ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-962-12.11.2024-ԳԿ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9621 -12.11.2024-ԳԿ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9622 -12.11.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-962-12.11.2024-ԳԿ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9621 -12.11.2024-ԳԿ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9622 -12.11.2024-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահնամված չէ վերջինիս կարգավորման առարկան, ինչի հետեւանքով հնարավոր չէ պատկերացում կազմել Նախագծով կարգավորվող հարաբերությունների եւ հարցերի առանցքային ոլորտների մասին: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքով հարաբերությունների շրջանակի սահմանումը նպաստում է այդ ակտից օգտվելու դյուրինությանը, ինչպես նաեւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն, առ այն, որ «Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից», առաջարկում ենք Նախագծով հստակ նախատեսել համապատասխան օրենքի կարգավորման առարկան՝ ապահովելով համապատասխան իրավական ակտի որոշակիության աստիճանը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառված տարբերակը:

Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով առկա «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերին: 

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերջին նախադասությամբ սահմանված է. «Պետական երիտասարդական քաղաքականությունը ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձեւավորմանը` ընդլայնելու իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում են Նախագծում օգտագործվող հասկացությունները՝ առաջարկում ենք վերը մեջբերված նախադասությունը սահմանել որպես առանձին դրույթ՝ այն շարադրելով իր բովանդակությանը համապատասխան վերնագիր ունեցող հոդվածով: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող մի շարք այլ հասկացությունների սահմանումներում, հետեւաբար առաջարկում ենք հասկացության սահմանում չհանդիսացող բոլոր նախադասությունները շարադրել որպես առանձին դրույթներ՝ համապատասխան բովանդակությամբ հոդվածի մեջ՝ հիմք ընդունելով համապատասխան դրույթների նորմ, վարքագծի կանոն, հանդիսանալու հանգամանքը : 

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է. «երիտասարդական ծրագիր` պետական երիտասարդական քաղաքականությունից բխող երիտասարդների կարիքների, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության ապահովմանը եւ որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը ուղղված պլանավորված միջոցառում կամ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է երիտասարդների համար, երիտասարդների կողմից կամ նրանց մասնակցությամբ»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթում նշված «երիտասարդների կարիքների, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության ապահովմանը եւ որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը» արտահայտությունն արդեն իսկ ընդգրկված է «պետական երիտասարդական քաղաքականություն» հասկացության մեջ, հետեւաբար կարիք չկա այն նորից շարադրելու՝ հիմք ընդունելով նաեւ այն հանգամանքը, որ քննարկվող նորմով արդեն իսկ նշված է, որ այս արտահայտությամբ թվարկված նպատակները բխում են պետական երիտասարդական քաղաքականությունից: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք վերը նշված արտահայտությունը հանել:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 13-րդ կետում:

5. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված է. «երիտասարդական նախաձեռնող խմբեր` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող երիտասարդների ինքնակազմակերպման արդյունքում ձեւավորված խումբ, որի գործունեությունը բխում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից?»: Նշված ձեւակերպումը որոշակի չէ եւ միանշական չի ընկալվում: Մասնավորապես՝  հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունը», ինչով է այն տարբերվում «պետական երիտասարդական քաղաքականությունից», ինչով են սահմանվելու նշված առաջնահերթությունները: Միաժամանակ՝ առաջարկում ենք քննարկվող դրույթից, ինչպես նաեւ Նախագծի ողջ տեքստից հանել «?» նշանը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայերենում նման նշան առկա չէ:

6. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված է. «Երիտասարդական կենտրոն` առանձին իրավակազմակերպական ձեւ ունեցող, ինչպես նաեւ կամ համայնքի կամ կազմակերպության հաշվեկշռում գտնվող ֆիզիկական տարածք` միջավայր, որտեղ իրականացվում է երիտասարդական աշխատանք, կազմակերպվում է ինտելեկտուալ ժամանց եւ իրականացվում են պետական երիտասարդական քաղաքականությունից բխող ծրագրեր եւ միջոցառումներ?»: Քննարկվող նորմի կապակցությամբ նախ նշենք, որ հասկանալի չէ, թե առանձին իրավակազմակերպական ձեւ ունեցող կազմակերպությունն ինչ է իրենից ներկայացնում եւ ինչպես է դրսեւորվում դրա իրավակազմակերպական առանձին ձեւը: Բացի այդ՝ առաջարկում ենք «իրավակազմակերպական» բառը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կիրառվող «կազմակերպական-իրավական» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: 

Միաժամանակ նշենք, որ հասկանալի չէ, թե արդյոք քննարկվող նորմում նշված պետական երիտասարդական քաղաքականությունից բխող ծրագրերը եւ միջոցառումները նույն միտքն են արտահայտում, ինչ «երիտասարդական ծրագիր» եւ «երիտասարդական միջոցառում» հասկացությունները, որոնք, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերի համաձայն, եւս բխում են պետական երիտասարդական քաղաքականությունից: Եթե դրանք տարբեր իմաստ են արտահայտում, ապա իրավական շփոթից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանել, թե ինչ են իրենցից ներկայացնում պետական երիտասարդական քաղաքականությունից բխող, բայց երիտասարդական ծրագիր կամ միջոցառում չհանդիսացող ծրագիրը եւ միջոցառումը: Եթե նույն միտքն են արտահայտում, ապա անհրաժեշտ է նույն միտքն արտահայտելիս կիրառել նույն բառերը: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Այս դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «երիտասարդական քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումները» բառերին, Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում նախատեսված ծրագրերին եւ միջոցառումներին» բառերին եւ այլն:

7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է, որ պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններից է պետության եւ համայնքի կողմից հիմնված երիտասարդական կենտրոնների օրինակելի կանոնադրությունը հաստատելը: Այս կապակցությամբ հատկանշական է, որ Նախագծի ողջ տեքստում առկա չէ որեւէ կարգավորում պետության կողմից երիտասարդական կենտրոն հիմնելու վերաբերյալ, ինչի արդյունքում հասկանալի չէ, թե պետական որ մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են իրականացնել նման գործառույթ եւ ինչ ընթացակարգով: 

8. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է, որ պետական կառավարման լիազորված մարմինը իրավասու է իրականացնել երիտասարդների կարիքների վերաբերյալ ամենամյա հետազոտություն` ապահովելով ըստ սեռի տարանջատված տվյալների առկայությունը եւ հրապարակել տարեկան զեկույց: Նշենք, որ այս դրույթը բավականաչափ հստակ չէ: Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե քննարկվող նորմում նշված ամենամյա հետազոտությունն ինչ է իրենից ներկայացնում, ինչ պետք է իր մեջ պարունակի եւ ինչով է տարբերվում Նախագծով սահմանված «երիտասարդական ուսումնասիրություն» հասկացությունից: Բացի այդ՝ հասկանալի չէ, թե ինչու պետք է ապահովվի միայն ըստ սեռերի տարանջատված տվյալների առկայությունը, եթե Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ կարեւորվում է «երիտասարդ» հասկացության մեջ ներառվող տարբեր տարիքային խմբերի առկայությունը՝ իրենց առանձնահատկություններով, կարիքներով եւ այլն: Միաժամանակ նշենք, որ հասկանալի չէ, թե որտեղ եւ ինչ ձեւաչափով է հրապարակվում այս հետազոտությունը:

Նշենք, որ որոշակիության հետ կապված նույն խնդիրն առկա է նաեւ նույն մասի 6-րդ կետում, որով նշված է, որ պետական կառավարման լիազորված մարմինը իրավասու է իրականացնել պետական ծրագրերում երիտասարդության բաղադրիչի վերաբերյալ փորձագիտական վերլուծություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հասկանալի չէ, թե «երիտասարդության բաղադրիչ» կամ դրա վերաբերյալ փորձագիտական վերլուծությունն ինչ իմաստով են կիրառվում, ինչպես նաեւ՝ փորձագիտական վերլուծությունը ինչ ծավալով եւ ինչ չափանիշներով է իրականացվում:

9. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առկա է «համայնքում երիտասարդական քաղաքականության» ձեւակերպում, հատկանշական է, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է «համայնքի երիտասարդական քաղաքականություն» հասկացությունը: Առաջարկում ենք նույն միտքն արտահայտելիս կիրառել նույն բառերը: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

10. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Պետության կողմից երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին կարող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն, որը միավորում է առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ, որոնց գործունեությունը տարածվում է ՀՀ վարչատարածքային միավորների առնվազն կեսում եւ որի հետ լիազոր մարմինը կնքում է համագործակցության հուշագիր, որը կսահմանի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման մեջ պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակը»: Վերը մեջբերված նորմի հետ կապված առկա են մի շարք դիտարկումներ, այսպես.

10.1. Նախ՝ հստակ չեն պետության կողմից երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին ճանաչվելու չափանիշները: Այսպես՝ սահմանված է, որ այդպիսին է ճանաչվում առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ միավորող այն կազմակերպությունը, որի գործունեությունը տարածվում է վարչատարածքային միավորների առնվազն կեսում: Արդյոք առավել մեծ թվով կազմակերպություններ միավորելու պահանջն է առավել կարեւորը, թե՝ Հայաստանի Հանրապետության առավել շատ վարչատարածքային միավորներում գործունեություն տարածելու պայմանը: Հասկանալի չէ նաեւ, թե ինչ է կատարվում, եթե պետության կողմից ճանաչված երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի առկայության պարագայում այլ կազմակերպություն իր մեջ ներառում է միացյալ մարմնից առավել մեծ թվով կազմակերպություններ կամ գործունեություն է տարածում Հայաստանի Հանրապետության առավել շատ վարչատարածքային միավորներում, արդյոք համագործակցության հուշագրով սահմանված է ժամանակահատված, որի ընթացքում երաշխավորված է, որ միայն հուշագիր կնքած կոնկրետ կազմակերպությունը կարող է լինել երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին: Միաժամանակ նշենք, որ դժվար իրագործելի է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների առնվազն կեսում գործունեություն տարածելու պայմանը՝ հաշվի առնելով այդ միավորների քանակը:

10.2. Բացի այդ՝ առաջարկում ենք ապահովել քննարկվող նորմի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, մասնավորապես «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ նշենք, որ Նախագծում միաժամանակ կիրառվում են «լիազոր մարմին», «պետական կառավարման լիազորված մարմին» եւ «պետական կառավարման լիազոր մարմին» բառերը, ինչը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի տեսանկյունից:

11. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Երիտասարդները կարող են ստեղծել երիտասարդական կազմակերպություններ եւ երիտասարդական կենտրոններ, մասնակցել դրանց աշխատանքներին»: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված է. «Երիտասարդական կենտրոնը կարող է ստեղծվել պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջեւ երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ»: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նշված երիտասարդական կենտրոն ստեղծելու իրավասություն ունեցող սուբյեկտների շարքում «երիտասարդները» որպես սուբյեկտ նշված չեն: Առաջարկում ենք ապահովել Նախագծերի դրույթների համապատասխանությունը միմյանց:

12. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ երիտասարդական կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ երիտասարդական կազմակերպությունների միություն է, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված է, որ երիտասարդական կազմակերպություն կարող է համարվել միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը: Առաջարկում ենք ապահովել Նախագծի դրույթների համապատասխանությունը միմյանց:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասում, որով սահմանված է. «Երիտասարդական կազմակերպություն լինելու համար կազմակերպության կանոնադրությամբ պետք է նախատեսվի երիտասարդական աշխատանքի եւ երիտասարդական ծրագրերի իրականացումը, իսկ անդամների առնվազն 2/3-ը պետք է լինեն երիտասարդներ կամ երիտասարդական կազմակերպություններ», մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված չէ անդամների 2/3-ում երիտասարդների շրջանակում երիտասարդական կազմակերպությունների ընդգրկման հնարավորություն. «երիտասարդական կազմակերպություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որի կանոնադրությամբ նախատեսված է երիտասարդական աշխատանքի եւ երիտասարդական ծրագրերի իրականացումը եւ որի անդամների առնվազն 2/3-ը երիտասարդներ են»: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգավորումները գրեթե նույն բովանդակությունն ունեն, ինչը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի եւ 17-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից:

Հատկանշական է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի եւ 17-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից խնրահարույց են նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված դրույթները, ինչպես նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 9-րդ մասով եւ 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դրույթները:

13. Նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է. «Համագործակցությամբ ստեղծված կենտրոնների պարագայում հիմնադիրների միջեւ կնքվում է համագործակցության հուշագիր որում ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից երիտասարդական կենտրոնների գործունեության կարգով նախատեսված դրույթները»: Նշենք, որ վերը մեջբերված դրույթի ձեւակերպումից հասկանալի չէ, թե Կառավարությունն ինչ է իրականացնում այս պարագայում, հատկապես, որ Նախագծի 5-րդ հոդվաի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ երիտասարդական կենտրոնների գործունեության կարգը հաստատելը պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններից է, եւ Նախագծի 4-րդ հոդվածով սպառիչ թվարկված Կառավարության իրավասություններից ոչ մեկը այս կարգավորմանը չի վերաբերում:

14. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Պետական երիտասարդական քաղաքականության ազդեցությունը գնահատելու համար իրականացվում են տարբեր երիտասարդական ուսումնասիրություններ եւ վերլուծություններ»: Նախ՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ով իրավասություն ունի նման ուսումնասիրություն կամ վերլուծություն իրականացնելու եւ ինչ պարբերականությամբ, բացի այդ՝ հասկանալի չէ, թե այդ ուսումնասիրություններն ու վերլուծություններն իրականացնելուն ինչ է հաջորդում, ում են դրանք ներկայացվում, ինչ ընթացակարգով:

15. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժի մեջ է մտնում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման պահից: Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված է, որ համայնքի ղեկավարը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մեջ ներառում է երիտասարդական ծրագրեր, մշակում է եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի երիտասարդական քաղաքականությունը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այս դրույթում առկա չէ որեւէ նշում ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ (համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը եւ համայնքի երիտասարդական քաղաքականությունը չեն հանդիսանում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր)՝ նշենք, որ այս դեպքում Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթով սահմանված ժամկետը չի կարող գործել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթի նկատմամբ: Վերոգրյալի, ինչպես նաեւ՝ օրենսդրությամբ սահմանված հնգամյա զարգացման ծրագրերին վերաբերող կարգավորումների հաշվառմամբ հասկանալի չէ, թե ինչ ժամկետում երիտասարդական ծրագրերը պետք է ներառվեն համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մեջ:

16. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո շարադրել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

17. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. « Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը տեղական ինքնակառավարման մարմինների վրա տարածվում են համայնքում համայնքային երիտասարդական կենտրոնի ստեղծման պահից»: Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է. «համայնքի ղեկավարը համայնքում հիմնադրում է երիտասարդական կենտրոն կամ աջակցում է համայնքում երիտասարդական կենտրոնի հիմնադրմանը եւ գործունեությանը»: Այսպես՝ նշենք, որ հասկանալի չէ, թե Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով ինչու է սահմանվել, որ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը տեղական ինքնակառավարման մարմինների վրա տարածվում են համայնքում համայնքային երիտասարդական կենտրոնի ստեղծման պահից, եթե հենց Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով է սահմանվում համայնքում երիտասարդական կենտրոնի հիմնադրման իրավասությունը:

Նույն խնդիրն առկա է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում:

18. Նախագծով սահմանված կարգավորումները ընդհանուր առմամբ խնդրահարույց են որոշակիության եւ հստակության բացակայության տեսանկյունից, հատկանշական է նաեւ, որ Նախագծի ողջ տեքստում կիրառվում են բազմաթիվ բառեր, արտահայտություններ, որոնց իմաստը միանշանակ չի ընկալվում, ինչպես օրինակ՝ «քաղաքացիական հասարակության կազմակերպություն», «երիտասարդության բաղադրիչ» եւ այլ բառեր ու արտահայտություններ, որոնցից որոշներին սույն եզրակացությամբ արդեն անդրադարձ է կատարվել:

19. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարել մի քանի լրացումներ: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի տեսանկյունից խնդրահարույց է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրը, մասնավորապես՝ անհրաժեշտ է «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով:

20. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 41-րդ մասում լրացվող 41.9-րդ կետում «տեղական երիտասարդական քաղաքականությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «համայնքի երիտասարդական քաղաքականությունը»՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում կիրառվում է երկրորդ տարբերակը: Բացի այդ անհրաժեշտ է «հոդվածի 41-րդ մասը» ձեւակերպումը փոխարինել «հոդվածը» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրացումը կատարվում է 18-րդ հոդվածում, որը չունի 41-րդ մաս:

21. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում ««Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի» բառով՝ հիմք ընդունելով այդ նախագծի 1-ին հոդվածը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

22. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:

23. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք հղումը հստակեցնել՝ «հոդվածի» բառը փոխարինելով «հոդվածով Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասի» բառերով: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, հիմնավորվածությունը եւ դրանց համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.12.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.12.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) սահմանվում են պետական երիտասարդական քաղաքականության մշակման ու իրականացման, ինչպես նաեւ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների միջեւ ծագող իրավահարաբերությունների կարգավորման իրավական հիմքերը: Փաթեթով ամրագրվում են նաեւ երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, նրանց իրավունքները, պարտականությունները եւ լիազորությունները, ինչպես նաեւ այդ քաղաքականության մշակման, իրականացման եւ դրա ազդեցության գնահատման իրավակարգավորումները:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.11.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի, ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջեւ իրավահարաբերությունները, կհստակեցվի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջեւ հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները, կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության սահմանման եւ նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: 

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք նշել, որ Նախագծում պարունակվող շատ սահմանումներ, հասկացություններ ունեն  ընդհանրական բնույթ, կրկնվում են,  նաեւ միմյանց հակասում:    Այսպես, օրինակ՝

- Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշվում է, որ` «Երիտասարդական կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի կանոնադրությամբ նախատեսված է երիտասարդական աշխատանքի եւ երիտասարդական ծրագրերի իրականացումը եւ որի անդամների առնվազն 2/3-ը երիտասարդներ են», Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ՝ «Երիտասարդական կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ երիտասարդական կազմակերպությունների միություն է», իսկ 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն էլ՝ երիտասարդական կազմակերպության անդամների առնվազն 2/3-ը պետք է լինեն երիտասարդներ կամ երիտասարդական կազմակերպություններ.

- վերանայման/հստակեցման կարիք ունի «Երիտասարդական աշխատանք» հասկացությունը (Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ)՝ սահմանման/դրանում պարունակվող արտահայտությունների ընդհանրական (վերացական) լինելու առումով եւ այդ համատեքստում նաեւ՝ «Երիտասարդական աշխատող» հասկացությունը (Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ).

- Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշվում է, որ  Երիտասարդական կենտրոնը կարող է ստեղծվել պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջեւ երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ, մինչդեռ որեւիցե  կարգավորում առկա չէ՝ կապված քաղաքացիական հասարակության կառույցների կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնների գործունեության նկատմամբ վերահսկողության եւ առհասարակ, երիտասարդական կենտրոնների կողմից իրականացվող գործունեության հաշվետվողականության վերաբերյալ: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք Նախագծերի փաթեթը վերանայման/հստակեցման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

03.12.2024թ.