Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-955-04.11.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս, որի համաձայն՝ «5. Հայաստանի Հանրապետության օրհներգը օրենքով նախատեսված առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է օգտագործվել նաեւ սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական եւ տեքստի կարճ խմբագրությամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պաշտոնապես հրապարակաված տարբերակին համապատասխան՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրքանչյուրի համար առանձին»: Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ օգտագործման կարգը: Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են օրհներգի պարտադիր կատարման եւ ոչ պարտադիր կատարման հնարավոր դեպքերը: Հաշվի առնելվ այն հանգամանքը, որ Օրենքի 1-ին եւ 3-րդ հոդվածներով հստակ սահմանված է, որ օրհներգի հետ կապված հարաբերությունները, օգտագործման կարգը եւ կատարման դեպքերը կարգավորվում են Օրենքով՝ առաջարկում ենք Օրենքով սահմանել նաեւ Հայաստանի Հանրապետության օրհներգի կարճ խմբագրության օգտագործման հնարավոր դեպքերը: Բացի այդ նշենք, որ «տեքստի կարճ խմբագրությամբ» ձեւակերպումը բավարար հստակ չէ. մասնավորապես «կարճ խմբագրությամբ» եզրույթից հասկանալի չէ, թե Հայաստանի Հանրապետության օրհներգի ո՞ր քառյակը կամ տողերն են կրճատվելու: Հարկ է նկատել, նաեւ որ Սահմանադրության 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով, հետեւաբար Հայաստանի Հանրապետության օրհներգի կարճ խմբագրությունը եւս անհրաժեշտ է նախատեսել սույն Օրենքով՝ առանձին հավելվածի տեսքով, ապահովելով Նախագծում կատարվող լրացումների համապատասխանությունը գործող իրավական կարգավորումներին կամ հստակեցնել, թե օրհներգի տեքստի կրճատ խմբագրությունը ինչ է իրենից ենթադրում: 2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է. «Օրենքի 11-րդ հոդվածում «Անցումային դրույթ» եւ «Այն ուժի մեջ է մինչեւ Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը» բառերը հանել»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը»: Տվյալ դեպքում մեջբերված իրավակարգավորումը սահմանում է բացառություն միայն փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի հոդվածների վերնագրերի համար, ինչը վերաբերելի չէ հիմնական օրենսդրական ակտի հոդվածների վերնագրերին: Վերոգրյալից ելնելով՝ անհրաժեշտ է պահպանել Օրենքի 11-րդ հոդվածի «Անցումային դրույթ» վերտառությամբ օրենսդրական ակտի հոդվածի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 18.11.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 18.11.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել եւ հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական եւ առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը՝ օրհներգի ամբողջական եւ կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար: Առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորելով այլ հերթականությամբ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 07.11.2024թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում, որի նպատակը ՀՀ օրհներգի պաշտոնական եւ առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը սահմանելն ու հրապարակելն է, ինչպես նաեւ որոշակիացնել օրհներգի ամբողջական եւ կարճ խմբագրությամբ օգտագործվելու դեպքերը: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ՀՀ օրհներգի տեքստը եւ երաժշտությունը՝ տարբեր միջազգային պաշտոնական մարզական, մշակութային եւ այլ միջոցառումների ժամանակ, ըստ Նախագծի հեղինակների, կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ եւ ձայնագրություններով: Մյուս կողմից, տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական կամ մշակութային) առանձնահատկություններով եւ եթերաժամանակով պայմանավորված, ՀՀ օրհներգը հնչեցվում է կարճ տարբերակով: Նախագծի հեղինակներն առաջարկում են վերոհիշյալ դեպքերով պայմանավորված, հստակ հրապարակել ՀՀ օրհներգի միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ: Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ տարածքում գործող հանրակրթական դպրոցներից բացի, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ, ՀՀ օրհներգը պարտադիր կատարել նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը կրթական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 08.11.2024թ.
|