ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-894-29.07.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-894-29.07.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում օրենքի հերթական համարից հետո նշված «Օրենքի» բառը առաջարկում ենք փոխարինել «օրենքի» ձեւակերպմամբ:

2. Առաջարկում ենք, հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով նախաձեռնված փոփոխությունը, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18.5-րդ հոդվածի 1-ին մասում «ՕՀԹԹ» հապավումը փոխարինել «ՕՀԹ» հապավումով: 

3. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն Օրենքի 9-րդ հոդվածում լրացվում են նոր՝ «զ.1» եւ «ժ.8» կետեր, որոնցով Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը՝ իրականացնում է անկախ սեփականության ձեւից մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչների արտոնագրումը եւ սահմանում  այդ արտոնագրման կարգը:

Նշենք, որ «մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչների արտոնագրում» ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում, քանի որ Օրենքով ընդհանրապես անդրադարձ չի կատարվում մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչների արտոնագրմանը, հետեւաբար Նախագծում եւ Օրենքում  մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչների արտոնագրման վերաբերյալ դրույթների բացակայությունը կարող է հանգեցնել իրավական շփոթի: 

Բացի այդ նշենք նաեւ, որ օրենքով որեւէ իմպերատիվ պահանջ սահմանված չէ առ այն, որ մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչները ենթակա են պարտադիր արտոնագրման, այսինքն մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզչի գործունեություն կարող է ծավալվալ միայն արտոնագիր ստանալուց հետո՝ պետական լիազոր մարմնի սահմանած կարգով: Այլապես Նախագծով նախատեսվող կարգավորումը կլինի ինքնանպատակ՝ չունենալով պարտադիրության բաղադրիչ: 

Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա Նախագծում կատարել համապատասխան լրամշակումները՝ իրավական կարգավորումների լիարժեքությունն ապահովելու նպատակով:

Միաժամանակ, արտոնագրման պահանջի պարտադիր լինելու դեպքում, առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ներառել պատասխանատվություն նախատեսող նորմեր չարտոնագրված մարզչական գործունեություն իրականացնելու համար՝ մարզիչների եւ մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների կողմից Նախագծով նախատեսվող պարտականությունների կատարումն երաշխավորելու նպատակով:

4. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր նախադասություն, այն է՝ «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների ու լողավազանների գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել եւ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ՝ ֆինանսավորում պետության միջոցներից՝ կառավարության սահմանած կարգի համաձայն»:

Գտնում ենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող նախադասությունում «մասնավոր» եւ «մասնավորի կողմից շահագործվող» հասկացությունների տարբերակման հիմքը հասկանալի չէ: Ավելին, իմաստային առումով նրանք ընկալվում են նույնական՝  հանգեցնելով իրավական նորմում մտքի անհարկի կրկնության:

Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 1-ին մասում նոր լրացող նախադասությունը:

5. Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող նախադասության մեջ նշված «կառավարության» ձեւակերպման փոխարեն կիրառել «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպումը:

6. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 

7. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «իրավական ակտերը» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

                       Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

13.08.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքում «հավաքական թիմ» բառերի փոխարինումը «հավաքական» բառով առաջացնում է «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 9-րդ կետում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

                       Գ. Մուրադյան (հեռ. ` 011-513-248)

13.08.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծն ուղղված է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի զարգացմանն ուղղված օրենսադրական կարգավորումների սահմանմանը: 

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1? Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է լրացում կատարել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում, համաձայն որի՝ ՀՀ կառավարությանն իրավասություն է վերապահվում սահմանել պետական բյուջեից մարզական կազմակերպությունների ֆինանսավորման կարգը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը, ինչն, ըստ էության, ենթադրում է նաեւ բյուջետային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների ֆինանսավորման կարգի սահմանում: Այս առումով, կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացան անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածով արդեն իսկ համապատասխան կարգավորում նախատեսված է:

2? Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել «գ.1» կետով, ըստ որի. «...լիազորված մարմինը...մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ համագործակցում է մասնավոր ոլորտի հետ՝ պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում կնքելով համապատասխան հուշագիր»: Այս առումով հարկ ենք համարում նշել հետեւյալը: Նախ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ է նկատի առնված համագործակցության ներքո: Այլ կերպ ասած, Նախագծով անհրաժեշտ տալ «պետություն մասնավոր համագործակցության» սահմանումը, որն իր մեջ կներառի համագործակցության ձեւերը, եղանակները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները եւ այլն: Դա, նախ եւ առաջ, անհրաժեշտ է հնարավոր անորոշություններից եւ հայեցողական մեկնաբանություններից խուսափելու համար: Իսկ եթե նշված ձեւակերպման ներքո նկատի է առնված «պետություն-մասնավոր գործընկերությունը», ապա Նախագծում պետք է օգտագործել վերջինս: Սակայն այդ դեպքում էլ կառաջանա մեկ այլ խնդիր՝ հետեւյալ հանգամանքով պայմանավորված: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ՊՄԳ ծրագիրը սահմանվում է որպես. «մասնավոր հատվածի մասնակցությամբ հանրային ենթակառուցվածքի կառուցմանը եւ (կամ) բարելավմանը եւ (կամ) շահագործմանը եւ (կամ) տեխնիկական սպասարկմանը միտված ծրագիր, որի ռիսկերը բաշխված են հանրային գործընկերոջ եւ մասնավոր հատվածի միջեւ, եւ որն ունի առնվազն հինգ տարվա տեւողություն՝ հաշվարկված ՊՄԳ պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից»: Նույն օրենքով հանրային ենթակառուցվածքը սահմանվում է որպես «հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող հիմնական միջոց (այդ թվում՝ շենքեր, կառուցվածքներ, սարքավորումներ) եւ (կամ) ոչ նյութական ակտիվ, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ) եւ որի շահագործումը եւ (կամ) կառուցումը եւ (կամ) բարելավումը եւ (կամ) տեխնիկական սպասարկումն ապահովում է մասնավոր գործընկերը՝ ՊՄԳ պայմանագրի համաձայն», իսկ հանրային ծառայությունը սահմանվում է որպես. «հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից եւ (կամ) վերջիններիս անունից եւ (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն կամ գործունեություն»: Այս տեսանկյունից, Նախագծով նախատեսվող մարզական ենթակառուցվածքների կառավարումը, մեր կարծիքով, դժվար է դիտարկել որպես հանրային շահերից բխող գործունեություն եւ, այդ տեսանկյունից, չի տեղավորվում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանվող կարգավորումների շրջանակներում: Ավելին, ՀՀ Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1183-Ն որոշմամբ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներ են սահմանվել հետեւյալները`

ա. առողջապահություն,

բ. կրթություն,

գ. էներգետիկա,

դ. ջրային տնտեսություն,

ե. տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ ծառայություններ,

զ. կոշտ թափոնների հավաքում, մշակում եւ հեռացում,

է. փոստային ենթակառուցվածքներ եւ ծառայություններ,

ը. կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրում եւ էլեկտրոնային նույնականացման համակարգ:

Կարծում ենք, վերը նշվածը մեկ անգամ եւս հիմնավորում է մեր այն տեսակետը, որ մարզական ենթակառուցվածքների կառավարումը չի կարող դիտարկվել որպես հանրային շահերից բխող գործունեություն: Ընդ որում, պետք է նշել, որ պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում հուշագիր, որպես այդպիսին, նախատեսված չէ:  «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր, որը ՊՄԳ ծրագրի իրականացման նպատակով հանրային գործընկերոջ եւ մասնավոր գործընկերոջ միջեւ կնքվող պայմանագիր է: Վերջինիս սահմանումը տրվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, համաձայն որի. «ՊՄԳ ծրագիրը մասնավոր հատվածի մասնակցությամբ հանրային ենթակառուցվածքի կառուցմանը եւ (կամ) բարելավմանը եւ (կամ) շահագործմանը եւ (կամ) տեխնիկական սպասարկմանը միտված ծրագիր, որի ռիսկերը բաշխված են հանրային գործընկերոջ եւ մասնավոր հատվածի միջեւ, եւ որն ունի առնվազն հինգ տարվա տեւողություն՝ հաշվարկված ՊՄԳ պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից»: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

01.08.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով առաջարկվում է Օրենքի ամբողջ տեքստում «հավաքական թիմ» բառերն՝ իր բոլոր հոլովաձեւերով, փոխարինել «հավաքական» բառով (հիմք ընդունելով, որ «հավաքական թիմ» արտահայտությունը գալիս է դեռեւս սովետական գրականության սպորտային տերմինաբանությունից):

Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետը ,(նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու) բառերից հետո լրացնել «, կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ» բառերով՝ հիմք ընդունելով Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից վերոհիշյալ մարզաձեւերը որպես օլիմպիական մարզաձեւ ճանաչելը: 

Ներկայացված Նախագծով, հեղինակն առաջարկում է նաեւ Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր կետերով՝ նախատեսելով իրականացնել մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների? անկախ սեփականության ձեւից, մարզիչների արտոնագրում եւ սահմանել արտոնագրման կարգ:

Ընդհանուր առմամբ, Նախագծի վերաբերյալ դիտողություններ չկան, սակայն սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները՝ արտոնագրման մասով: 

Ցանկալի կլիներ, եթե Նախագծով առնվազն սահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնցից պետք է բխեն արտոնագրման չափորոշիչները (մասնավորապես՝ կրթությունը, մարզչին ներկայացվող պահանջները, հմտությունները եւ կարողությունները): Բացի այդ, կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծով սահմանել, թե արտոնագիրը ի՞նչ ժամկետով է տրամադրվում եւ ո՞ր դեպքերում եւ ի՞նչ հիմքերով մարզիչը կարող է զրկվել արտոնագրից:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Միաժամանակ, Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների լուծման առումով լրամշակման կարիք ունի՝ վերը նշված առաջարկությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

01.08.2024թ.