ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-906-02.09.2024-ՊԻ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9061 -02.09.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9062 -02.09.2024-ՊԻ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9063 -02.09.2024-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9064 -02.09.2024-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9065 -02.09.2024-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ագնեսա Խամոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-906-02.09.2024-ՊԻ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9061 -02.09.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9062 -02.09.2024-ՊԻ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-9063 -02.09.2024-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9064 -02.09.2024-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9065 -02.09.2024-ՊԻ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի  22-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 8-րդ կետով սահմանվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու նոր հիմք, այն է. «օրենսդրությամբ սահմանված դեպքերում  բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելու դեպքում»: Այսպես՝ քննարկվող նորմից բխում է, որ օրենսդրությամբ սահմանված են դեպքեր, երբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար բժշկական ստուգում, թեստավորում անցնելը եւ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշները հանձնելն իրենից ներկայացնում է պարտադիր պահանջ, որից հրաժարվելու դեպքում այդ անձինք ազատվում են զբաղեցրած պաշտոնից: Բժշկական ստուգում, թեստավորում անցնելը եւ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշները հանձնելը համարվում է մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակում, հետեւաբար՝ հարկ է անդրադառնալ Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասին, որոով սահմանված է. «Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»: Ինչից բխում է, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար բժշկական ստուգում, թեստավորում անցնելու եւ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելու դեպքերը պետք է սահմանվեն բացառապես օրենքով: Քննարկվող նորմում «օրենսդրությամբ սահմանված» բառերի կիրառությունը Սահմանադրության 25-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց է: Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն, «օրենսդրություն» հասկացությունն իր մեջ ներառում է ինչպես օրենսդրական ակտերն, այնպես էլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: Վերոգրյալը դիտարկումները հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է քննարկվող նորմում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

Միաժամանակ՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար օրենքով սահմանված դեպքերում բժշկական ստուգում, թեստավորում անցնելու եւ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելու կապակցությամբ նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի վերլուծության արդյունքում չի հայտնաբերվել որեւէ օրենքով սահմանված դեպք, երբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է անցնել բժշկական ստուգում, թեստավորում կամ հանձնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածում լրացնել նոր՝ 6-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով»: Ինչից բխում է, որ օրենքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված միակ պարտադիր պահանջը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով թեստավորում անցնելն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական գործող ակտերում, այնուամենայնիվ, բացակայում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար բժշկական ստուգում անցնելու կամ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելու պարտադիր պահանջ, իսկ թեստավորումն անցկացվում է բացառապես թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով: 

Սույն դիտարկումը վերաբերում է Նախագծերի փաթեթում ներառված նաեւ մյուս օրենքի նախագծերի համապատասխան կարգավորումներին:

2. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողները Կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից եւ հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով»: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է վերը մեջբերված դրույթից հանել «թմրամիջոցներից» բառը, ինչը, կարծում ենք, ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, քանի որ հասկանալի չէ, թե ինչու է Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների եւ ընդհանուր տրամաբանության համատեքստում ոստիկանությունում ծառայություն անցնող քաղաքացիների, ոստիկանության ծառայողների համար ալկոհոլից, հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով իրականացվող թեստավորումը պարտադիր, սակայն թմրանյութերից կախվածությունը ստուգելու նպատակով իրականացվողը՝ ոչ:

3. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասում չի պահպանվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», քանի որ միեւնույն իմաստ ունեցող արտահայտությունը օգտագործվել է եւ՛ «կոպիտ կարգապահական խախտում», եւ՛ «Կարգապահական կոպիտ խախտում», եւ՛ «Կարգապահական կոպիտ խախտում» տարբերակներով: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա խմբագրել քննարկվող դրույթը:

4. Նախագծերի փաթեթով նախատեսվում է Կառավարությանը լիազորել սահմանել համապատասխան մարմիններում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով իրականացվող թեստավորման կարգը: Նախագծերի փաթեթի հիմնավորմամբ նշվում է, որ Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները իրենց նպատակային նշանակությանը կարող են ծառայել միայն այն պարագայում, երբ թեստավորում անցնող անձինք ընտրվում են պատահականության սկզբունքով: Ցանկանում ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների շրջանակում Կառավարությունը սահմանափակված չի լինելու թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով իրականացվող թեստավորման կարգը սահմանելիս հիշատակված սկզբունքը որդեգրելու պարտականությամբ: Ուստի առաջարկում ենք Նախագծերի փաթեթով հիմնավորմամբ արտահայտված նպատակը ձեւակերպել Նախագծերի փաթեթում իրավական կարգավորումների տեսքով՝ դրանով իսկ հստակեցնելով Կառավարության լիազորությունը:

5. Նախագծերի փաթեթում առկա բոլոր նախագծերի վերջին հոդվածների վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:     Նախագծերի փաթեթում ներառված բոլոր նախագծերում առաջարկում ենք պահպանել հոդվածների համարակալման հաջորդականությունը՝ հետեւելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին առ այն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով:»:

6. Նախագծերի փաթեթում առկա են համարակալման հետ կապված մի շարք վրիպակներ, մասնավորապես՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածը բաղկացած է միայն մեկ մասից, որը համարակալված է որպես 2-րդ մաս, առաջարկում ենք շտկել այս վրիպակը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Դատախազության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագի 2-րդ եւ վերջին հոդվածների մասերի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերջին հոդվածների մասերի համարակալմանը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 25-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված դիտարկումների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

18.09.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

18.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով իրավապահ մարմինների աշխատակիցների համար սահմանել տարեկան երկու անգամ թեստավորման պահանջ՝ այն խախտելու համար նախատեսելով պատասխանատվության միջոցներ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.09.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Փրկարար ծառայության մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Փրկարար ծառայության, ՀՀ ԱԱԾ եւ ՊՊԾ ծառայողների, ՀՀ Քննչական եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ դատախազների համար սահմանել թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով տարեկան 2 անգամ ստուգման պահանջ: Նախագծերի փաթեթով նաեւ սահմանվում է, որ թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր օգտագործելը կամ վկայակոչված պարտադիր ստուգումից հրաժարվելը հանդիսանում է վերջիններիս ծառայությունից ազատելու հիմք:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ նախատեսվում է բարձրացնել հասարակության վստահությունը իրավապահ եւ նախաքննական մարմինների նկատմամբ` բացառելով նման կարեւորագույն լիազորություններով օժտված պետական մարմիններում կամ վերջիններիս աշխատակիցների կողմից թմրանյութերի եւ/կամ հոգեմետ նյութերի օգտագործումը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

19.09.2024թ.