նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք սոցիալական աջակցության համար դիմող անձի իրավունքների շարքում ներառել նաեւ ներկայացված դիմումից հրաժարվելու վերջինիս իրավունքը՝ պահպանելով տնօրինչականության սկզբունքը:  Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել դիմել կամ չդիմել իրենց իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության համար եւ եթե աջակցություն ստացողի համար այդպիսի իրավունք նախատեսվում է տրամաբանական է նաեւ այդպիսիսն նախատեսել աջակցություն ստանալու համար դիմած, սակայն տրամադրում կամ մերժում չստացած անձին :

11. Ի հակադրում՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի, որում թվարկվում են այն հանգամանքները, որոնց առկայությամբ սոցիալական աջակցություն ստացողի այդ աջակցությունից հրաժարվելու իրավունքը կարող է սահմանափակվել, Նախագծով այդպիսի կարգավորումներ նախատեսված չեն, ինչը կարծում ենք, համահունչ չէ Սահմանդրության 1-ին հոդվածով տրված սոցիալական պետության հայեցակարգին  եւ սոցիալական ոլորտում պետության քաղաքականության նպատակներին: 

Սոցիալական պետության կոչումը եղել եւ մնում է անհատ-պետություն եւ հասարակություն-պետություն հարթություններում սոցիալական առաջընթացի ապահովումը, սակայն այդ առաքելությունը վերաիմաստավորվում է մարդուն որպես բարձրագույն արժեք դիտելու, մարդու արժանապատվության անօտարելիության եւ մարդու իրավունքների առաջնայնության սահմանադրական սկզբունքների համատեքստում։ Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները համահունչ են մարդուն բարձրագույն արժեք դիտարկելու կոնցեպտին: Վերջինիս կարգավորումներում ամրագրված է պետության կողմից ինքնասպասարկման կամ ակտիվ տեղաշարժվելու ունակության կորստով պայմանավորված՝ ինքնուրույն բավարարել իր հիմնական պահանջմունքները անկարող կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձնաց սոցիալական աջակցության տրամադրման պարտադիրությունը՝ անկախ օգնություն ստացող անձանց կողմից այդ օգնությունից հրաժարվելու հանգամանքի, քանզի առանց այդպիսի օգնություն տրամադրելու պետությունը չի կարող իրականացնել այդ անձանց առաջ ունեցած կյանքի եւ առողջության իրավունքի պահպանման պոզիտիվ պարտականությունը

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք համանման կարգավորումներ նախատեսել նաեւ Նախագծում:

12. Նախագծի 41-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունում է Միասնական սոցիալական ծառայության օրենսդրությամբ սահմանված ստորաբաժանումը կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց ենթակա կազմակերպությունները կամ այլ կազմակերպությունները:»:

Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը հանդիսանում է վարչական ակտ, որը չի կարող ընդունվել «այլ կազմակերպություների» կողմից: 

Բացի այդ, Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով այդպիսի որոշում կայացնելու լիազորությունը վերապահվել է Միասնական սոցիալական ծառայությանը: Տվյալ պայմաններում առավել անհասկանալի է Նախագծի 41-րդ հոդվածի 7-րդ մասով այդպիսի որոշում կայացնելու լիազորությունը այլ սուբյեկտների հետ կապելու հանգամանքը: Հետեւաբար գտնում ենք, որ Նախագծի 41-րդ հոդվածի 7-րդ մասը լրամշակման անհրաժեշտություն ունի:

13. Նախագծի 58-րդ հոդվածով նախատեսվում են հասարակական դիտորդների խմբի կողմից մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ ընթացակարգային կարգավորումներ: Առաջարկում ենք նախատեսել նաեւ որոշակի կարգավորումներ, որոնք որոշակի հետեւանքներ կնախատեսեն այդպիսի մշտադիտարկման արդյունքների նկատմամբ եւ իրականացվող մշտադիտարկումները չեն կրի ինքնանպատակ ու ձեւական բնույթ:

14. Նախագծի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի նկատառումից ելնելով, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:», առաջարկում ենք նախատեսել առավել ուշ ժամկետ նախագծի ուժի մեջ մտնելու, քանզի նրանում նախատեսվող նոր կարգավորումները ծավալուն են եւ կարող է առկա լինել հասցեատեր սուբյեկտների կողմից այն յուրացնելու եւ վարքագիծը համապատասխանեցնելու խնդիր:

15. Նախագծի 59-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք Կառավարության կողմից ընդունման ենթակա ակտերը մատնանշելիս «ենթաօրենսդրական իրավական ակտեր» արտահայտության փոխարեն օգտագործել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» արտահայտությունը՝ ուղորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված սահմանմամբ:

16. «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսելու մասին» օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ կետում օգտագործվող «տեղեկատվական շտեմարանի տիրապետում» հասկացությունը անորոշ է եւ կարող է առաջացնել սույն Եզրակացության 1-ին կետով բարձրացված իրավակիրառ խնդիրները: Առաջարկում ենք վերանայել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսելու մասին» օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ կետը:

17. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք պահպանել հոդվածների համարակալման ճիշտ հաջորդականությունը:

18. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

19. «Պետական  նպաստների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Պետական  նպաստների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն  կատարել՝ հանելով որոշակի բառեր. միաժամանակ Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն իր կից նախագծերի փաթեթով (փաստաթղթային կոդ՝ Կ-886-16.07.2024-ԱՍ-011/0), որի 13-րդ հոդվածի 3-րդ կետով «Պետական  նպաստների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան բառերը բովանդակող ամբողջական պարբերությունն է հանվում: Վերը նշված երկու նախագծերի ինկորպորացումն ապահովելու նպատակով առաջարկում ենք համապատասխան նախագծերով նախատեսված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց:

Միաժամանակ առաջարկում ենք «Պետական  նպաստների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «5.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «5.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով: 

20. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 169.33-րդ հոդվածի վերնագրում նշված «ծառայությունների» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նվազագույն» բառը՝ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունն ապահովելու նպատակով. սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից:

21. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացնել նոր 244.23-րդ հոդված, որը վերաբերում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինների կողմից քննվող գործերին, մինչդեռ նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 230-րդ հոդվածն է վերաբերում Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից քննվող գործերին. բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 244.23-րդ հոդվածը լրացվում է նշված օրենսգրքի 17-րդ գլխում, որը վերաբերում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գորխերի միայն ենթակայությանը, հետեւաբար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նոր լրացվող 244.23-րդ հոդվածում «վերահսկողություն է իրականացնում» գործառույթի մասին նշելը չի համապատասխանում համապատասխան գլխի վերնագրին:

22. Առաջարկում ենք համապատասխանեցնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 244.23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական րավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասու սուբյեկտին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սուբյեկտների հետ. մասնավորապես երկու հոդվածներն է վերաբերում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմիններին, սակայն գործող կարգավորմամբ տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն ոչ միայն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները եւ տարածքային կենտրոնների պետերը, իսկ նշված նախագծով նույն տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի միայն տեսչական մարմնի ղեկավարը. Դրույթների միմյանց համապատասխանությունն ապահովելու եւ հակասական կարգավորումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք նշված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց կամ սահմանել դրույթի ընդհանուր մասից բացառություն՝ միեւնույն հոդվածի շրջանակներում:

23. Առաջարկում ենք «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող նոր «զ» ենթակետում «հանցագործությունները» բառից առաջ լրացնել «հավանական» բառը, քանզի արդեն իսկ հաստատված հանցագործության կամ իրավախախտման դեպքում ոստիկանությունը պարտավոր է կանխել կամ խափանել այն (այլ ոչ թե տնայց իրականացնել), որի հետ կապված կարգավորումները հստակ սահմանված են «Ոստիկանության մասին» օրենքում:

24. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նածագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, որպես գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք սահմանված է «14) մասնագիտական գործունեությունը շարունակելու համար աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը (…) չներկայացնելու դեպքում՝ ներկայացնելու համար սահմանված ժամկետի հաջորդ օրվանից». նախ առաջարկում ենք «ժամկետի» բառը փոխարինել «ժամկետի լրանալու» կամ «ժամկետի ավատի օրվան» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետը կարող է որոշակի ժամանակահատվածի միջակայք լինել, ուստի սույն առաջարկությունն ուղղված է  դրույթի հստակությունն ապահովելուն: Բացի այդ, կարծում ենք, Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքը, այն է՝ «եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից» իր մեջ արդեն իսկ կլանում է օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը չներկայացնելը. մասնավորապես՝ եթե անձը որոշակի գործողություններ կատարելու համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է հավաստագիր կամ լիցենզիա ձեռք բերել կամ ներկայացնել եւ չի իրականացնում օրենքով սահմանված պահանջը, ապա վերջինս չի կարող իրականացնել հավաստագիր կամ լիցենզիա պահանջող որոշակի աշխատանքներ կամ զրկվում է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Ոստիկանության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

06.08.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

06.08.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել սոցիալական աջակցության հիմնական նպատակները, սկզբունքները, ոլորտի կառավարումը, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, համայնքային սոցիալական ծրագրերը, ընտանիքի սոցիալական գնահատման տեսակներն ու հիմնական պայմանները, սոցիալական ծառայությունների տեսակները, դրանք տրամադրող սուբյեկտները, նրանց լիազորությունները եւ համագործակցությունը, սոցիալական աջակցություն տրամադրելու, դադարեցնելու, մերժելու հիմքերը, սոցիալական աջակցության համար դիմողի եւ ստացողի իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական աշխատողների իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները, պետական վերահսկողությունը, մշտադիտարկումը, ինչպես նաեւ սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված այլ հարաբերությունները կարգավորող դրույթներ:

Փաթեթում ընդգրկված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ համայնքային սոցիալական ծրագիրը ֆինանսավորում է նաեւ վճարովի սոցիալական ծառայություններ ստանալու դիմաց վճարներից: Սակայն Նախագծում չեն սահմանվում վճարովի սոցիալական ծառայությունների տեսակները, դրանց մատուցման դեպքերն ու պայմանները, վճարների չափերը, ինչը կարող է անորոշություններ ստեղծել դրանց գործնական կիրառման տեսանկյունից: Կարծում ենք, Նախագծում պետք է առնվազն նշվածնեը հստակ սահմանվեին:

2. Նախագծի 45-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանվում են, որ որպես սոցիալական աշխատող կարող է մասնագիտական գործունեություն իրականացնել նաեւ՝

1) այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող եւ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց ավարտած, համապատասխան վկայական ստացած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձը կամ

2) հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարման բարձրագույն կրթություն ունեցող եւ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց ավարտած, համապատասխան վկայական ստացած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձը:

Կարծում ենք, նշված կետերը կրկնում են միմյանց, քանի որ «հոգեբանություն», «սոցիալական մանկավարժություն», «հատուկ մանկավարժություն», «սոցիոլոգիա» եւ «մարդկային ռեսուրսների կառավարում» մասնագիտություններն արդեն իսկ ներառվում են 1-ին կետում նշված «այլ մասնագիտությունների» մեջ: Այս առումով առաջարկում ենք նշված կետերը միավորել՝ կրկնություններից խուսափելու համար: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդունել  «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենք, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել մի շարք հարակից օրենքներում: 

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնակչության կենսամակարդակի եւ սոցիալական վիճակի բարելավման եւ մատուցվող սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի եւ որակի բարձրացման անհրաժեշտությամբ՝ համապատասխանեցնելով այդ նպատակի համար հարակից ոլորտները նույնպես: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1. Վերանայել «կյանքի դժվարին իրավիճակ», «ընտանիք», «սոցիալական աջակցություն», «հիմնական պահանջմունքներ», «բռնություն», «ընտանիքի սոցիալական գնահատում» եւ այլ հասկացությունները, սահմանել «անօթեւան», «որոշակի բնակության վայր չունեցող», «համայնքային սոցիալական ծրագիր», «սոցիալական բնակարանային ֆոնդ», «սոցիալական պաշտպանություն» եւ այլ նոր հասկացությունները.

2. Հստակեցնել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի առարկան.

3. Վերանայել եւ հստակեցնել սոցիալական աջակցության ոլորտի հիմնական դերակատարների լիազորությունները.

4. Տարբերակել եւ սահմանել համագործակցության ու կոնկրետ դեպքի շուրջ ձեւավորվող աջակցող ցանցերը.

5. Սահմանել անձնական տվյալների մշակման հետ կապված իրավակարգավորումներ.

6. Վերանայել ընտանիքի սոցիալական գնահատման գործընթացը, սահմանել ընտանիքի ապահովության գնահատման հիմնական դրույթները.

7. Սահմանել սոցիալական աջակցության տրամադրման նոր սուբյեկտ՝ իրավաբանական անձը եւ անհատ ձեռնարկատերը.

8. Սահմանել սոցիալական ծառայությունների տրամադրումը նաեւ աջակցության քարտի միջոցով.

9. Վերանայել սոցիալական աշխատողին եւ սոցիալական սատարողին ներկայացվող պահանջները եւ այլն:

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կկարգավորվեն որոշակի հարաբերություններ, որոնք ներկայումս կարգավորված չեն:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում տրված «անօթեւան» հասկացության սահմանման համաձայն՝ ««անօթեւան»-ը ժամանակավոր օթեւանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում բնակվող, սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունեցող եւ կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող 3 տարիների ընթացքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը չօտարած անձ կամ ընտանիք է, ով իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի»: 

 Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչու է սահմանվել վերոնշյալ՝ «կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող 3 տարիների ընթացքում» ժամանակահատվածը.

Ի դեպ, նմանատիպ արտահայտություն է նշված նաեւ ««Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում.

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի /վկայագիր/ ձեւակերպումը վերանայման եւ հստակեցման կարիք ունի.

3. Նախագծի 18-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Ընտանիքի անապահովության գնահատման նպատակով՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ մյուս չափահաս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ, ներկայացնում է առցանց դիմում: Դիմողը դիմումը ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անհատական օգտահաշվի միջոցով, լրացնելով անհրաժեշտ բոլոր տվյալները եւ կցելով (ներբեռնելով) սահմանված փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, որոնք հավաքվում են ընտանիքի սոցիալական էլեկտրոնային գործում»:

Վերը հիշատակված դրույթից բխում է, որ ընտանիքի անապահովության գնահատման նպատակով (սոցիալական աջակցություն ստանալու համար) նախատեսված է բացառապես դիմումի ներկայացման առցանց եղանակ, ինչը նշանակում է, որ ընտանիքը պետք է ունենա համակարգիչ, պատճենահանող սարք, ինտերնետ հասանելիություն: Մինչդեռ, անապահով շատ ընտանիքներ, ֆինանսական վիճակից ելնելով, չունեն այդ հնարավորությունները: Եվ ստացվում է, որ այդ պատճառով չեն կարող անապահովության գնահատման դիմում ներկայացնել եւ ստանալ սոցիալական աջակցություն:

Վերոնշյալի կապակցությամբ առաջարկում ենք նախատեսել նաեւ գրավոր դիմում ներկայացնելու հնարավորություն՝ ապահովելով դիմումի ներկայացման համար համապատասխան մարմինների կողմից նաեւ անհրաժեշտ այլ աջակցություն:

Այս համատեքստում առաջարկում ենք նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Նախագծի 18-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերում, 36-րդ հոդվածում, այն է՝ «Սոցիալական աջակցության համար դիմող անձի իրավունքները», կատարել անհրաժեշտ  համապատասխանեցումներ Նախագծի այլ դրույթներում, հարակից իրավական ակտերում.

4. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշվում է հատուկ տրանսպորտային միջոցների տրամադրման մասին: Առաջարկում ենք սահմանել, թե որ տրանսպորտային միջոցներն են համարվում «հատուկ տրանսպորտային միջոցներ» կամ հղում կատարել այն իրավական ակտին, որով տրվում է «հատուկ տրանսպորտային միջոցներ»-ի սահմանումը. 

5. Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի /դրամական միջոցներ/ ձեւակերպումը վերանայման եւ հստակեցման կարիք ունի.

6. Առաջարկում ենք Նախագծի 41-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ մասերում՝ որպես սոցիալական աջակցություն տրամադրող սուբյեկտ ավելացնել նաեւ անհատ ձեռնարկատերերին.

7. Առաջարկում ենք Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում ավելացնել բացառություն կազմող դեպքերը: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները եւ առաջարկությունները՝ կարծում ենք Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/ 513-235, 16-18

31.07.2024թ.