ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր - Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-971-28.11.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր - Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-971-28.11.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր - Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է Բանկի կողմից Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ Համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրի իրականացման համար: Ենթածրագիր 2-ի հիմանական նպատակն է խորացնել Հայաստանի ֆինանսական շուկաները եւ ուժեղացնել երկրի ֆիսկալ կառավարումը եւ կայունությունը:

Համաձայնագրի համաձայն՝ վարկավորման պայմանները հետեւյալն են՝

- վարկի գումար՝ 89.469 մլն եվրո,

- վարկի արժույթ՝ եվրո,

- վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 30.06.2025թ.,

- վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,

- վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 0.5% մարժա, որը 13.11.2024թ. դրությամբ կկազմի 3.279% (2.779%+0.5%),

- պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբն է պայմանագրի ստորագրման ամսաթվից 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,

- վարկի սպասարկման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը եւ սեպտեմբերի 15-ը,

- վարկի մարման ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալը՝ 3 տարի,

- վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին, մարման գրաֆիկը ընտրվել է այնպես, որ տոկոսադրույքի նկատմամբ կիրառվող մարման հավելավճարը լինի զրոյական: Վարկի մարումը կատարվելու է կիսամյակային գրաֆիկով:

Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին՝ խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետեւյալ փոփոխությունները՝

- փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,

- փոխարկել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի եւ հակառակը,

- սահմանել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի համար կիրառելի լողացող տոկոսադրույքի գծով վերին կամ վերին եւ ստորին սահմանաչափեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.12.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը  (այսուհետ Համաձայնագիր)՝  Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաները խորացնելու եւ հարկաբյուջետային կառավարումն ու կայունությունն ուժեղացնելու նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 89,469,000 (ութսունինը միլիոն չորս հարյուր վաթսունինը հազար) եվրոյի չափով վարկ՝ Համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության Ծրագրի (այսուհետ Համաձայնագիր)՝ իրականացման համար:

Համաձայնագրի 4 հավելվածներն են. 

1) Հավելված 1՝ Ծրագրի նկարագրությունը, 

2) Հավելված 2՝ Մարման ժամանակացույցը, 

3) Հավելված 3՝ Վարկային միջոցների առհանումը, 

4) Հավելված 4՝ Ծրագրի իրականացումը եւ այլ հարցեր:

Համաձայնագրի 3 հիմնական բաղադրիչներն են՝ 

ա. հարկաբյուջետային, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում եւ ամրապնդում, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքների ներդրում, 

բ. պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, 

գ. ֆինանսական գործիքների եւ ներդրողների բազայի ընդլայնում եւ կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝ 

1. մարել Վարկի մայր գումարը 12 տարում,

2. վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են առհանված եւ չվճարված վարկի մայր գումարի դիմաց, 

3. վճարել պարտավորավճար՝ տարեկան 0.15%-ի չափով, որը հաշվեգրվոմ է Վարկի ամբողջ գումարի վրա (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները),

4. վճարել Վարկի տոկոսագումարները եւ այլ վճարներ կիսամյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին եւ սեպտեմբերի 15-ին,

5. մարել Վարկային հաշվից առհանված՝ վարկի մայր գումարը Համաձայնագրի 2-րդ հավելվածի դրույթների համաձայն,

6. ապահովել, որ Վարկային միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ Համաձայնագրի դրույթների համաձայն եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

03.12.2024թ.