ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-937-07.10.2024-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9371 -07.10.2024-ՏՀ-011/0), «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9372 -07.10.2024-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9373 -07.10.2024-ՏՀ-011/0), «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9374 -07.10.2024-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9375 -07.10.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-937-07.10.2024-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-9371 -07.10.2024-ՏՀ-011/0), «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-9372 -07.10.2024-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-9373 -07.10.2024-ՏՀ-011/0), «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-9374 -07.10.2024-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9375 -07.10.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք հանել 2-րդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 31-րդ կետի ձեւակերպման մեջ պետք է տեսանելի լինի հերթական համարը՝ «31)» տեսքով: 3. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել հոդվածի մասերի համարակալման ճիշտ հաջորդականությունը, քանզի առկա է երկու 2-րդ մաս: 4. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի «դ» կետի համաձայն՝ «Էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է` չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետեւանքների մասին՝ սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամ հնչեցմամբ:»: Ցանկանում ենք նշել, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում «ը» կետ նախատեսված չէ, հետեւաբար անհասկանալի է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի «դ» կետում կատարվող հղումը եւ վերանայման կարիք ունի՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի, առ այն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»: 5. Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում նախատեսվող փոփոխության արդյունքում զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչեւ 22:30-ը կարգելվի ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր) եւ էներգետիկ ըմպելիքների գովազդը, սակայն ոչ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի ցուցադրությունը կշարունակի թույլատրվել, ինչը Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների եւ հիմնավորման համատեքստում փոքր-ինչ հասկանալի չէ, քանի որ Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները իրավական ռեժիմի այլ տարբերակումներ չեն առանձնացում ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների միջեւ՝ վերջիններս դիտարկելով համարժեք վնասակարության օբյեկտներ, հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ էներգետիկ ըմպելիքները եւս կարող են ալկոհոլ պարունակել: Ուստի գտնում ենք, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում նախատեսվող փոփոխությունը էներգետիկ ըմպելիքների համար գովազդային ժամի սահմանափակումներ նախատեսելու մասով՝ ի տարբերություն ոչ թունդ ալկոհոլային խմիչքների, կարիք ունի հավելյալ հիմնավորման: Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումներին: 6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք օգտագործել օրենսգրքի ճիշտ անվանումը, այն է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք»: 7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում առաջարկում ենք կատարվող հղումը հստակեցնել՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, քանզի հղում է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.7-րդ հոդվածի չորրորդ պարբերությանը, մինչդեռ նախատեսվող լրացումը կատարվում է երկրորդ պարբերության տեքստում: Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.7-րդ հոդվածը բաժանված է ոչ թե մասերի, այլ պարբերությունների: Հետեւաբար նրանում պետք է նախատեսվի լրացնել նոր պարբերություն: Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «նոր մաս» բառերը փոխարինել «նոր պարբերություն բառերով»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 24.10.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 24.10.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը, էներգետիկ ըմպելիքների իրացման սահմանափակումները եւ այս գործընթացում անչափահասների ներգրավման արգելքը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքով էներգետիկ ըմպելիքների գովազդին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերի համար՝ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում վարչական պատասխանատվության չափերը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.10.2024թ.
Պատգամավորների կողմից ներկայացվել են ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության, հատկապես՝ մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացության սահմանումը, ՀՀ-ում արգելել մինչեւ 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունները եւ ոչ պատշաճ (ապրանքի իրական բովանդակությունը չբացահայտող) գովազդի հեռարձակումը եւ էներգետիկ ընպելիքների գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաեւ սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված սահմանափակումները եւ արգելքները խախտելու համար: Նախագծերի փաթեթի ընդունումը առողջապահական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն, մասնավորապես, վերջինիս ընդունումը կնպաստի երեխաների եւ երիտասարդության առողջության պահպանմանը: ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումը/դիտարկումը. Նախագծով առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ մասով. Էներգետիկ ըմպելիքներ՝ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ը եւ որոնք կարող են պարունակել մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ, հանքային նյութեր, դյուրամարս ածխաջրեր, վիտամիններ եւ վիտամինանման նյութեր, էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) եւ խթանիչներ, այդ թվում՝ բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի եւ դրանց հիմքով պատրաստվող ըմպելիքների: Վերը հիշատակված ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ եթե օրինակ, սուրճի հիմքով պատրաստվող ըմպելիքում պարունակվող կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցի 150 մգ/լ-ը, ապա սուրճի հիմքով պատրաստվող ըմպելիքի վրա չեն տարածվի Նախագծերի փաթեթով նախատեսվող էներգետիկ ըմպելիքների վերաբերյալ կարգավորումները: ՈՒստի եւ, հետեւյալ հարցն է առաջանում՝ թույլատրվում է արդյո՞ ք 18 տարին չլրացած անձանց սուրճի հիմքով պատրաստվող ըմպելիքի վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը, եթե սուրճի հիմքով պատրաստվող ըմպելիքում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ը: Գտնում ենք, որ «Էներգետիկ ըմպելիքներ»-ի սահմանման մեջ «բացառությամբ թեյի, սուրճի եւ դրանց հիմքով պատրաստվող ըմպելիքների» բառերն ավելորդ են: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը/դիտարկումը՝ կարծում ենք, որ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ենթակա է լրամշակման: Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 28.10.2024թ.
|