ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-984-10.12.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-984-10.12.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ձեւակերպումը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում են միայն փոփոխություններ: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.12.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.12.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար սահմանված պատասխանատվության միջոցը դարձնել համադրելի այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, մասնավորապես՝ առաջին անգամ՝ 150,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 2,5%-ի չափով, երկրորդ անգամ՝ 1,500,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 25%-ի չափով, երրորդ անգամ՝ 3,000,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 50%-ի չափով, ընդամենը՝ 4,650,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 77,5%-ի չափով:

Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 16913-րդ հոդվածով վարչական պատասխանատվության միջոցներ են նախատեսված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար, այն դեպքում երբ «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պահանջներ որոշակի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու համար: Վերը նշվածով պայմանավորված, Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն ենթադրող արարքը սահմանել օրենսդրության պահանջներին համապատասխան:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.12.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծի ընդունումը պայմանավորված է ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելու եւ կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման անհրաժեշտությամբ: 

Նախագծով առաջարկվում է՝ 

- Օրենսգրքի 16912-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ մասնավորապես, խստացնելով Oրենսգրքի 16912-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, 

- Օրենսգրքի 16913-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն նախատեսելով օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարող գլխավոր հաշվապահ աշխատանքի ընդունելու համար, այլ ոչ թե հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքներով սահմանված են պահանջներ որոշակի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու համար: 

Նշենք նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 16912-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 16913-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ համապատասխան հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ : 

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկությունը.

Առաջարկում ենք վերանայել/նվազեցնել  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 16912-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված տուգանքի չափերը, ինչպես նաեւ Նախագծի  2-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 16913-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տուգանքի չափը: 


Եզրահանգում

Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնելու դեպքում՝ Նախագիծը որոշ  լրամշակման կարիք կունենա:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

27.12.2024թ.