ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-989-20.12.2024-ՊԱ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9891 -20.12.2024-ՊԱ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9892 -20.12.2024-ՊԱ-011/0), «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9893 -20.12.2024-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9894 -20.12.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-989-20.12.2024-ՊԱ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9891 -20.12.2024-ՊԱ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9892 -20.12.2024-ՊԱ-011/0), «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9893 -20.12.2024-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9894 -20.12.2024-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է մեկ փոփոխություն եւ երեք լրացում: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնելիս» բառից հետո լրացնել «, իսկ Լիազոր մարմինը սույն մասի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,» բառերը եւ կետադրական նշանները: Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենքի 19-րդ հոդվածը վերնագրված է «Ոստիկանության իրավունքները հանցագործությունները եւ այլ իրավախախտումերը կանխելիս»: Մինչդեռ վերը մեջբերված լրացմամբ ոստիկանության իրավունքներին վերաբերող իրավադրույթում նախատեսվում են Լիազոր մարմնին վերապահվող իրավունքներ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջի համաձայն. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք լրացում կատարելիս ապահովել Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը: 3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված լրացմամբ Լիազոր մարմնի կողմից որոշակի գործողության կատարումը պայմանավորվում է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հետ: Սակայն ցանկանում ենք նշել, որ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նման կետ բացակայում է, իսկ Նախագծով չի նախատեսվում: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացումը: 4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի 2-րդ պարբերության մեջ առաջարկում ենք «Սույն մասում» բառերը փոխարինել «Սույն կետում» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այն մարմնինները եւ կազմակերպությունները, որոնցից պահանջվում է տեսահսկման համակարգերին հասանելիություն սահմանված են Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետում: 5. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նոր լրացվող 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիազորվում է մի շարք սուբյեկտներից՝ 1) պահանջել եւ ստանալ տեսագրություններ, 2) ունենալ հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Ցանկանում ենք նշել, որ տեսագրություններ պահանջելու եւ ստանալու լիազորությունը ունի իրավական որոշակիության խնդիր, կարող է մեկնաբանվել տարածական՝ առաջացնելով տարընկալումներ, թե ինչ տեսագրություններ կարող են պահանջվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նոր լրացվող 4-րդ կետը լրամշակել եւ որոշակիացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջին լիազորությունը՝ երկրորդ լիազորության օրինակով, որտեղ իրավական որոշակիության պահանջը պահպանված է եւ հստակ, մատչելի սահմանված է՝ որ տեսահսկման համակարգերին պետք է ունենա հասանելիություն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը եւ ինչ է ենթադրում այդ հասանելիությունը: 6. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նոր լրացվող 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիազորվում է պահանջել եւ ստանալ տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին՝ - Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, - տեղական ինքնակառավարման մարմիններից, - պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից, - էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, - օդանավակայաններից - պետական սահմանի անցման կետերից » Միեւնույն ժամանակ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածում նոր լրացվող 3.1-ին մասում սույն պարտականության կրող են համարվում նաեւ համայնքային ենթակայության հիմնարկները: Ուստի գտնում ենք, առկա է Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նոր լրացվող 4-րդ կետի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածում նոր լրացվող 3.1-ին մասի համապատասխանեցման խնդիր: Բացի այդ առաջարկում ենք նաեւ «օդանավակայաններից» հասկացությունը համապատասխանեցնել «Ավիացիայի մասին» օրենքում օգտագործվող տերմինաբանությանը եւ կոնկրետացնել այն սուբյեկտին, որը կրելու է Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում 2-րդ մասում նոր լրացվող 4-րդ կետում սահմանված պարտականությունները: 7. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում առաջարկում են ««Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի» արտահայտությունից հետո նախատեսել այդ օրենքի «(այսուհետ՝ Օրենք)» կրճատ տարբերակը, քանզի Նախագծի 2-րդ հոդվածով հղում է կատարվում «Ոստիկանության մասին» օրենքին՝ օգտագործելով Նախագծում չնախատեսված կրճատ տարբերակը: 8. Նախագծերի փաթեթում ներառված իրավադրույթներում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր եզրույթներ: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետում կիրառվում է «էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմին» հասկացությունը, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման մեջ՝ «էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմին» հասկացությունը: Նախագծերի փաթեթում ներառված իրավադրույթներում առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտել միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 9. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասի համաձայն. «3.1. Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը համայնքի մուտքերը եւ ելքերը տեսանկարահանող, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունները դրսի կողմից տեսանկարահանող, ինչպես նաեւ՝ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման եւ (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ:»: 1) Նշված իրավակարգավորմամբ համայնքի ղեկավարը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիություն տրամադրել համայնքի մուտքերը եւ ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին: Սակայն Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 4-րդ կետով ոստիկանությանը եւ լիազոր մարմնին վերապահված իրավունքը ներառում է միայն տեսագրություններ պահանջել եւ ստանալը, իչպես նաեւ հասանելիություն ունենալը շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այսպես՝ համայնքի մուտքերը եւ ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին հասանելություն ունենալու վերաբերյալ որեւէ իրավունք ոստիկանությանը եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը վերապահված չէ Նախագծով: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում սահմանված համայնքի ղեկավարի պարտականության եւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 4-րդ կետով ոստիկանությանը եւ լիազոր մարմնին վերապահված իրավունքների համապատասխանությունը: 2) Բացի այդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում սահմանված դրույթը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ այն սահմանում է համայնքի ղեկավարի պարտականությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիություն տրամադրել տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման եւ (կամ) վերահսկման ներքո գտնվող բոլոր տեսահսկման համակարգերին: Հարկ ենք համարում նշել, որ «տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման եւ (կամ) վերահսկման ներքո գտնվող բոլոր տեսահսկման համակարգեր» հասկացությունը տեսահսկման համակարգերի լայն եւ անորոշ շրջանակը է ընդգրկում, ինչը թույլ չի տալիս բավարար չափով որոշակիացնել եւ հստակեցնել այն բոլոր տեսահսկման համակարգերի շրջանակը, որոնց հասանելիության տրամադրման պարտականությունը կրում է համայնքի ղեկավարը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք համայքնի ղեկավարի համար պարտականություն սահմանելիս ապահովել դրույթի բավարար չափով որոշակիությունը եւ հստակությունը՝ սահմանելով տրամադրվող տեսահսկման համակարգերի հստակ շրջանակ, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 10. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասը նախատեսելիս առաջարկում ենք հաշվի առնել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 16.6-րդ հոդվածի կարգավարումները, որով արդեն իսկ նախատեսվում են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասի բովանդակությանը առնչվող եւ պետական մարմինների ու համայնքների միջեւ տվյալների փոխանակմանը վերաբերող կարգավորումներ: 11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) լրացվող նոր՝ 187.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք վերնագրից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»: 12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 187.1-ին հոդվածի վերնագրում կիրառվում է «Տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու» ձեւակերպումը, միեւնույն ժամանակ նույն հոդվածի 1-ին մասում՝ «Տեսահսկման համակարգերին հասանելիություն ապահովելու» ձեւակերպումը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը՝ առաջարկում ենք նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: 13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 187.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամիս անց՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»: Վերոնշյալ իրավակարգավորումը վարչական պատասխանատվություն է նախատեսում համապատասխան արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար եւ նախատեսում է քննարկվող պատասխանատվության տարածումն այն դեպքերում, երբ արարքը կրկին կատարվել է ոչ շուտ, քան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամիս անց: Հարկ է նկատել, որ օրինակ՝ այն դեպքերում, երբ համապատասխան սուբյեկտը 1 տարվա ընթացքում կխախտի տեսահսկման համակարգերին հասանելիություն ապահովելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերին հասանելության պահանջները, օրինակ՝ 4 անգամ, սակայն տվյալ արարքները կկատարի առաջին իրավախախտման վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 2 ամսվա ընթացքում, ավելի մեղմ պատասխանատվություն է նախատեսվում, քան այն դեպքերում, երբ սուբյեկտը 1 տարվա ընթացքում կկատարի քննարկվող խախտումը 2 անգամ, սակայն երկրորդ իրավախախումը կկատարի վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամիս անց: Հարկ ենք համարում նշել, որ կոնկրետ արարքի համար վարչական տուգանքի չափը սահմանելիս ի թիվս այլնի հաշվի է առնվում այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այսպես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 187.1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանվում է ավելի բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարքի, մասնավորապես՝ միեւնույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար ավելի խիստ վարչական պատասխանատվություն: Սակայն դրանում ներառված պայմանը կարող է հանգեցնել միեւնույն արարքի ավելի հաճախ կատարման դեպքերում ավելի մեղմ պատասխանատվության: Հետեւաբար առաջարկում ենք վարչական պատասխանատվություն սահմանելիս հաշվի առնել դրանում ներառված արարքների հաճախականության հանրային վտանգավորությունը՝ բացառելով առավել հաճախ կատարված արարքների նկատմամբ ավելի մեղմ վարչական պատասխանատվությունը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ անհարժեշտ է վերանայել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 187.1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսված պայմանը, այն է՝ «ոչ շուտ, քան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամիս անց»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Ավիացիայի մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 27.12.2024թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ՀՀ Ոստիկանությանն իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 26.12.2024թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Ոստիկանության մասին» օրենքում, լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին», ինչպես նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, փոփոխություն եւ լրացում կատարել «Ավիացիայի մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների եւ մյուս հնարավոր իրավախախտումների կանխարգելման (նախականխման, կանխման), վերջիններիս հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայելու հսկայական ժամանակ, ապահովելու նշված գործընթացների օպերատիվությունը, ինչպես նաեւ խուսափելու նույն գործընթացների կապակցությամբ տարաբնույթ ու տարատեսակ օպերատիվ-հետախուզական ու վարութային-քննչական մեծածավալ միջոցառումներ ու գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունից՝ այդպիսով խնայելով նաեւ հսկայական ժամանակ, մարդկային ռեսուրս եւ ֆինանսանյութական միջոցներ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը եւ առաջարկությունը. - Նախագծերի փաթեթով չի նախատեսվում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում, որոնցով էլ պետք է սահմանվեն համապատասխան մարմինների վրա դրված պարտականությունների կատարման, գործառույթների իրականացման մեխանիզմները. - «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածում նոր լրացվելիք 3.1 մասի 2-րդ նախադասության մեջ, ինչպես նաեւ «Ավիացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասի նոր լրացվելիք 6-րդ կետում առաջարկում ենք «Տեսահսկվող տարածքում» բառերից հետո ավելացնել «տեսանելի վայրում» բառերը: Եզրահանգում
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը որոշ լրամշակման կարիք կունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 09.01.2025թ.
|