ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-948-21.10.2024-ՊԻ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9481 -21.10.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-948-21.10.2024-ՊԻ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9481 -21.10.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածի 2-րդ կետով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 27-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.2-րդ մասում առաջարկում ենք մասի համարակալումը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

2. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետի համաձայն. «2) Քաղաքացիության գործերի կառավարման Համակարգի նկարագիրը եւ աշխատակարգը, հասանելիություն ունեցող մարմինները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ Համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ (այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր) հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ եւ եզրակացություններ, Համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը»:

Նշված փոփոխությամբ Կառավարությանն է վերապահվում քաղաքացիության գործերի կառավարման Համակարգի նկարագրի եւ աշխատակարգի սահմանման լիազորություն: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասից հետո լրացվող նոր մասում «քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ» արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ Համակարգ)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում են Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետում «քաղաքացիության գործերի կառավարման Համակարգի» երկար արտահայտության փոխարեն կիրառել արդեն իսկ սահմանված կրճատ տարբերակը, այն է՝ «Համակարգի»:

Նշենք նաեւ, որ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետում, կարծում ենք՝ իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է «հասանելիություն ունեցող մարմիններ»-ի Կառավարության կողմից սահմանման լիազորությունը: Մասնավորապես հասկանալի չէ՝ ինչին հասանելիություն ունեցող մարմինների սահմանումն է վերապահվում Կառավարությանը: Դրույթի հստակության եւ իրավական որոշակիության ապահովման, ինչպես նաեւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք հասանելիություն ունեցող մարմինների սահմանման լիազորությունը հստակեցնել, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 

3. Նախագծի 8-րդ հոդվածին հաջորդում է 8-րդ հոդված: Ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է. «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»:

4. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մինչեւ սույն Օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումներով կազմված գործերը պահպանվում են թղթային եղանակով՝ մինչեւ դրանց հետագա թվայնացումը: Թվայնացումից հետո թղթային եղանակով պահպանվող գործերը սահմանված կարգով  ոչնչացվում են:»:

Մեջբերված իրավադրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված լրացումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում, իսկ նշված օրենքը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքին կրճատ «Օրենք» տարբերակով հղում չի պարունակում: 

Հարկ է նկատել, որ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 31-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերն արխիվացվում են էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 31-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումների պահպանման համար սահմանում է այլ կանոն, այն է՝ դրանց պահպանումը թղթային տարբերակով՝ մինչեւ հետագա թվայնացումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) 2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

Նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

 Հիմք ընդունելով վերոգրյալն՝ նշենք, որ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 31-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթն իր բովանդակությամբ ենթադրում է անցումային դրույթ, որը կապահովի դիմումների արխիվացման թղթային տարբերակից անցումային կիրարկումը բոլոր դիմումների էլեկտրոնային եղանակով արխիվացմանը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 31-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավանորմը նախատեսել որպես անցումային դրույթ, չներառելով այն Օրենքի հիմնական մասում լրացվող հոդվածում: 

5. Նախագծի 8-րդ (ըստ հաջորդականության իններորդ) հոդվածի 1-ին մասում նախատեսված է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն. « Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ տասնամսյա ժամկետում:»: Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի համաձայն. «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով սահմանված իրավադրույթների կատարումը պայմանավորված է Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ: Նախագծի 8-րդ (ըստ հաջորդականության իններորդ) հոդվածի 1-ին մասում Նախագծի ուժի մեջ մտնելը եւս պայմանավորվում է Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը հնարավորություն է տալիս ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ ընդունված, սակայն դեռեւս ուժի մեջ չմտած օրենսդրական ակտի հիման վրա: Հետեւաբար Նախագծի 8-րդ (ըստ հաջորդականության իններորդ)  հոդվածի 2-րդ մասում Նախագծի 6-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետի սահմանման անհրաժեշտությունը, կարծում ենք՝ բացակայում է: 

6. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

7. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածը բաժանված է 4-րդ եւ 5-րդ կետերի, քննարկվող հոդվածի կետերի համարակալումն առաջարկում են սկսել 1-ին թվով: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

08.11.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

08.11.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունների թվայնացմանը, վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացման ապահովմանը, ինչպես նաեւ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերի վերանայմանը:

Փաթեթում ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը եւ սահմանել 50.000 եւ 150.000 դրամ՝ համապատասխանաբար 1000 եւ 25.000 դրամի փոխարեն: Այսինքն, պետական տուրքի չափը նախատեսվում է ավելացնել համապատասխանաբար 50 եւ 6 անգամ: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, դա պայմանավորված է նրանով, որ գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին եւ շուրջ 30 տարվա ընթացքում որեւէ վերանայման չեն ենթարկվել: Կարծում ենք, որ նշվածը չի կարող հանդիսանալ համոզիչ փաստարկ պետական տուրքի դրույքաչափի նման չափով ավելացման համար: Առավել եւս, որ պետական տուրքի դրույքաչափերի վերանայման պարբերականության մասին իրավական նորմ սահմանված չէ:

2. Նախագծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը, ըստ էության, հիմնականում հետապնդում է ֆիսկալ նպատակ, ինչն առկա է նաեւ գործունեության մի շարք տեսակների համար նախատեսված պետական տուրքերի դեպքում: Դրանով հանդերձ, պետական տուրքը, ֆիսկալ խնդիրներին զուգահեռ, նաեւ ունի կարգավորիչ բնույթ: Հակառակ դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէին լինի պետական տուրքի գծով արտոնություններ (գլուխ 5): Այս պարագայում, կարծում ենք, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար բոլոր անձանց համար պետական տուրքի միասնական դրույքաչափի սահմանումն արդարացված չէ: Օրինակ, պետական տուրքի գծով արտոնություններ կարելի է սահմանել առանձին կատեգորիաների (օրինակ՝ ազգությամբ հայերի) համար: Ի դեպ, «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձեւակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր): Կարծում ենք, համանման մոտեցում կարելի է կիրառել նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Նախագծով նախատեսվող պետական տուրքի դրույքաչափերի մասով, եթե ոչ պետական տուրքից ազատման, ապա  «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված արտոնությունների մյուս տեսակների առումով (օրինակ՝ պետական տուրքի դրույքաչափի նվազեցում):

3. Նախագծով առաջարկվում է Հայաստաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատել Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց: Նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից, ինչը ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջ է, համաձայն որի՝ Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Միեւնույն ժամանակ, ըստ նույն հոդվածի 6-րդ մասի, հարկային արտոնության սահմանում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, եթե այդ օրենքներով ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանված չէ: Այս պարագայում հասկանալի չէ, թե ինչու՞ է փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար Նախագծով առաջարկվող արտոնությունը եւս նախատեսվում ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Կարծում ենք, տրամաբանական եւ արդարացի կլիներ նշված արտոնությունն ուժի մեջ մտցնել օրենքի ընդունման հաջորդ օրվանից, քանի որ գործնականում կարող են խտրականության երեւույթներ ի հայտ գալ օրենքի ընդունումից հետո յոթ ամիսների ընթացքում դիմողների եւ յոթերորդ ամսից հետո դիմողների շրջանում: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.11.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության թվայնացման միջոցով քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործերով վարույթների իրականացման արդյունավետության բարձրացման, ռեսուրսների խնայողության, աշխատանքների բարելավման, ժամկետների կրճատման, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությամբ:

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման եւ դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ կփոփոխվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար պետական  տուրքի չափերը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը.

««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը եւ սահմանել համապատասխանաբար 50 000 եւ 150 000 դրամ՝ համապատասխանաբար 1000 դրամ եւ             25 000 դրամի փոխարեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին եւ շուրջ 30 տարվա ընթացքում որեւէ վերանայման չեն ենթարկվել:

Այդուհանդերձ, Նախագծերի փաթեթին կից հիմնավորման մեջ որեւիցե խոսք չի գնում քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նշված պետական տուրքի գումարների հենց վերոնշյալ չափերով սահմանելու պատճառների եւ նպատակահարմարության, ինչպես  նաեւ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանվելիք պետական տուրքի գումարների/դրույքաչափերի տարբերության վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ բազային տուրքի 150-ապատիկի չափով): 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերը նշված նկատառումը՝ կարծում ենք Նախագծերի փաթեթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

11.11.2024թ.