ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-901-16.08.2024-ՏՏԳՇ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9011 -16.08.2024-ՏՏԳՇ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9012 -16.08.2024-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9013 -16.08.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-901-16.08.2024-ՏՏԳՇ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-9011 -16.08.2024-ՏՏԳՇ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-9012 -16.08.2024-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9013 -16.08.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 4-րդ կետով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 34-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ. «արտադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ համարվում է տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի արտադրության իրավատերը»: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն հանգամանքին, որ Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրում եւ դրա տեքստում կիրառվող «արտադրող» բառն իր իմաստով տարբերվում է Նախագծով սահմանված «արտադրող» հասկացության իմաստից: Մասնավորապես՝ Նախագծով սահմանվող հասկացության համաձայն «արտադրող» է համարվում միայն պեստիցիդի եւ ագրոքիմիկատի արտադրությամբ զբաղվող անձը, մինչդեռ Օրենքի 13-րդ հոդվածում կիրառվող «արտադրող» բառը վերաբերում է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, ինչպես նաեւ՝ պեստիցիդի եւ ագրոքիմիկատի արտադրությամբ զբաղվող անձանց: Բացի այդ՝ Նախագծով սահմանվող «արտադրող» հասկացությունը վերաբերում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպե նաեւ անհատ ձեռնարկատերերին, մինչդեռ Օրենքի 13-րդ հոդվածով որպես «արտադրող» կարող են հանդես գալ միայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», հետեւաբար առաջարկում ենք բացառել Նախագծի եւ Օրենքի դրույթներում «արտադրող» բառի տարբեր իմաստներով կիրառությունը: 2. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ նշված է «պետական գրանցման» եզրույթի կրճատ տարբերակը, այն է՝ «այսուհետ՝ գրանցում», հետեւաբար Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6.1.-ին հոդվածի 1-ին մասում «պետական գրանցման» եզրույթի կրճատ տարբերակը կրկին նշելը գտնում ենք ավելորդ է: 3. Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով: Պարզեցված ընթացակարգով գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում:»: Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորումը կարող է առաջացնել Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահպանման խնդիր, քանզի, Կառավարությանը պեստիցիդների՝ պարզեցված ընթացակարգով գրանցվելու պայմաններ սահմանելու իրավասությամբ լիազորող նորմը չի հստակեցնում, թե այդ դեպքերը ինչ չափանիշների հիման վրա են սահմանվելու, ինչ շրջանակում՝ Կառավարությանն ընձեռելով անորոշ շրջանակի հայեցողություն դրսեւորելու հնարավորություն: Առաջարկում ենք հետագա իրավական տարընկալումներից խուսափելու նպատակով որոշակիացնել Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որպես օրինակ դիտարկելով «Դեղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող ձեւակերպումները: 4. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասում նշված «Լիազոր մարմինը» բառերը «լիազոր մարմինը» բառերով՝ հիմք ընդունելով Օրենքում կիրառված հասկացությունները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: 5. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պեստիցիդների պետական գրանցումն իրականացվում է շահագրգիռ սուբյեկտի կողմից ներկայացված հայտի հիման վրա, որին կարող են կցվել այլ փաստաթղթեր: Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածում նախատեսել հայտին ներկայացվող պահպանման ենթակա վավերապայմաններ կամ նշել այն պետական մարմնին, ով իրավասու կլինի սահմանել այդպիսի վավերապայմաններ, քանզի նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն նախատեսվում են որոշակի անբարենպաստ հետեւանքներ հայտում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության դեպքում: Հետեւաբար կա անհրաժեշտություն Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածում հստակեցնել շահագրգիռ սուբյեկտների համար հայտին ներկայացվող պարտադիր պահպանման ենթակա վավերապայմանները՝ հնարավորություն տալով խուսափել թերացումներից: Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող
6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 6-րդ մասի 10-րդ կետում՝ որպես պեստիցիդների գրանցման համար լիազոր մարմին ներկայացվող անհրաժեշտ փաստաթուղթ նշված է «տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում դրանց երկու տարվա անընդմեջ դաշտային եւ լաբորատոր փորձարկման արդյունքների մասին, որը տրամադրվում է քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկում նշված գիտական եւ կրթական կազմակերպությունների կողմից՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից հաստատված ձեւին համապատասխան»: Այսպես՝ նշյալ տեղեկանքը տրվում է քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկում նշված գիտական եւ կրթական կազմակերպությունների կողմից: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված նորմը բավարար որոշակիություն չունի, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչ ցանկի մասին է խոսքը, ինչ ընթացակարգով է այն հաստատվում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից եւ ինչ սկզբունքով են կազմակերպություններն ընդգրկվում եւ հանվում այդ ցանկից: Առաջարկում ենք կատարել համապատասխան հստակեցում: 7. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 11-րդ մասով կարգավորվում է պեստիցիդների վերագրանցումը: Հարկ է նկատել, որ, Օրենքի գործող կարգավորումների համաձայն, պեստիցիդների վերագրանցումն իրականացվում է երկու հիմքով՝ գրանցման ժամկետի լրանալու եւ պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխության դեպքերում: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 11-րդ մասով եւս սահմանվում են այդ երկու հիմքերը, ընդ որում՝ պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխության հիմքը նույնությամբ կրկնվում է Նախագծի քննարկվող նորմում, իսկ գրանցման ժամկետի լրանալու հիմքով վերագրանցման դեպքը շարադրվում է հետեւյալ կերպ. «մինչեւ գրանցման ժամկետի լրանալն առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել եւ պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունը չի փոփոխվել»: Այսպես՝ դրանից բխում է, որ գրանցման ժամկետի լրանալու պայմանից բացի ավելացել է նաեւ պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերության չփոփոխվելու պայմանը, եւ այդ հիմքով վերագրանցման համար անհրաժեշտ է այդ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը: Նախագծով պեստիցիդների վերագրանցման հիմքերի կապակցությամբ նշենք, որ պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխությունը՝ որպես պարտադիր պայման վերագրանցման համար հիմք հանդիսացող երկու դեպքերում էլ նշված է, ինչը հասկանալի չէ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխությունն արդեն իսկ հանդիսանում է առանձին հիմք, հետեւաբար՝ գրանցման ժամկետի լրացման հիմքում եւս այդ պայմանը սահմանելը հանգեցնելու է իրավական շփոթի: Բացի այդ՝ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի վերլուծությունից ենթադրվում է, որ գրացնման ժամկետի լրանալու հիմքով վերագրանցման դեպքում պեստիցիդը պետք է լինի առանց որեւէ փոփոխությունների, եթե պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխությունն ինքնին հանգեցնում է վերագրանցման՝ անկախ գրանցման ժամկետից: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում անհրաժեշտ է «կամ» շաղկապները փոխարինել «եւ» շաղկապներով, հակառակ դեպքում այդ դրույթում նյութերն իրարից «կամ» շաղկապով անջատելուց բխում է, որ նույնիսկ եթե պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից կամ դրանց տոկոսային հարաբերություններից բոլորը՝ բացի մեկից փոխվել են, ապա վերագրանցումը հնարավոր է իրականացնել գրանցման ժամկետի լրանալու հիմքով: Մինչդեռ քննարկվող նորմի վերլուծությունից բխում է, որ գրանցման ժամկետի լրանալու դեպքում պեստիցիդների ազդող, համագործիչ եւ օժանդակ նյութերը եւ դրանց տոկոսային հարաբերությունները պետք է նույնը լինեն այդ հիմքով վերագրանցում իրականացնելու համար: 8. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվողն նոր՝ 6.1-ին հոդվածի 8-րդ մասով նշված է. «Լիազոր մարմինն իրականացված ուսումնասիրության արդյունքով կայացնում է տվյալ ագրոքիմիկատը գրանցելու եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվողն նոր՝ 6-րդ հոդվածի 8-րդ մասով նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար լիազոր մարմինն իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն՝ առաջարկում ենք հստակեցում կատարել շեշտադրելով հենց փաստաթղթերի ուսումնասիրության հանգամանքը Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվողն նոր՝ 6.1-ին հոդվածի 8-րդ մասում: 9. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվողն նոր՝ 6.2-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում նշված է. «պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ազդող կամ համագործիչ, կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում»: Քննարկվող նորմում «ազդող կամ համագործիչ, կամ օժանդակ նյութեր» բառերը «ագրոքիմիկատ» բառից հետո շարադրելուց բխում է, որ ագրոքիմիկատներն ունեն ազդող կամ համագործիչ, կամ օժանդակ նյութեր: Մինչդեռ Նախագծով սահմանվող «ազդող նյութ» հասկացության սահմանումից, ինչպես նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվողն նոր՝ 6.1-ին հոդվածի 6-րդ մասից բխում է, որ ագրոքիմիկատները ունեն սննդատարրեր, այլ ոչ համագործիչ կամ օժանդակ նյութեր: Միաժամանակ նշենք, որ քննարկվող նորմում ոչ մի նշում չկա ագրոքիմիկատների սննդատերրերից որեւէ մեկի՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում ներառվելու դեպքում վրա հասնող հետեւանքների վերաբերյալ: Առաջարկում ենք վերացնել Նախագծի դրույթների միջեւ առկա անհամապատասխանությունները: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դրույթներին: 10. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում Օրենքի գործող 8-րդ հոդվածում առկա մի շարք կարգավորումներ այլեւս սահմանված չեն լինելու Օրենքով, այդ թվում նաեւ՝ թունաբանահիգիենիկ գնահատման սկզբունքները: Նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս հարցին անդրադարձ չկատարելու պայմաններում հասկանալի չէ, թե որն է վերոնշյալ փոփոխության անհրաժեշտությունը: 11. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրերին: Միաժամանակ առաջարկում ենք «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «իրավական ակտերն» բառերից առաջ լրացնել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական Սահմանադրության 6-րդ հոդվածի տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը միմյանց, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 30.08.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 30.08.2024թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է հստակեցնել պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացման, ինչպես նաեւ պարզեցնել այլ երկրներում արտադրված կամ գրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման գործընթացները: Նախատեսվում է նաեւ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ վաճառքը սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 30.08.2024թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), լրացում կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում, փոփոխություն կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ներկայումս բուսասանիտարիայի ոլորտում առաջացած խնդիրներին արագ հանգուցալուծում տալու եւ իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում՝
- կսահմանվեն պարզեցված ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան Եվրամիության եւ այլ զարգացած պետություններում գրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների առանց կրկնակի փորձարկումներ կատարելու պարզ վարչարարությամբ գրանցումը. - հնարավորություն կտրվի նվազեցնել գրանցման գործընթացին առնչվող պետական մարմինների ծանրաբեռնվածությունը, կխթանվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեությունը. - հնարավորություն կտրվի պարզեցնել զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծումը՝ խուսափելով կրկնակի փորձաքննության ընթացակարգից՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը եւ կայուն բուսասանիտարական իրավիճակի ստեղծումը, - պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ/կամ վաճառքը որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը, ինչը հնարավորություն կտա կառավարել տվյալ բնագավառում ստվերային տնտեսությունը եւ այլն: ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվելիք 25-րդ կետում նշվում է, որ՝ «Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), տզասպանները (ակարիցիդներ), կրծողասպանները (ռոտենդիցիդներ), սնկասպանները (ֆունգիցիդներ), մանրէասպանները (բակտերիոցիդներ), նեմատոդասպանները (նեմատոցիդներ), մոլախոտասպանները (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, բույսերի պատվաստանյութերը, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները, ֆուգիմանտները եւ այլն »: Կարծում ենք, որ վերոնշյալ նախադասության մեջ «եւ այլն» բառերը կարող են հայեցողական մեկնաբանման տեղիք տալ. 2. Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 8-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների եւ օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցումը կարող է կատարվել առանց թունաբանահիգիենիկ գնահատման», հիմնավորման կարիք ունի: Բացի այդ, վերոնշյալ դրույթի ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ կարող են լինել նաեւ դեպքեր, երբ գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների եւ օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցման համար թունաբանահիգիենիկ գնահատում պահանջվի, ինչի կապակցությամբ վերոնշյալ դրույթը հստակեցման/վերաձեւակերպման կարիք ունի: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ կարծում ենք, որ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը որոշ լրամշակման կարիք ունի: Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 04.09.2024թ.
|