ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-965-20.11.2024-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9651 -20.11.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-965-20.11.2024-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9651 -20.11.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 2-րդ կետով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 8-րդ կետով սահմանված է. «ամփոփագիր՝ ինքնագնահատման հարցաշարի, ներկայացված բժշկական փաստաթղթերի եւ Կառավարության որոշմամբ սահմանված այլ տեղեկատվության հիման վրա մշակված անձի ֆունկցիոնալության նկարագիր, որը ներառում է անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակը, համապատասխան ծածկագրերով՝ առանց որակիչների»: Նշենք, որ, թեեւ Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ ստորեւ նշված հասկացություններին անդրադարձ կատարվել է, այնուամենայնիվ, Օրենքով այս դրույթը բավականաչափ որոշակի չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «ինքնագնահատման հարցաշարը», ինչպես եւ ում կողմից է այն սահմանվում, ինչպես նաեւ՝ ինչ է իր մեջ ներառում, բացի այդ՝ հասկանալի չէ, թե անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության ինչ տեսակներ կան, ինչպես են դրանք տարբերակվում, նաեւ հասկանալի չէ, թե ինչ է անձի ֆունկցիոնալության նկարագիրը: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 10-րդ մասում նշված «Միասնական սոցիալական ծառայության» հասկացության վերաբերյալ նշենք, որ Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ մասում նշված է «Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին)»: Այս կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Առաջարկում ենք ապահովել Նախագծի եւ Օրենքի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջին: 3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է լիազոր մարմնի նոր իրավասություն, այն է՝ անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամի վերապատրաստման իրականացման եւ հավաստագրի տրամադրման ապահովումը: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով արեն իսկ սահմանված են լիազոր մարմնի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետներին վերապատրաստումից հետո տրվող հավաստագրերի օրինակելի ձեւերը հաստատելու իրավասությունները: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված է, որ մասնագետների ռեեստրում ընգրկված են անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների տվյալները, եւ այդ մասնագետների ցուցակից վիճակահանության արդյունքով ձեւավորում են գնահատող հանձնաժողովներ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների եւ գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման համար վերապատրաստման առանձին կարգեր սահմանելը, եթե այս ոլորտի բոլոր մասնագետներն արդեն գրանցված են մասնագետների ռեեստրում, եւ գնահատող հանձնաժողովները կարող են ձեւավորվել միայն այս ռեեստրում գրանցված մասնագետների թվից, առավել եւս՝ վիճակահանության կարգով: 4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-րդ մասով սահմանված է. «Լիազոր մարմինն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկումների արդյունքները կարող է օգտագործել միայն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում քաղաքականության իրականացման գնահատման համար»: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ Կառավարությունն ապահովում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը: Վերոգրյալից բխում է, որ Կառավարությունն ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ լիազոր մարմինը գնահատում է քաղաքականության իրականացումը: Հատկանշական է, որ հասկանալի չէ, թե ինչպես եւ ինչ ձեւաչափով է իրականացվելու քաղաքականության իրականացման գնահատումը, ինչ սկզբունքով եւ ինչ չափորոշիչների հիման վրա, միաժամանակ՝ հասկանալի չէ, թե այն ինչ նպատակով է իրականացվում, ինչ ընթացակարգով եւ ինչ է հաջորդելու գնահատման գործընթացի ավարտին: 5. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.1-ին հոդվածի 2-րդ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք «դիմումը» բառից առաջ լրացնել «կամ նրա օրինական ներկայացուցչի» բառերը՝ հիմք ընդունելով Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը: 7. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 7-րդ մասում «(անձանց)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետում նշված «(անձանց)» ձեւակերպմանը: 8. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 10-րդ մասով սահմանված է. « Դիտարկում իրականացնող անձինք իրավունք ունեն դիտարկվող սուբյեկտից ( ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են դիտարկման նպատակներին»: Նշենք, որ վերոգրյալ դրույթից, Նախագծի եւ Օրենքի մյուս դրույթներից հասկանալի չէ, թե դիտարկվող սուբյեկտից դիտարկման նպատակներին անմիջականորեն առնչվող ինչ փորձանմուշ կարող է անհրաժեշտ լինել: 9. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու վերաբերյալ: Ընդ որում՝ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 15-րդ մասով սահմանված է, որ այդ միջնորդագիրը ստանալու դեպքում լիազոր մարմինն ընդունում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշում, իսկ 16-րդ մասով սահմանված է, որ հավաստագրից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձին անձի ֆունկցիոնալություն գնահատող մասնագետի որակավորման հավաստագիր չի կարող տրամադրվել: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ եթե տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինը պարտավոր է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկել: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքով հստակ սահմանված չեն անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու հիմքերը: Արդյունքում ստացվում է, որ Օրենքով սահմանվում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին իր հավաստագրից զրկելու եւ այդ պահից մեկ տարվա ընթացքում հավաստագիր ստանալու իրավունքից եւս զրկվելու վերաբերյալ դրույթ, երբ Օրենքով սահմանված չէ, հավաստագրից զրկելու հնարավորություն, ինչպես նաեւ ինչ հիմքով դա կարող է իրականացվել: Վերոգրյալը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքի տեսանկյունից, որով սահմանված է. «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: 10. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 18-րդ մասով սահմանված է. «Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է օրենքով սահմանված կարգով»: Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.28-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վարչական պատասխանատվության ենթարկելու նման հիմք առկա չէ: 11. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.1-ին հոդվածի 19-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով իրականացրած դիտարկման վարույթի ավարտից հետո՝ տեսչական մարմինը 3-օրյա ժամկետում հաղորդում ներկայացրած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ ձեւով ծանուցվում է միայն դիտարկման արդյունքների վերաբերյալ՝ բացառելով բժշկական գաղտնիք կամ անձնական տվյալ համարվող տեղեկությունների տրամադրումը»: Նշենք, որ հասկանալի չէ, թե դիտարկման վարույթի ավարտից հետո ինչու է ծանուցում ներկայացվում միայն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչու նման հնարավորություն նախատեսված չէ ֆիզիկական անձին կամ համապատասխան հաղորդում ներկայացրած կազմակերպություններին, որոնց դիմումի կամ հաղորդման հիման վրա եւս կարող է իրականացվել դիտարկում: 12. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ճիշտ շարադրել Օրենսգրքի վերնագիրը՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով: 14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 47.28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է պատասխանատվություն անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակողի կողմից ամփոփոգիր կազմելու կամ գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշելու օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելու համար, մինչդեռ հասկանալի չէ, թե որն է այս դրույթի նյութական հիմքը, այսինքն՝ ինչով է սահմանված ամփոփոգիր կազմելու (ընդ որում՝ ոչ թե մշակելու, այլ կազմելու) կամ գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշելու կարգը եւ ինչով է սահմանված, որ այդ կարգի խախտման հետեւանքը վարչական պատասխանատվության ենթարկվելն է: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի տեսանկյունից: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 11.12.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 11.12.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխուփյուններ կատարել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում եւ փոփոխուփյուններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքսգրքում»: Նախագծով առաջարկվում է սահմանել այն գործառույթները եւ պատասխանատվության միջոցները, որոնք կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ սահմանել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 03.12.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություն կատարելով նաեւ հարակից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», ինչը պայմանավորված է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացմամբ, այն դեպքում, երբ վերահսկողության իրականացման գործիքակազմ եւ ընթացակարգ նախատեսված չէ: Նախագծերի փաթեթով ներկայացվող լրացումներով եւ փոփոխություններով, հեղինակն առաջարկում է սահմանել, որ վերահսկողությունը իրականացվելու է դիտարկման միջոցով, ինչը տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման եւ բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Նախագծերի փաթեթով, մասնավորապես, սահմանվում են, որ՝ - դիտարկումները լինում են տարեկան ծրագրով նախատեսված եւ ըստ անհրաժեշտության, տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումները կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ ըստ անհրաժեշտության դիտարկումները՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումների, քաղաքացիների եւ կազմակերպությունների դիմումների հիման վրա եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով, - դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների եւ պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը՝ ելնելով խախտման բնույթից, ըստ որի, միջնորդագիր է ներկայացնում՝
Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Հեղինակն ակնկալում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում պատշաճ վերահսկողություն կապահովվի անձի ֆունկցիոնալության գնահատման, իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 02.12.2024թ.
|