ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-898-14.08.2024-ԵԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-898-14.08.2024-ԵԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 23.08.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության 8-րդ կետում նախատեսված է հետեւյալ սահմանումը. «Համագործակցության հարցերով դատախազ» նշանակում է՝ անձ, ով, ներպետական օրենսդրության համաձայն, Հայաստանում իրականացնում է դատախազի կամ դատավորի գործառույթ եւ Հայաստանի կողմից գործուղվել է Եվրաջասթ՝ համաձայն սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի.»: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորված չեն որպես «Համագործակցության հարցերով դատախազ» նշանակվող դատավորի կամ դատախազի ընտրության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ ինչպես է որոշվում «Համագործակցության հարցերով դատախազը» լինելու է դատավորի գործառույթ իրականացնող անձ, թե դատախազի գործառույթ իրականացնող անձ: Բացի այդ, բացակայում են կարգավորումներ «Համագործակցության հարցերով դատախազ» նշանակող կամ ընտրող սուբյեկտի վերաբերյալ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ կարող է առաջանալ օրենքում փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:»: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:»: Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 23.08.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը: Վերջինիս նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ գլխավոր մասնագետ Գ. Սաֆարյան (հեռ.՝ 011 513-603) 22.08.2024թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսել քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը: Համաձայն Համաձայնագրի՝ Եվրոպական միության համար իրավասու մարմին է՝ Եվրաջասթը, իսկ Հայաստանի Հանրապետության համար՝ ներպետական օրենսդրությամբ հանցագործությունների դեպքերով նախաքննություն եւ քրեական հետապնդում իրականացնելու, այդ թվում՝ Համաձայնագրի II հավելվածում թվարկված՝ քրեական վարույթներով իրավական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի կատարման համար պատասխանատու ներպետական մարմինները: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 20.08.2024թ.
|