ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-940-11.10.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-940-11.10.2024-ՖՎ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:»: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող մյուս կարգավորումները զրկում են ռեեստր վարողին անձին տեղեկատվություն տրամադրել թղթային կամ ինտերնետային հրապարակումների տարբերակով՝ որպես միակ միջոց թողնելով էլեկտրոնային փոստը, որը մասնակիցների ռեեստր վարողին կարող է հայտնի դարձած լինել ներկայացված որեւէ դիմումով:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճար կատարող են համարում անկախ  կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացնելու փաստից: Միաժամանակ Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումին ներկայացվող պայմաններում էլեկտրոնային փոստի նշումը պարտադիր չէ, ինչպես նաեւ նման դիմում ներկայացնելն է հանդիսանում սուբյեկտի համար իրավունք եւ ոչ պարտականություն:

Վերոգրյալի լուսի ներքո՝ ցանկանում ենք փաստել, որ հնարավոր են իրավիճակներ, երբ մասնակիցների ռեեստր վարողին ներկայացված չեն լինի էլեկտրոնային փոստի նշմամբ դիմում: Հետեւաբար մասնակիցների ռեեստր վարողը, ունենալով անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելու պարտականություն, չի ունենա համապատասխան գործիքակազմ այն կատարելու: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումները եւ նախատեսել այլընտրանքային տարբերակներ մասնակիցների ռեեստր վարող մարմնին դիմում չներկայացրած անձանց պատշաճ ծանուցումն ապահովելու խնդրի կարգավորման համար:

Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվող մասնակիցների ռեեստր վարողի կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ ֆոնդի վերաբերյալ անձին տեղեկատվություն տրամադրելու պարտականությանը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 24-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի համաձայն՝ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, բացի կենսաթոշակային ֆոնդերից, իրավունք ունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից այդպիսի ներդրումային ֆոնդի կառավարումը կխոչընդոտի իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների նկատմամբ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների պատշաճ կատարմանը:»:   Կարգավորումների լիարժեքությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք նախատեսել նման համաձայնություն ստանալու ընթացակարգային կարգավորումները, որոնք կորոշակիացնեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից նման համաձայնություն ստանալու համար ներկայացվող դիմումի պահանջները, այն Կենտրոնական բանկի կողմից քննարկման ընթացակարգը, ինչպես նաեւ համաձայնության տրամադրումը մերժելու հիմքերը: 

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-911-10.09.2024-ՖՎ-011/0), որի 8-րդ հոդվածով արգելվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացումը առանց Կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվության, որի ստացման համար նախատեսվում է հատուկ ընթացակարգ: Հետեւաբար, առաջարկում ենք հաշվի առնել Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսվող կարգավորումները «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումներին համապատասխանեցնելու հնարավոր անհրաժեշտությունը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվում է նոր 6-րդ կետով, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները, ի թիվս այլնի, կարող են ներդրվել նաեւ «այլ ֆինանսական գործիքներում»: Ցանկանում ենք հայտնել, որ նշված հասկացությունը խիստ անորոշ է եւ, առնչվելով մարդու այնպիսի հիմնարար իրավունքի, ինչպիսինն է սեփականության իրավունքը, կարող է առաջացնել իրավական որոշակիության սկզբունքի պահպանման խնդիր։

Նախ նշենք, որ ըստ Օրենքի նախաբանի Օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակից բացի, կենսաթոշակային լրացուցիչ եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված սոցիալական վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով սոցիալական վճար կատարողին ազդելու կուտակային կենսաթոշակների չափի վրա` սույն օրենքով սահմանված կարգով ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին եւ այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:  Հետեւաբար այդ միջոցների կառավարման քաղաքականության վերաբերյալ, ավելի կոնկրետ ֆոնդերի ակտիվների ներդրման վերաբերյալ նորմերում այնպիսի անորոշ հասկացության կիրառումը, ինչպիսինը նախատեսվում է Նախագծի 5-րդ հոդվածում, խոչընդոտում է Օրենքով հետապնդվող նպատակի իրագործմանը։

Այս նպատակի ամրագրումը պատահական չէ։ Այն բխում է կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման եւ նրանում կուտակվող ակտիվների իրավական կարգավիճակի տրամաբանությունից։ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը (ինչպես նաեւ դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումարը) հանդիսանում են մասնակցի սեփականությունը: Հետեւաբար  այդ ակտիվների շրջանառության վերաբերյալ բոլոր կարգավորումներում իրավական որոշակիության պահպանման խնդիրը առավել քան քննարկելի է։ 

Վերոգրյալի լույսի ներքո՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսել կոնսեսուսային կարգավորումներ՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորման նպատակի եւ Օրենքով հետապնդվող նպատակի, իրավական որոշակիության պահանջի ապահովման միջեւ հավասարակշռություն ստեղծելով։

4. Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսվող Օրենքի 39-րդ հոդվածում  նոր լրացվող 16-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել՝ մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը, թե մեկ թողարկումում ներդրումների արժեքը՝ Նախագծի կարգավորումների հստակությունն ու որոշակիությունն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունն ու համապատասխանությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

01.11.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

01.11.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 

1. կուտակային կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները:

2. Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո այդ մասին տեղեկացնում է մասնակցին բացառապես էլեկտրոնային տարբերակով:

3. Օրենքի 24-րդ հոդվածի խմբագրությամբ հնարավորություն է տրվում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ կլինի Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «25» թիվը փոխարինվում է «35» թվով: Արդյունքում պահպանողական կենսաթոշակային ֆոնդերը կարող են մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը:

5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացվում է 3-րդ մասի 6-րդ կետով, որով հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով: Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որով Կենտրոնական բանկը կարող է սահմանել այդ ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելու պայմանները:

6. 39-րդ հոդվածի 16-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի համաձայն Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաեւ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը եւ(կամ) ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը:

Նախագիծը, ըստ էության, ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով կատարվող փոփոխության վրա, ըստ որի, ինչպես արդեն նշվեց, կուտակային կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին. «...տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:», այսինքն՝ հանվում է թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջը:

Նախագծի հիմնավորման մեջ այս փոփոխության անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ. «Թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջն անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը, քանի որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար:»: Բացի այդ, նշում է նաեւ, որ. «Միայն 2023թ. այդ ծախսերը կազմել են շուրջ 50 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, այդ ծախսերի շուրջ 1/3-ը չեն ծառայել իրենց նպատակին, քանի որ թղթային տարբերակով հաշվետվությունները չեն հասել մասնակիցներին՝ բնակության սխալ հասցեների կամ այլ գործոնների պատճառով:»:

Խնդիրը, մեր կարծիքով, կայանում է ոչ միայն կենսաթոշակային ֆոնդերի ադմինիստրատիվ ծախսերի մակարդակի մեջ, այլեւ նրանում, որ՝

ա) կենսաթոշակային ֆոնդերի ծախսերի այսպես կոչված «հակառակ կողմը» այդ ֆոնդերի մասնակիցների՝ իրենց վճարած գումարների մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն է, եւ եթե մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե կամ տրամադրված հասցեն ինչ-ինչ պատճառներով անհասանելի է, ապա դա չի կարող կենսաթոշակային ֆոնդին ազատել իր պարտականությունների կատարումից: Տվյալ մոտեցումը, կարծում ենք, հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի. 

«1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝

1) պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն.

2) խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը.

3) պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ.

4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).

5) խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները:»:

Ինչպես կարելի է նկատել, էլեկտրոնային փոստի հասցե չունենալը կամ չտրամադրելը հիմք չի կարող լինել օրենքով սահմանված՝ տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը չկատարելու համար:

բ) Ինչ վերաբերում է 2023թ. ծախսված 50 մլն ՀՀ դրամին, ապա այդ գումարները, այդուհանդերձ, շրջանառել են ՀՀ տնտեսության մեջ, եւ շրջանառությունից դրա դուրս բերումը սկզբունքորեն բացասական ազդեցություն կունենա տնտեսական միջավայրի վրա, մասնավորապես՝ կկրճատի փոստային ծառայություններ մատուցողի շրջանառությունը: Մյուս կողմից, ինչպես արդեն մեջբերել ենք Նախագծի հիմնավորումը. «...այդ ծախսերի շուրջ 1/3-ը չեն ծառայել իրենց նպատակին, քանի որ թղթային տարբերակով հաշվետվությունները չեն հասել մասնակիցներին՝ բնակության սխալ հասցեների կամ այլ գործոնների պատճառով:», սակայն չպետք է անտեսել, որ այդ ծախսերի 2/3-ը (մեծ մասը), այդուհանդերձ, ծառայել է իր նպատակին, ուստի կարելի է փաստել, որ նշված ծախսերի կատարումն արդարացված է եւ իմաստ ունի՝ առավել եւս, որ այդ դեպքում  տեղեկատվության տնօրինողին չի կարելի «մեղադրել» օրենքով սահմանված իր պարատականությունները չկատարելու մեջ, իսկ  ֆոդի մասնակիցներն էլ կպահպանեն իրենց միջոցների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք վերաիմաստավորել ներկայացված մոտեցումը եւ քննարկումների ժամանակ ծախսերի կրճատման ռազմավարությունը հակակշռել ֆոնդի մասնակիցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն դրա 1-ին հոդվածը վերաիմաստավորման եւ ավելի խորը քննարկման անհրաժեշտություն է զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.10.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով առաջարկվում է՝

- սահմանել, որ մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները.

- Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրել այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո այդ մասին տեղեկացնում է մասնակցին բացառապես էլեկտրոնային տարբերակով.

- հնարավորություն տալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ի դեպ, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ կլինի Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը.

- սահմանել, որ պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդի կողմից բաժնային արժեթղթերի եւ դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում կարող է կազմել գործող կարգավորմամբ սահմանված 25 տոկոսի փոխարեն՝ 35 տոկոս.

- հնարավորություն տալ կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով.

- նախատեսել, որ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանվել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաեւ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը եւ (կամ) ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը: 

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունմամբ ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները: Միաժամանակ, կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը: 

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները.

Նախագծով առաջարկվում է Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1 մասով, համաձայն որի՝ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, բացի կենսաթոշակային ֆոնդերից, իրավունք ունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից այդպիսի ներդրումային ֆոնդի կառավարումը կխոչընդոտի իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների նկատմամբ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների պատշաճ կատարմանը:»

Նշված ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ Կենտրոնական բանկը իր հայեցողությամբ կարող է նաեւ չմերժել նախնական համաձայնության տրամադրումը՝ նույնիսկ եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից մասնագիտացված ներդրումային ֆոնդի կառավարումը կխոչընդոտի իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների նկատմամբ իր պարտականությունների պատշաճ կատարմանը: 

Կարծում ենք, որ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պետք է սահմանվեն հստակ չափանիշներ եւ պայմաններ, որոնց չհամապատասխանելու/չբավարարելու դեպքում Կենտրոնական բանկի կողմից վերոնշյալ նախնական համաձայնության տրամադրումը կմերժվի: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

31.10.2024թ.