ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-893-23.07.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-893-23.07.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր՝ 18.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքով «հանրային հսկողություն» հասկացության սահմանված չլինելու, ինչպես նաեւ հանրային հսկողության վերաբերյալ կարգավորման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե հարկային ոլորտում ինչ է իրենից ներկայացնում հանրային հսկողությունը, հանրային հսկողության ինչ մեխանիզմներ կարող են կիրառվել, ինչի արդյունքում հասկանալի չէ նաեւ, թե հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով հարկային վարչարարության աջակցման ինչ ծրագրեր կարող են սահմանվել: Վերոգրյալից բխում է, որ քննարկվող նորմով սահմանվող լիազորող նորմը բավականաչափ որոշակի չէ, ինչը խնդրահարույց կարող է լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից, որով սահմանված է. «(...) Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Այլ կերպ ասած, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պարզ չէ՝ ինչ է հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողությունը, ինչ եղանակով այն կարող է դրսեւորվել եւ ում վրա տարածվել, եւ միաժամանակ, առաջնորդվելով իրավական որոշակիության սկզբունքով, առաջարկում ենք հարկային վարչարարությանն աջակցելու նպատակով հանրային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ կառուցակարգերը եւ ընթացակարգերը սահմանել Օրենսգրքում, որն էլ հիմք կհանդիսանա Կառավարության համար համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր սահմանելիս: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված նորմը կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորման հստակությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.08.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.08.2024թ.
Նախագծով նախատեսվում է, որ hարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ առաջարկվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափը վերականգնել նախկին՝ 0.075 տոկոսի չափով ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 30.07.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչն ուղղված է հարկային մարմնի հսկողական միջոցառումների եւ հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Ներկայում, ՀՀ առեւտրային բանկերի կողմից վարկային պարտավորությունների չկատարման դեպքում սահմանված տույժերն (յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` ժամկետանց գումարի 0.13% չափով) ավելի քան 3 անգամ գերազանցում են հարկային պարտավորությունները չկատարելու համար սահմանված տույժի չափը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հարկ վճարողները գերադասում են առաջնային մարել բանկի հանդեպ ունեցած իրենց վարկային պարտավորությունները, նոր միայն՝ պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները: Նախագծով հեղինակն առաջարկում է՝ - սահմանել, որ hարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները, - սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաեւ այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաեւ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, - վերականգնել հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի նախկին՝ 0.075 տոկոս դրույքաչափը: Նախագծի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կբարձրանա հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը, ինչն, իր հերթին, կնպաստի հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացման ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.07.2024թ.
|