ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-887-16.07.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-887-16.07.2024-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 191-րդ հոդվածի 1-ին մասից հետո, որպես ճանապարհային հարկի արտոնության դեպք, լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից փոխադարձության սկզբունքով կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով, ինչպես նաեւ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները կամ այդ հարկ վճարողների նկատմամբ փոխադարձության սկզբունքով կարող է կիրառվել ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ այն դեպքում, երբ Կառավարությունը սահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը, իսկ նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով՝ նաեւ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման չափը կամ նվազեցված դրույքաչափը:»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է՝ որ Նասխագիծը հնարավորություն կընձեռնի «սահմանել ճանապրհային հարկ վճարողների նկատմամաբ արտոնություններ այն դեպքերում, երբ ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը»: Ամփոփելով, կարող ենք նշել, որ Նախագծով նախատեսվում է, Օրենսգրքում լրացնել նոր լիազորող նորմ, որով Կառավարությանն է վերապահվում սահմանել հարկային արտոնության դեպքերը. այսինքն՝ Օրենսգրքում լրացվող հարկային արտոնությունը կգործի միայն այն դեպքում, երբ Կառավարությունը սահմանի: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը. Օրենսգիրք 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի եւ Օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի եւ վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ հարկային արտոնությունները». Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի». (բացառություն հանդիսացող 3.1-ին մասը վերաբերում է միայն անհաղթահարելի ուժին՝ արտակարգ կամ անկանխատեսելի հանգամանքներով պայմանավորված՝ ընդ որում նախատեսվում է միայն հարկի կամ հարկման բազայի նվազեցում): Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը»: Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է, որ հարկ վճարողն իրավունք ունի օգտվելու բացառապես Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկային արտոնություններից. Նշված դրույթների համապարփակ վերլուծությունից բխում է, որ՝ -հարկային արտոնություն սահմանելու իրավասությունը վերապահված է օրենսդրին, -օրենսդիրն է որոշում արտոնության դեպքերը, այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է տվյալ արտոնությունը, -Կառավարությունն իրավասու չէ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանել հարկային արտոնություն, -Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել կամ կոնկրետացվել հարկային արտոնություններից օգտվելու ընթացակարգային հարցերը՝ ապահովելով Օրենսգրքով սահմանված հարկային արտոնությունների իրականացումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը: Բացառապես օրենսդրական ակտերով (ինչպես նաեւ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող միջազգային պայմանագրերով) հարկային արտոնություններ նախատեսելը, կարծում ենք, ինքնանպատակ չէ եւ կոչված է ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածությունն ու երաշխավորվածությունը, կանխելու գործադիր իշխանության կողմից անհարկի միջամտությունը ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը: Օրենքի գերակայության սկզբունքն ամրագրված է Սահմանադրության 5-րդ հոդվածում, որի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին: Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր ( )»: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (օրինակ՝ ՍԴՈ-832) արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ հարկային արտոնությունների իրավունքն ամբողջությամբ բխում է հարկ մուծելու սահմանադրական պարտականությունից, իսկ Սահմանադրությամբ օրենսդիր իշխանությունն է օժտված հարկերի վճարման կարգը որոշելու իրավասությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, Օրենսգրքում Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով, ինչպես նաեւ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու նպատակով ճանապարհային հարկի վճարումից ազատելու (կամ դրուքաչափի նվազեցման) դեպքերի նախատեսումը, որպես հարկային արտոնության դեպքեր, Կառավարությանը վերապահելը չի համապատասխանում Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ Օրենսգրքի 1-ին, 19-րդ, 34-րդ հոդվածների պահանջներին: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 5-րդ եւ 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսված իրավակարգավորման համապատասխանությունը Օրենսգրքով նախատեսված հարկային արտոնությունների ընդհանուր տրամաբանությանը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 30.07.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 30.07.2024թ.
Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել սահմանելու ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություններ այն դեպքերում, երբ ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը: Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածը լրացնել 1.1. մասով հետեւյալ բովանդակությամբ. «1.1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից փոխադարձության սկզբունքով կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով, ինչպես նաեւ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները կամ այդ հարկ վճարողների նկատմամբ փոխադարձության սկզբունքով կարող է կիրառվել ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ այն դեպքում, երբ Կառավարությունը սահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը, իսկ նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով՝ նաեւ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման չափը կամ նվազեցված դրույքաչափը:»: Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով»: Կարծում ենք, Նախագծով առաջարկվող լրացման դեպքում կառաջանա հակասություն Հարկային օրենսգրքի այլ հոդվածների հետ, որոնցով հարկային արտոնությունների սահմանումը նախատեսված է բացառապես օրենքով: Այսպես, հարկի դրույքաչափի նվազեցումը, համաձայն Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկային արտոնության տեսակ է, իսկ 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային դրույքաչափերը սահմանվում են Հարկային օրենսգրքով: Համաձայն Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկը սահմանվում է որպես պետական եւ (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր եւ անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով եւ ժամկետներում: Նշվածից բխում է, որ Կառավարությունը չի կարող սահմանել հարկային արտոնություն, քանի որ դա հակասում է ոչ միայն Հարկային օրենսգրքի վերը թվարկված դրույթներին, այլեւ չի բխում հարկային քաղաքականության տրամաբանությունից: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 29.07.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է' 1. Դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման, ինչպես նաեւ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ բեռնատար տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) երկրին, տեսակին, քանակին եւ արտոնության չափին համապատասխան. 2. Ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջի սահմանում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ հեռ. /011/ 513-235, 16-18 29.07.2024թ.
|