ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-957-05.11.2024-ՊԱ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9571 -05.11.2024-ՊԱ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9572 -05.11.2024-ՊԱ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9573 -05.11.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-957-05.11.2024-ՊԱ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9571 -05.11.2024-ՊԱ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9572 -05.11.2024-ՊԱ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-9573 -05.11.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է «Պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) կատարել մի քանի լրացումներ: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «աշխարհազորի,» բառը եւ կետադրական նշանը: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է. «պետության ռազմական անվտանգության համակարգ` պաշտպանության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի, զինված ուժերի միացյալ կազմավորումների, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի, աշխարհազորի, ինչպես նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի եւ ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող, ներառյալ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ամբողջություն»: Այսպես՝ վերոնշյալ դրույթում «աշխարհազորի» բառը «տարածքային պաշտպանության ուժերի» բառերով չփոխարինելու արդյունքում տարածքային պաշտպանության ուժերը չեն հանդիսանում պետության ռազմական անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս, ինչի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ հիմանվորում: 3. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 29.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված եւ պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով»: Օրենքի 29.1-ին հոդվածի 10-րդ մասով սահմանված է. «Աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաեւ` աշխարhազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված եւ պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»: Այսպես՝ Օրենքի 29.1-ին հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ աշխարհազորը համալրվում է պահեստազորում հաշվառված անձանցով, մինչդեռ՝ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 29.2-րդ հոդվածի 4-րդ մասով նշված է, որ տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվում են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված անձանցով: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս փոփոխությանը անդրադարձ չկատարելու պարագայում հասկանալի չէ, թե տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներն ինչու են համալրվում միայն պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված անձանցով: 4. Օրենքի 29.1-ին հոդվածի 11-րդ մասով սահմանված է. «Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է»: Դրանից բխում է, որ ներկայումս առկա են անձինք, որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր: Միաժամանակ՝ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 29.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծի անցումային դրույթներով կարգավորել աշխարհազորային հանդիսանալու նպատակով կնքված պայմանագրերը լուծելու եւ դրանց փոխարեն նույն անձանց հետ տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանման կազմում անձանց ներառման վերաբերյալ պայմանագրեր կնքելու հարցը: 5. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ հոդվածով սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, հիմնավորվածությունը եւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.11.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում այլ օրենքում փոփոխություն կատարելու: Մասնավորապես՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված «ներառյալ աշխարհազորի եւ տարածքային պաշտպանության» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.11.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառել Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը, ինչպես նաեւ աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ հարակից օրենքներում: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 07.11.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Պաշտպանության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ հարակից՝ «Տարածքային կառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, ինչը պայմանավորված է աշխարհազորի համակարգի վերակազմակերպմամբ եւ տեղական պաշտպանության ուժերի ներդրման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով ներկայացվող փոփոխություններով եւ լրացումներով, առաջարկվում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, ինչպես նաեւ սահմանել այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառել Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 11.11.2024թ.
|