ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-958-05.11.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-958-05.11.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» արտահայտությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի մյուս հոդվածներում հիշատակվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի կրճատ անվանումը:

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: 

Առաջարկում ենք սույն պահանջը ապահովել Նախագծի ողջ տեքստում՝ միասնական մոտեցմամբ, քանի որ Նախագծի 1-3-րդ հոդվածներում արաբական թվանշանները տեքստից առանձնացված են փակագծերով, իսկ 4-րդ հոդվածում կետերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ եւ 16-րդ կետերում կատարվող լրացումը եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք համանման լրացում կատարել նաեւ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետում: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ եւ 16-րդ կետերում նախատեսվում է տեղական արտադրության մսի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս նաեւ ներառել կենդանու բուծման երկրի մասին տեղեկատվությունը: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետում սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի եւ մսամթերքի մեջ ներմուծված մսի հետ միասին նախատեսվում է տեղեկատվություն տրամադրել տեղական արտադրության մսի վերաբերյալ: Ուստի առաջարկում ենք համապատասխանաբար լրացում  նախատեսել Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետով տեղական արտադրության մսի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգում, ինչպես Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ եւ 16-րդ կետերում, որոնցում լրացում Նախագծով նախատեսվել է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

15.11.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, կարող է առաջանալ անհրաժեշտություն փոփոխություն կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում եւ հանել «առանձնակի» բառը, քանի որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 22.7-րդ կետում հասկացությունը այդ ձեւակերպմամբ այլեւս չի գործելու:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

15.11.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է կատարել լրացում, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման մարմնին «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված տեղեկատվության հետ միասին ներկայացնելու են նաեւ ներդրված վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլան, ինչը կհավաստի, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար եւ իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության եւ որակի կառավարման առաջադեմ գործիքներ:

Առաջարկվում է նաեւ լրացում կատարել Օրենքի 9-րդ հոդվածում՝ սահմանելով կարգավորում՝ կենդանու բուծման երկրի մասին տեղեկատվության մասով, քանի որ ներկայումս առկա է օրենսդրական բաց, ինչն էլ հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել, թե կենդանին ո՞ր երկրում է բուծվել եւ որի՞ց ստացվել է մթերքը: 

Ելնելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, ըստ որի՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, առաջարկվում է խմբագրել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներն առանձին կետով սահմանելու նպատակով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.11.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր լինի նաեւ ներդրված վտանգների վերլուծություն եւ հսկման կրիտիկական կետեր համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության եւ հաստատված պլանի ներկայացումը, ինչպես նաեւ սահմանել իրավակարգավորում, համաձայն որի կենդանու սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի դեպքում տրամադրվում է տեղեկատվություն նաեւ կենդանու բուծման երկրի մասին:

Նախագծի ընդունումը սոցիալական տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ հատկապես հասարակության առողջության պահպանման առումով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                             Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

19.11.2024թ.