Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-933-02.10.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9331 -02.10.2024-ՊԻ-011/0), «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9332 -02.10.2024-ՊԻ-011/0) եւ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9333 -02.10.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել երկրորդ «Հոդված 1.» ձեւակերպումը: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 4-րդ մասը, որով սահմանվում է, որ ծննդյան ակտային գրանցման մեջ «Երեխայի ազգությունը գրառվում է` 1) ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միեւնույն ազգությունը. 2) դիմումում նշված ծնողներից մեկի ազգությամբ, եթե երեխայի ծնողները ունեն տարբեր ազգություն»: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր՝ 28.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 28.1. Երեխայի ազգության որոշումը 1. Երեխայի ազգությունը որոշվում է ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միեւնույն ազգությունը: 2. Երբ ծնողները տարբեր ազգություն ունեն, երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան:»: Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 1) Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը կատարվում է Օրենքի «ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» վերտառությամբ 5-րդ գլխում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է. «( ) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը ( )», իսկ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում ( )»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի վերը մեջբերված երկու դրույթներից բխում է, որ գլուխներում չեն կարող ներառվել կարգավորումներ, որոնք իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում այդ գլխի վերնագրին: Կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ի հոդվածով սահմանված կարգավորումը դուրս է ոչ միայն Օրենքի 5-րդ գլխի կարգավորման շրջանակից, այլ նաեւ Օրենքի կարգավորման առարկայից: Այսպես՝ Օրենքի 1-ին հոդվածով սահմանված է. «Սույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումներում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնելու եւ անվավեր ճանաչելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների մասին վկայականները, վկայականների կրկնօրինակները եւ տեղեկանքները տրամադրելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները պահպանելու կարգն ու ժամկետները եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի եւ սպասարկման կենտրոնների իրավասությունները:»: Կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածով սահմանված կարգավորումը, մասնավորապես՝ երեխայի ազգության որոշումը, ինքնին դուրս է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցմանը վերաբերող, Օրենքի կարգավորման առարկայում թվարկված հարաբերությունների շրջանակից: 2) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածում սահմանված իրավակարգավորումները խնդրահարույց են նաեւ իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է երեխայի ազգության որոշման կանոն, որի համաձայն երեխայի ազգությունը որոշվում է ծնողների ազգությանը համապատասխան, եթե ծնողները ունեն միեւնույն ազգությունը: Սակայն հարկ է նկատել, որ Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավադրույթից հասկանալի չէ, թե երբ ու որտեղ է գրանցվում երեխայի ազգությունը, այն դեպքերում երբ ծնողներն ունեն միեւնույն ազգություն: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորմամբ՝ երբ ծնողները տարբեր ազգություն ունեն, երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան: Հարկ է անդրադառնալ այն փաստին, որ երեխայի կողմից ազգություն ընտրելու պահ է սահմանվում անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալը: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է. «Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:»: Այսպես` օրենսդրությամբ անձնագիր ստանալու համար նվազագույն տարիքային սահմանափակում առկա չէ, հետեւաբար անձնագիր կարող է ստանալ նաեւ նորածին երեխան: Այս դեպքում, կարծում ենք՝ նորածին երեխայի ընտրություն կատարելու ունակության բացակայությունն անհնարին է դարձնում երեխայի կողմից Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր ազգույթան որոշման պարտականության իրացումը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 28.1-ին հոդվածում սահմանված իրավադրույթներն իրավական որոշակիության ապահովման նպատակով, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ. ինչպես նաեւ ապահովել դրույթների կիրառելիության հնարավորությունը: 3. «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 13-րդ մասի համաձայն. «13. Սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցիչի) ազգային փոքրամասնությանը պատկանելիությունը սահմանել սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցիչի) նկատմամբ ընտանեկան հարաբերությունների մեջ գտնվող մերձավոր ազգականների եւ ազգականների ազգային պատկանելիության հիման վրա:»:»: Վերոնշյալ դրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ սովորողի ծնողի ազգային փոքրամասնության պատկանալիության սահմանման կանոնի անհրաժեշտությունը: Ազգային փոքրամասնությունները տվյալ պետության սահմաններում բնակվող այն ազգություններն են, որոնք փոքրամասնություն են կազմում դրա հիմնական ազգության համեմատությամբ, տարբերվում հիմնական ազգությունից լեզվով, դավանանքով կամ ազգային այլ հատկանիշներով։ Հետեւաբար անձի ազգային փոքրամասնության պատկանելիությունը, կարծում ենք՝ որոշվում է տվյալ անձի ազգությամբ: Սովորողի ծնողն անձնագիր ունեցող անձ է, որում ներառվող տվյալներից է նաեւ ազգությունը, ինչը պայմանավորված է տվյալ անձի ծնողների ազգությամբ: Հետեւաբար հասկանալի չէ՝ սովորողի ծնողի ազգային փոքրամասնության պատկանելիության որոշման կանոնի սահմանումը, ինչպես նաեւ դրա պայմանավորումը մերձավոր ազգականների եւ ազգականների ազգային պատկանելիությամբ: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 23.10.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 23.10.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է երեխայի ծննդյան ակտային գրանցումից եւ ծննդյան վկայականից հանել ազգությունը նշելու պահանջը, իսկ անձնագրում եւ նույնականացման քարտում անձի ազգության մասին նշումը դարձնել պարտադիր: Այն դեպքում, երբ ծնողները կունենան տարբեր ազգություն, առաջարկվում է սահմանել, որ երեխան իր ազգությունը կընտրի անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ, որ ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ծնողը կստանա առաջնային իրավունք՝ ընտրելու իր մանկահասակ երեխաների կրթատեսակը եւ ուսուցման լեզուն: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 15.10.2024թ.
Պատգամավոր Իրինա Գասպարյանի կողմից ներկայացվել են ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - երեխայի ծննդյան ակտային գրանցումից եւ ծննդյան վկայականից հանել ազգությունը նշելու պահանջը. փոխարենը անձի անձնագրում եւ նույնականացման քարտում ազգության մասին նշումը դառնում է պարտադիր. - ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը՝ փոխարենը նշված օրենքը լրացնելով 28.1 հոդվածով, համաձայն որի. «1. Երեխայի ազգությունը որոշվում է ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միեւնույն ազգությունը: 2. Երբ ծնողները տարբեր ազգություն ունեն, երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան:». - սահմանել, որ մինչեւ 16 տարեկան երեխայի անձնագրում լրացվում են ծնողների մասին տվյալները (անունը, ազգանունը, ազգությունը): - սահմանել, որ ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) առաջնային իրավունք կստանա ընտրելու իր մանկահասակ երեխաների կրթատեսակը եւ ուսուցման լեզուն. - սահմանել ազգականների եւ մերձավոր ազգականների հասկացությունները եւ այլն: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների հետ կապված, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը. ՀՀ կառավարության 22.12.1999թ. «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են՝ մինչեւ 16 տարեկան երեխաների համար՝ - անձնագիրը, - ծննդյան վկայականը: Որոշման համաձայն նույնականացման քարտը եւս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ: Պետք է նշել, սակայն, որ ի տարբերություն ծննդյան վկայականի եւ անձնագրի՝ քաղաքացու կողմից նույնականացման քարտ ստանալու պայման է հանդիսանում քաղաքացու 16 տարին լրացած լինելու հանգամանքը: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչեւ 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ: Վերոնշյալից բխում է, որ երեխան, որի 16 տարին չի լրացել, չի կարող ինքնուրույն որոշել իր ազգությունը, հետեւաբար եւ անձնագիր ստանալիս երեխայի 16 տարին պետք է լրացած լինի, որպեսզի վերջինս ինքնուրույն որոշի իր ազգությունը /չնայած այն հանգամանքին, որ երեխան կարող է անձնագիր ստանալ նաեւ մինչեւ 16 տարին լրանալը/, մինչդեռ ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվելիք 28.1 հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ՝ «Երբ ծնողները տարբեր ազգություն ունեն, երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան»՝ առանց հստակեցում նախատեսելու երեխայի տարիքի վերաբերյալ: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը՝ կարծում ենք, որ ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը լրամշակման կարիք ունեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 23.10.2024թ.
|