ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-954-29.10.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-954-29.10.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել նոր 3.3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով»: Նշված լրացման արդյունքում դիվանագիտական աստիճանի համար պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով սահմանված հավելավճարը փոխարինվում է 80 տոկոսի չափով այն հիմնավորմամբ, որ դիվանագետների համար ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն վերջիններիս կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, պարտականություններին եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին: Նախ նշենք, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափը սահմանելու համար հիմք հանդիսացող սկզբունքնրը սահմանված են Օրենքի 4-րդ հոդվածում, որի 1-ին կետով սահմանված «պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող աշխատավարձի ապահովումը» վերաբերում է հիմնական աշխատավարձին, որի մեջ հավելավճարները չեն ներառվում (հիմք՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս): Այսինքն՝ Նախագծի հիմնավորման հիմքում դրված համապատասխան լրացման անհրաժեշտությունը, այն է՝ դիվանագետների պարտականությունների ծավալին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը համահահունչ վարձատրության ապահովումը, անկյունաքարային պետք է լինի վերջիններիս հիմնական աշխատավարձի, այլ ոչ թե հավելավճարի սահմանման համար: Բացի այդ նշենք, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներից է նաեւ պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովման (հիմք Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) սկզբունքը՝ հետեւաբար, կարծում ենք, Նախագծով նախատեսված չափի հավելավճարի տրամադրման նախատեսումը միայն դիվանագետների համար լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ շեշտադրելով այն օբյեկտիվ եւ ողջամիտ հիմքը, որն ընկած է նման տարբերակման հիմքում. սույն առաջարկությունը բխում է խտրականության բացառման սկզբունքի կարեւորությունից եւ վարձատրության հիմնական սկզբունքներին վերաբերող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջից, որի ուժով պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի (որի մեջ ներառվում է եւ՛ պարգեւատրումը, եւ՛ հավելավճարը) տարբերակումը պետք է լինի հիմնավորված: 2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 9-րդ հավելվածի ««Դիվանագիտական ծառայություն» սյունակի «Գլխավոր քարտուղար» պարբերությունը». մինչդեռ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ուժը կորցրած է ճանաչվում ոչ թե «Գլխավոր քարտուղար» պարբերությունը այլ նշված սյունակն ամբողջությամբ, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «ՈՒժը կորցրած ճանաչել Հավելված 9-ի «Դիվանագիտական ծառայություն» աղյուսակի 8-րդ սյունակը»: 3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում լրացումներ կատարվում են 1-ին հոդվածով եւ 2-րդ հոդվա?ի 2-րդ կետով: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից: 4. Միաժամանակ նշենք, որ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2025 թվականի հունվարի 1-ը, հետեւաբար համապատասխան ժամկետ սահմանելիս առաջարկում ենք հաշվի առնել Նախագծի ընդունման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների եւ առաջարկների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 07.11.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 07.11.2024թ.
Նախագծով առաջարկվում է վերանայել դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափը եւ սահմանել պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 07.11.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք): Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում՝ ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից (բենեֆիտներից): Նախագծով առաջարկվում է՝ - դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանել պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով. - Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում բացառությունների շարքում նախատեսել նաեւ դիվանագետներին: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց՝ ավելի լավ աշխատելու եւ կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաեւ ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար՝ բարելավելով դիվանագետների վարձատրության պայմանները եւ բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը: Նախագիծը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն, սակայն հարկ ենք համարում նշել, որ պարբերաբար տարբեր պետական մարմինների ծառայողների համար հավելավճարի չափի ավելացման վերաբերյալ նմանաբնույթ նախագծեր ներկայացնելը վկայում է այն մասին, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը վերանայման կարիք ունի` ի սկզբանե դրա հիմքում դրված վարձատրության միասնական սկզբունքների եւ կառուցակարգերի տեսանկյունից: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 19.11.2024թ.
|