ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-896-07.08.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-896-07.08.2024-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետի համարակալումն առաջարկում ենք տեքստից բաժանել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

2. Նախագծի մի շարք կարգավորումներ խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ 

1) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացվող նոր՝ «ժե» ենթակետում սահմանված դրույթով Կառավարությանը վերապահվում է «ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի եւ բաղադրիչների ֆինանսավորման կարգը» հաստատելու իրավասություն: Նշված դրույթում իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է «փորձանմուշների, լրամասերի եւ բաղադրիչների ֆինանսավորում» հասկացությունը, հասկանալի չէ՝ ինչ շրջանակ է ընդգրկում ֆինանսավորումը, արդյոք այն ենթադրում է փորձանմուշների, լրամասերի եւ բաղադրիչների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը: Հարկ ենք համարում նշել, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավական դրույթի համաձայն. «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված օրինականության սկզբունքն ենթադրում է, որ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացվող նոր՝ «ժե» ենթակետում սահմանված դրույթն իրավական որոշակիության տեսանկյունից՝ հասցեատեր սուբյեկտներին հնարավորություն ընձեռելով դրսեւորել համապատասխան վարքագիծ: Բացի այդ, Նախագծի քննարկվող դրույթի իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք նաեւ «փորձանմուշների» բառից առաջ լրացնել «ռազմական ապրանքի» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվող լրացումների բովանդակությունից բխում է՝ փորձանմուշները, լրամասերը եւ բաղադրիչները ռազմական ապրանքի բաղկացուցիչ մասերն են:

2) Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» վերատառությամբ նոր՝ 5.1-ին գլուխ: Մինդեռ սույն գլխում ներառված իրավակարգավորումների ոչ ամբողջական եւ ոչ հստակ լինելու հանգամանքը բացառում է հնարավորությունը  հասկանալու Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 5.1-ին գլխում ներառված իրավակարգավորումների բովանդակությունը եւ անհրաժեշտությունը: Ինչը հանգեցնում է Նախագծի իրավական որոշակիության տեսանկյունից վերանայման անհրաժեշտության: Օրինակ.

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխի վերնագրում հիշատակվում է փորձանմուշների արտադրության մասին, մինչդեռ դրանում ներառված իրավակարգավումներն որեւէ կերպ չեն անդրադառնում փորձանմուշների արտադրությանը: Նույն կերպ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի վերնագրում նշում է կատարված «փորձանմուշների հանձնման-ընդունման աշխատանքների» մասին, սակայն քննարկվող հոդվածում բացակայում են փորձանմուշների հանձնման-ընդունման աշխատանքներին վերաբերող իրավակարգավումները: 

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ պետական (միջգերատեսչական) փորձարկումներ անցկացնող միջգերատեսչական փորձարկումների հանձնաժողովն իրականացնում է պայմանագրի փուլի աշխատանքների եւ փորձարկումների արդյունքների ընդունում: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով սահմանված, ինչպես նաեւ Օրենքում առկա իրավակարգավումներից հասկանալի չէ՝ որոնք են պայմանագրի փուլերը, որոնց աշխատանքները ընդունվում են հանձնաժողովի կողմից: Բացի այդ, Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական պատվիրատուն ԳՀՓԿԱ արդյունքների իրագործումն ապահովելու նպատակով իր կողմից ընդունված պայմանագրի արդյունքները հանձնում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին՝ ԳՀՓԿԱ նպատակներին համապատասխան օգտագործելու համար:»: Նշված դրույթը եւս խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, հասկանալի չէ՝ պետական պատվիրատուն պայմանագրի ինչ արդյունքներ է ընդունում, որոնք պարտավորվում է հանձնել իրավասու պետական մարմնին: Այսպես՝ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթով պայմանագրի փուլի աշխատանքները ընդունվում են հանձնաժողովի կողմից, իսկ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է պետական պատվիրատուի կողմից ընդունված պայմանագրի արդյունքների մասին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարվող լրացումները եւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված իրավակարգավորումները սահմանված չեն բավար հստակությամբ, չեն ընդգրկում կարգավորվող հարաբերությունների ամբողջական շրջանակը եւ կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Հետեւաբար, առաջարկում ենք վերանայել Նախագիծն իրավական որոշակիության ապահովման նպատակով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացվող նոր՝ «ժէ» ենթակետում, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրվող «ժա» ենթակետում  կիրառվում է «ռազմական նշանակության ապրանք» հասկացությունը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում սահմանված է «ռազմական ապրանք եւ գույք» հասկացությունը, այն է. «ռազմական ապրանք եւ գույք` ռազմական կարիքների համար պետական պատվերով մատակարարվող արտադրանք, մատուցվող ծառայություն եւ աշխատանք.»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված իրավադրույթների համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական դրույթներն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել Օրենքում սահմանված հասկացությունը:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 1-ին մասում «գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներ» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «ԳՀՓԿԱ»: Մինչդեռ հարկ է նկատել, որ վերոնշյալ կրճատ տարբերակը կիրառված է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի վերնագրում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Այսպես՝ որպես կրճատ տարբերակ սահմանված «ԳՀՓԿԱ» եզրույթը կիրառված է նախքան դրա սահմանումը Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 1-ին մասում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում հաճախակի կիրառվող երկար արտահայտության համար կրճատ տարբերակը սահմանել առաջին իսկ կիրառումից հետո կամ այն կիրառել միայն Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 1-ին մասին հաջորդող տեքստում: 

5. Բացի այդ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 5.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի վերնագրում կիրառված է «ԳՀՓԿԱ» աշխատանքներ ձեւակերպումը, մինչդեռ վերը նշված հապավումն իր մեջ արդեն իսկ պարունակում է աշխատանքներ եզրույթը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

16.08.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

16.08.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների կողմից նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար, կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման եւ հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների  արդյունքների փորձարկումների եւ դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

գլխավոր մասնագետ     Գ. Սաֆարյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.08.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում, ինչը պայմանավորված է ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին սահմանելու, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առանձին ծրագրերի հաստատման համար Հայաստանի Հանրապետության կառավարության համար լիազորող նորմ ամրագրելու, ինչպես նաեւ ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների եւ ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է իրավական հիմքեր նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում գործունեության պատշաճ իրականացման համար, ինչպես նաեւ կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման եւ հաստատման, ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների եւ դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի կազմակերպման, ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների եւ դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

09.08.2024թ.