ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-900-16.08.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-900-16.08.2024-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացում կատարելու միջոցով Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողներին ընդգրկել Օրենքի կարգավորման շրջանակներում որպես շահառու: Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն շահառու կարող են հանդիսանալ այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետեւանքով: Այսինքն, բացի զինծառայողի կարգավիճակ ունենալուց նորմի հիպոթեզը պարտադիր պայման է նախատեսում սուբյեկտի կողմից մարտական գործողությունների մասնակցելու հանգամանքը: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ծառայության սպաները եւ ենթասպաները զինծառայողներ են (...)»: «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանման ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «(...) Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաեւ այլ զորքերը: (...)»: Միեւնույն ժամանակ «Պաշտպանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը այլ զորքերի մասնակցությունը զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին սահմանափակում է միայն «իրենց իրավասությունների շրջանակներում` (...)»: Ելնելով վերոգրյալից եւ Նախագծով նախատեսվող կարգավորումների լիարժեքությունն ապահովելու նպատակից՝ առաջարկում ենք համապատասխան լրացումներ նախատեսել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներում, քանզի գործող կարգավորումներում Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կողմից մարտական գործողությունների մասնակցելու իրավասություն չի նախատեսվում: 2. Նախագծի 3-րդ հոդվածում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պաշտպանության մասին» օրենքի, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 22.08.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 22.08.2024թ.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 27.08.2024թ.
Կառավարության կողմից ներկայացվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն (այսուհետ՝ Ծառայություն) ընդգրկված չէ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում, հանդիսանում է վարչապետին ենթակա առանձին մարմին, անհրաժեշտություն է առաջացել կատարել Նախագծով առաջարկվող լրացումը: Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի մեջ կատարել համապատասխան լրացումը, այն է՝ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը» բառերով, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաեւ Ծառայության զինծառայողների վրա: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 29.08.2024թ.
|