ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-961-11.11.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-961-11.11.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 23-րդ կետի համարակալումն առաջարկում ենք տեքստից բաժանել փակագծի միջոցով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 23-րդ կետում առաջարկում ենք «սաների խնամքն» բառերը փոխարինել «երեխաների խնամքն» բառերով՝ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետում սահմանված՝ «երեխաների խնամք» հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետից հետո լրացնել նոր՝ 25-րդ եւ 26-րդ կետեր: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը պարունակում է նաեւ ուժը կորցրած 24-րդ կետ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «23-րդ» թիվը փոխարինել «24-րդ» թվով, ինչը կապահովի Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի կետերի հաջորդականությունը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում սահմանվում են ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման ուղղությունները: Հարկ է նկատել, որ Օրենքի 11-րդ հոդվածը վերնագրված է «Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը»: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում Օրենքի 11-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնից, այն է. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»:

5. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ կետում թվարկվում են նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները, մասնավորապես. «3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), մասնաճյուղի ղեկավարը, դաստիարակը, դաստիարակի օգնականը, հոգեբանը, հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, ֆիզկուլտուրայի հրահանգիչը, երաժշտության դաստիարակը, բուժաշխատողը, լրացուցիչ կրթական ծառայության մանկավարժը եւ այլ մանկավարժական աշխատողներ:»:

«Դաստիարակ» հասկացությունը ներառում է նաեւ «երաժշտության դաստիարակ» հասկացությունը: Հետեւաբար երաժշտության դաստիարակի մասին առանձին նշման անհրաժեշտությունը, կարծում ենք՝ բացակայում է:

6. Նախագծի 2-րդ հոդվածում «ենթաօրենդրական իրավական» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

27.11.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

27.11.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք բխում են առաջացած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Մասնավորապես, առաջարկվում է Օրենքում կիրառվող հասկացությունների թվում «դաստիարակ» հասկացությունն առանձին սահմանել, ամրագրել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց՝ դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորություն: Առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաեւ դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես, որ վերջինների զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է նաեւ, որ վերապատրաստման դասընթացի ծավալը եւ տեւողությունը, ի տարբերություն տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի եւ կներառի միայն բարեվարքության եւ նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի եւ հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

21.11.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծի ընդունումը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից, մասնավորապես, գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաեւ հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության եւ լավագույն փորձի փոխանակման համար Երեւան քաղաքում եւ մարզերում մենթորական հաստատությունների ձեւավորման անհրաժեշտություն է առաջացել:

Նախագծով առաջարկվում է ամրագրել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց՝ դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորությունը: Առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաեւ դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես, որ վերջինների զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է, որ վերապատրաստման դասընթացի ծավալը եւ տեւողությունը, ի տարբերություն տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի եւ կներառի միայն բարեվարքության եւ նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի եւ հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ:

Նախագծով առաջարկվում է նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.                   «3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են:»: Ի դեպ, նշենք, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է: 

Նախագծի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության որակի լավարկմանն ուղղված գործիքակազմի ներդրման իրականացմանը: 

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը.

Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվելիք 3-րդ կետի համաձայն՝

«Նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝

3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), մասնաճյուղի ղեկավարը, դաստիարակը, դաստիարակի օգնականը, հոգեբանը, հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, ֆիզկուլտուրայի հրահանգիչը, երաժշտության դաստիարակը, բուժաշխատողը, լրացուցիչ կրթական ծառայության մանկավարժը եւ այլ մանկավարժական աշխատողներ»:

Նշված կետի շարադրանքից տպավորություն է ստեղծվում, որ դաստիարակի օգնականը նույնպես հանդիսանում է մանկավարժական աշխատող: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը՝ հնարավոր է Նախագիծը որոշ լրամշակման կարիք ունենա:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                             Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

02.12.2024թ.