ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-922-20.09.2024-ՏՀ-011/0), «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9221 -20.09.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9222 -20.09.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-922-20.09.2024-ՏՀ-011/0), «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9221 -20.09.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9222 -20.09.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասի գործող կարգավորումով սահմանված է. «Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում դրա կատարման մասին տեղյակ պահել կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին»: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն եւ լրացում կատարելու արդյունքում դրանով սահմանվում է, որ այսուհետ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին պարտավոր է տեղյակ պահել ոչ թե կարգադրագրի կատարման, այլ՝ խախտումը վերացնելու վերաբերյալ: Հարկ է նկատել, որ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ կարգադրագիրն ընդունվում է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման կամ արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելման նպատակով: Ընդ որում՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում, այդ նպատակները չեն փոխվում: Հետեւաբար Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն եւ լրացում կատարելու արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձն այլեւս արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումը դադարեցնելու վերաբերյալ տեսչական մարմնին տեղեկացնելու պարտավորություն չունի: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ անհրաժեշտ է քննարկվող նորմը ձեւակերպել այնպես, որ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին տեղյակ պահի ոչ միայն խախտումը վերացնելու, այլեւ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ: 

2. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս «կարող է» բառերը կիրառելու արդյունքում այդ դրույթն այլեւս իմպերատիվ բնույթ չի կրում եւ դառնում է հայեցողական: Այսպես՝ կարգադրագրերը տալու, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելու համար հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին փորձագիտական եզրակացության ստանալու համար դիմելը Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի գործող կարգավորումով տեսչական մարմնի համար հանդիսանում է պարտադիր կատարման ենթակա պահանջ, մինչդեռ վերոնշյալ փոփոխության արդյունքում այդ պահանջի կատարումը այսուհետ կախված է տեսչական մարմնի հայեցողությունից: 

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ անհրաժեշտության դեպքում  վարչական մարմնի կողմից իրականացվում է համապատասխան ոլորտի փորձագետի ներգրավում: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»: Ինչից բխում է, որ կարգադրագրերը տալու, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելու գործընթացում փորձագետ ներգրավելու կարեւորությունը կախված է Օրենքով սահմանված կարգավորումների էությունից: 

Այս համատեքստում անհրաժեշտ է հասկանալ, թե փորձագիտական եզրակացությունն ինչ նպատակով է տրվում: Այսպես՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ փորձագիտական եզրակացությունը տրվում է տեխնիկական անտվանգության փորձաքննության արդյունքում՝ հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրենից ներկայացնում է գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել եւ տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների եւ տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին: Տեխնիկական անվտանգության փորձաքննության հասկացության սահմանումից բխում է, որ փորձաքննությունը եւ դրա արդյունքում կամզվող փորձագիտական եզրակացությունը կարեւոր են արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման, ինչպես նաեւ՝ դրանց շահագործման արգելման հարցում: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս փոփոխությանը անդրադարձ չկատարվելու արդյունքում դրա պատճառը հստակ չէ, կարծում ենք, քննարկվող նորմով կատարվող փոփոխությունն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժե» կետ. «արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը»: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ժամանակավորապես դադարեցվելու վերաբերյալ կարգավորումների բացակայության պարագայում հասկանալի չէ, թե արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ժամանակավորապես դադարեցումն ինչպես է դրսեւորվում, ինչ հիմքերի առկայության դեպքում է վրա հասնում, ինչ ընթացակարգով եւ առավելագույնը ինչ ժամկետով է իրականացվում: Հատկանշական է, որ արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ժամանակավորապես դադարեցումն իրենից ներկայացնում է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործող անձի՝ տնտեսական գործունեության ազատության սահմանափակում, հետեւաբար՝ այդ իրավունքը սահմանափակելիս Օրենքով պետք է սահմանվեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, եւ սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները պետք է լինեն բավարար չափով որոշակի:

4. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

11.10.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

11.10.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» oրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Միեւնույն ժամանակ Փաթեթում ընդգրկված «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջակվում է լրացում կատարել «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածում, որի արդյունքում անհապաղ կատարման ենթակա կլինեն նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ակտերը, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

01.10.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), լրացում եւ փոփոխություն կատարել «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ՝ 

- Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ.

- Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս տեսչական մարմինը կարող է դիմել հավատարմագրված անձի կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին փորձագիտական եզրակացություն ստանալու համար.

- Արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով կարգադրագրերը կամովին չկատարելու դեպքում դրանք ենթակա են հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով. 

- Արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման.
(Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Նկատի ունենալով, որ նշված դատավարական նորմի ուժով կասեցման ենթակա չէ Օրենքով նախատեսված այն վարչական ակտի կատարումը, որը ենթակա է անհապաղ կատարման, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքի եւ առողջության համար, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ:). 

- Անհապաղ ենթակա են կատարման «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված դեպքերում  Տեսչական մարմնի վարչական ակտերը (երբ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների խախտման դեպքում անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք է ստեղծվում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար). 

- Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառումը կատարում  է Փրկարար ծառայությունը՝ ապահովելով Տեսչական մարմնի հասանելիությունը հաշվառվող տեղեկատվությանը եւ այլն: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները.

1. ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 2-րդ հոդվածի 6-րդ կետով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրանով սահմանված ժամկետում, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Վերոնշյալից բխում է, որ հարկադիր կատարման է ենթակա միայն արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով կարգադրագիրը՝ դրա չկատարման դեպքում, իսկ այլ կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում ենթակա չեն հարկադիր կատարման:

2. Նախագծի 1-ի հոդվածի համաձայն Օրենքի 11-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելիք 6-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է, որ՝ «Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ, սակայն, նշված չէ որեւիցե պատճառ/փաստարկ փորձաքննության իրականացման նման (երեք տարին մեկ) պարբերականություն սահմանելու  վերաբերյալ: 

3. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելիք 6-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս տեսչական մարմինը կարող է դիմել հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին փորձագիտական եզրակացություն ստանալու համար:»:

Վերոնշյալ դրույթից բխում է, որ Օրենքի  15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս փորձագիտական եզրակացություն ստանալու համար հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին դիմելը հանդիսանում է տեսչական մարմնի հայեցողությունը.

4. Նախագծի 2-րդ հոդվածի 8-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելիք 10-րդ մասի համաձայն. «Կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ներկայացվում է հարկադիր կատարման դրա չկատարման փաստը պարզելուց հետո՝ մեկամսյա ժամկետում», մինչդեռ Նախագծի  2-րդ հոդվածի 7-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելիք 8-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագրերը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ենթակա է անհապաղ կատարման»:

Նշված դրույթի համատեքստում առաջարկում ենք վերանայել Օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելիք 10-րդ մասի համաձայն կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետը, այն է՝ դրա չկատարման փաստը պարզելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունն ու նկատառումները՝ կարծում ենք ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  լրամշակման կարիք ունի:

Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ  առաջարկություններ չկան:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

09.10.2024թ.