ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-960-11.11.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9601 -11.11.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-960-11.11.2024-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9601 -11.11.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածի վերնագրին: 2. Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) անվանումն անհրաժեշտ է շտկել. մասնավորապես «2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՕ-285-Ն» բառերն ավելորդ են, քանզի Նախագծի վերնագրում անհրաժեշտ է հղում կատարել Օրենքի կրճատ անվանմանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթներից: 3. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ» շաղկապը եւ բառը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է կատարել լրացումներ եւ փոփոխություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 26.11.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 26.11.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների (մասնավորապես՝ «Շենքերի շինարարություն», «Քաղաքացիական շինարարություն», «Մասնագիտացված շինարարական գործունեություն», «Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով», «Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն», «Գլխամասային գրասենյակների գործունեություն», «Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ», «Գովազդային գործունեություն եւ շուկայի իրավիճակի հետազոտություն», «Առողջապահություն» եւ այլն) գծով սահմանափակել շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության կազմակերպումը, կամ այլ կերպ ասած՝ գործունեության այդ տեսակները հատուկ հարկման համակարգերից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 13.11.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն» օրենքում: Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխմամբ, ինչպես նաեւ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորության ընձեռմամբ: Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ, ինչն ուղղված է հարկման հատուկ համակարգերի կիրառության շրջանակի կրճատմանը, ինչպես նաեւ հարկման հավասարության սկզբունքի ապահովմանը: Հեղինակն առաջարկում է նաեւ սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը: Բացի այդ, նախատեսվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ կարգելվի մասնագիտական աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման կազմակերպումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում: Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 15.11.2024թ.
|