ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-994-30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9941 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9942 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9943 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-9944 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9945 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-994-30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9941 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9942 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9943 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9944 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9945 -30.12.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի (Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրված տարբերակը)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) «ԳԼՈՒԽ 3.»-ի, «ԳԼՈՒԽ 6.»-ի եւ «ԳԼՈՒԽ 7.»-ի համարակալումից հետո նշված կետերը հանել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով»: 2. Նախագծով նախատեսված կարգավորումներում կիրառվում են «ՀՀ կառավարություն», «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «կառավարություն» եւ «Կառավարություն» ձեւակերպումները՝ համապատասխան հոլովաձեւերով: Առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում կիրառել Սահմանադրությամբ սահմանված «Կառավարություն» հասկացությունը: Ինչը կբացառի Նախագծում հապավումների կիրառումը եւ կապահովի միեւնույն մտքի արտահայտման միատեսակ մոտեցում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված դրույթներից: 3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված է հետեւյալ հասկացությունը. «1) տնային կենդանիներ՝ ՀՀ Կառավարության կողմից սահմանած ցանկում ներառված կենդանիներ,»: Հարկ ենք համարում նշել, որ տնային կենդանիների ցանկը նախատեսված է Նախագծի Հավելված 2-ում: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով «տնային կենդանիներ» հասկացությունը բացահայտվում է Կառավարության կողմից սահմանվող ցանկում ներառված կենդանիներով: Այսպես՝ Նախագծում տնային կենդանիների ցանկի սահմանման վերաբերյալ երկու տարբեր դրույթներ են գործում: Մասնավորապես՝ մի կողմից տնային կենդանիները սահմանվում են Կառավարության կողմից սահմանվող ցանկում, մյուս կողմից տնային կենդանիներն արդեն իսկ սահմանված են Նախագծի Հավելված 2-ում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծում «տնային կենդանիներ» հասկացությունը, քանի որ Նախագծում տնային կենդանիների ցանկը նախատեսող հավելվածի առկայությունը բացառում է Կառավարության կողմից նույն ցանկի սահմանման անհրաժեշտությունը: 4. Նախագծով նախատեսված են մի շարք կարգավորումներ, որոնք միանշանակ չեն ընկալվում եւ կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից. օրինակ՝
Սույն դրույթը սահմանում է տնային կենդանի պահելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ձեռք բերելու պարտականություն, սակայն հարկ է նկատել, որ նշված պարտականությունը կրող սուբյեկտը դրույթում բացակայում է: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել պարտականույթունը կրող սուբյեկտին:
Իրավական շփոթից խուսափելու նպատակով եւ առաջնորդվելով իրավական որոշակիության սկզբունքով՝ առաջարկում ենք նշված դրույթները վերախմբագրել: Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1270 որոշմամբ, անդրադառնալով օրենքների որոշակիությանը, արձանագրել է՝ «Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի»: 5. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետին հաջորդում է 3-րդ կետը, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի կետերի համարակալման հաջորդականությունը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի կետերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի, 10-րդ հոդվածի մասերի եւ նույն հոդվածի 5-րդ մասի կետերի համարակալման հաջորդականությանը: 6. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսվում է «կենդանի պահող» հասկացության սահմանումը, ըստ որի՝ «կենդանի պահող՝ տնային կամ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող եւ օգտագործող 18 տարին լրացած ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ.»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծով բացակայում են գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար կենդանիների օգտագործմանը վերաբերող կարգավորումները, իսկ Նախագծերի փաթեթում ընդգրկված «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել «Անասնաբուժության մասին» օրենքի 36-րդ հոդվածով նախատեսվող համապատասխան կարգավորումները։ Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն նախատեսվի գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործումը կանոնակարգող նորմեր։ Սույն դիտարկման համատեքստում ցանկանում ենք նաեւ նշել, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսվող եւ քրեական պատասխանատվություն ենթադրող «սույն օրենքով սահմանված սկզբունքների եւ պահանջների խախտմամբ կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը.» արարքը զրկվում է նյութական հիմքից, քանզի Նախագծով սահմանված չէ որեւէ պահանջ կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացման վերաբերյալ, ինչի խախտումը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ մեխանիկորեն առանց որեւէ սահմանափակման կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը դարձնելով օրենքով չարգելված արարք։ Առաջարկում ենք կամ Նախագծով նախատեսել կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝ համապատասխանաբար լրամշակելով նաեւ Նախագծի նախաբանը, կամ Նախագծի ամբողջ տեքստից հանել կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացման վերաբերյալ հիշատակումները, եթե Նախագիծը նպատակ ունի առանց որեւէ սահմանափակման կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը չարգելված դարձնելու։ Հավելենք նաեւ, որ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսվող «Անասնաբուժության մասին» օրենքի 36-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչելը անհրաժեշտություն է առաջացնում ուժը կորցրած ճանաչել նաեւ նույն օրենքի 37-րդ հոդվածի կարգավորումները, քանզի «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությամբ այլեւս չի պահանջվի կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացման թույլտվության ձեռքբերում եւ կարիք կա նաեւ ուժը կորցրած ճանաչել այդպիսի թույլտվության ձեռքբերման կարգի վերաբերյալ կարգավորումները։ 7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» եւ «եւ/(կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերնայել Նախագծում «եւ/(կամ)» եւ «եւ(կամ)» գրելաձեւերիի գործածման դեպքերը: 8. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նույնականացման անձնագիրը սահմանվում է ոչ միայն որպես տնային շների նույնականացման տվյալներ պարունակող միկրոչիպ, այլ նաեւ որպես դաջվածք։ Ուստի առաջարկում ենք Նախագծով նախատեսել նաեւ դաջվածքի կատարման կարգի վերաբերյալ կարգավորումներ, ինչպիսիք նախատեսված են Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5.5-րդ կետում չիպավորման վերաբերյալ։ 9. Նախագծի 2-րդ գլուխը, կրելով «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» վերնագիրը, առաջացնում է անհրաժեշտություն Նախագծում օրենքով կարգավորվող ոլորտը հիշատակելիս Նախագծի ամբողջ տեքստում պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը եւ այն անվանել ոչ թե «կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտ», այլ՝ «կենդանիների բարեկեցության եւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտ»։ 10. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (ըստ հաջորդականության 4-րդ) կետում նախատեսված է կացարանների կառավարման եւ շահագործման կարգի Կառավարության կողմից սահմանման իրավասությունը: Հարկ է նկատել, որ Նախագծով կացարանների սեփականության ձեւի մասին որեւէ նշում առկա չէ: Հետեւաբար կացարանները կարող են լինել նաեւ ցանկացած անձին սեփականության իրավունքով պատկանող տարածք կամ կառույց: Իսկ անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքի կամ կառույցի կառավարման կարգը չի կարող սահմանվել Կառավարության կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: 11. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ (ըստ հաջորդականության 9-րդ) կետում Կառավարության իրավասությունների շարքում թվարկվում է «սույն օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների ցանկի սահմանման իրավասությունը»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի կարգավորման առարկայից բխում է Նախագծի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների շրջանակը, մասնավորապես Նախագիծը պարունակում է կենդանիների ցանկի վերաբերյալ հավելվածներ, Նախագծում սահմանված են կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների հասկացությունները, ինչպես նաեւ այն կենդանիների շրջանակը, որոնց վրա չի տարածվում Նախագծով սահմանված իրավադրույթների գործողությունը: Հետեւաբար Նախագծի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների ցանկը Կարավարության կողմից սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է: 12. Հարկ ենք համարում նշել, նաեւ որ Նախագծում միեւնույն միտք արտահայտելիս կիրառվում են ատարբեր ձեւակերպումներ. օրինակ՝ «լիազոր մարմին», «պետական լիազոր մարմին», «ծառայողական կենդանիներ», «ծառայողական նշանակության կենդանիներ», «անասնաբուժական դեղամիջոց», «դեղեր»: Առաջարկում ենք ձեւակերպումների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն ձեւակերպումները՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 13. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալման մեջ օգտագործվել է «5.5)» ձեւակերպումը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասին, ըստ որի միայն փոփոխություն եւ լրացում կատարելիս են հոդվածի մասի կետերը ստանում լրացուցիչ համարով համարակալում՝ համարների փոփոխություն թույլ չտալու նպատակով։ Նախագիծը չի հանդիսանում գործող նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում նախատեսող նորմատիվ իրավական ակտ եւ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում վերանայել կատարված համարակալումները։ 14. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լիազոր մարմինների շրջանակը ներառում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ներքին գործերի ոլորտներում լիազորված պետական մարմիններ, որոնցից յուրաքանչյուրին օրենքի շրջանակներում պատվիրակվող լիազորությունները թողնվում է Կառավարության հայեցողությանը:»: Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Սահմանադրության 6-րդ հոդվածում սահմանված է օրինականության սկզբունքը, որի 1-ին մասի համաձայն. «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»: Սույն դրույթը որպես օրինականության սկզբունքի կարեւոր բաղադրիչ, պահանջում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվեն Հայաստանի Հանրապետության իրավակարգում գերակայող իրավական ակտերով, այն է՝ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով չեն կարող սահմանվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց լիազորություններ: Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լիազոր մարմիններին պատվիրակվող լիազորությունները թողնվում են Կառավարության հայեցողությանը, այսինքն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավորման շրջանակում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից: 15. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ (ըստ հաջորդականության 5-րդ) կետի 2-րդ նախադասության համաձայն. «( )Կացարանների կառուցման չափորոշիչները, կառավարման եւ շահագործման կարգը, կացարաններում իրականացվող պարտադիր գործառույթների ցանկը (ներառյալ կացարան տեղափոխված թափառող շների ստերջացումը, պատվաստումը եւ այլ բժշկական միջամտություններ) սահմանում է Կառավարությունը.»: Հարկ ենք համարում նշել, որ նույն դրույթը սահմանված է Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (ըստ հաջորդականության 4-րդ) կետում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ (ըստ հաջորդականության 5-րդ) կետի 2-րդ նախադասությունը հանել Նախագծում իրավական նորմերի անհիմն կրկնությունը բացառելու նպատակով: 16. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ (ըստ հաջորդականության 10-րդ) կետում սահմանված դրույթը նույնությամբ կրկնում է Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ (ըստ հաջորդականության 5-րդ) կետում սահմաված դրույթը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ (ըստ հաջորդականության 10-րդ) կետը հանել՝ Նախագծում իրավական նորմերի անհիմն կրկնությունը բացառելու նպատակով: 17. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ «Սույն օրենքի իմաստով համապատասխան ոլորտի լիազոր մարմինն է ձեւավորում է տնային կենդանիների կառավարման ոլորտում խնդիրների բարձրաձայնման, հավաքագրման եւ հասցեագրման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով որի կազմը, աշխատակարգը եւ լիազորությունների շրջանակը սահմանում է կառավարությունը: Հանձնաժողովի կազմում պարտադիր ներկայացվածություն պետք է ունենան ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քանակը եւ կազմը որոշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտում լիազորված պետական մարմինը:»։ Սույն կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծում բացակայում են «միջգերատեսչական հանձանժողով»-ի կարգավիճակի, գործառույթները եւ այլ վերաբերելի կարգավորումները, որոնք առաջարկում ենք Նախագծով սահմանել։ Բացի այդ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետում հիշատակվում է «տնային կենդանիների կառավարման ոլորտ» հասկացությունը, որի բովանդակությունը Նախագծով չի բացահայտվում՝ առաջացնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի պահպանման անհրաժեշտություն, այն է՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները:»։ 18. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներին հղում կատարելիս առաջարկում ենք «օրենքներով» բառին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 19. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենք նախատեսել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արձանագրությունները նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնելու հնարավորություն, քանզի Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով վերջիններս նույնպես համարվում են հանրային վերահսկողության արդունքների «հասցեատեր»։ 20. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության եւ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի»: Միաժամանակ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետով դաժան վերաբերմունք է դիտարկվում նաեւ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով ցանկացած գործողությամբ կենդանու մահը արդեն իսկ ընդգրկում է նրա կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով իրականացնելու մասնավոր դեպքերը եւ լրացուցիչ կարգավորման անհրաժեշտությունը առկա չէ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 9-րդ կետերով նախատեսվող կենդանու կյանքի ընդհատման այլ մասնավոր դեպքեր նախատեսող կարգավորումներին: 21. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` Ցանկացած գործողություն կենդանու նկատմամբ, որը ներառում է սույն օրենքի իմաստով դաժան վերաբերմունք առանց մահվան ելքի,»: Ցանկանում ենք արձանագրել, որ սույն կարգավորումը ունի իրավական որոշակիության խնդիր, քանզի Նախագծի 9-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսվում է առանց մահվան ելքի դաժան վերաբերմունքի դրսեւորման սպառիչ ցանկ եւ այդ կարգավորումների համատեքստում Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգավորումը խիստ անորոշ է, լայն մեկնաբանման ենթակա եւ տարընկալումներ առաջացնող: Վերոգրյալի լույսի ներքո՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգավորումը: Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ սույն դիտարկումների հիման վրա «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ լրացվող 1-ին մասը լրամշակման անհրաժեշտություն ունի: 22. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավման գործածումը բացառել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը, համաձայն որի. «2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 23. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում համարակալման միջակետը, այն է՝ «1).» հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 7-րդ մասի պահանջները: 24. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի (ըստ հաջորդականության 7-րդ) համաձայն երեքից ավել շուն պահելու համար տիրապետողը պարտավոր է հատուկ թույլտվություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմիններից: Միաժամանակ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածում եւ 5-րդ հոդվածով լրացվող 50.1-ին հոդվածի լրացման արդյունքում նախատեսվում են միայն տնային կենդանի պահելու, համայնքի տարածքում կենդանիների վաճառքի, կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվությունները որպես թույլտվությունների տեսակներ: Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասով (ըստ հաջորդականության 7-րդ) նախատեսվող «հատուկ թույլտվության» վերաբերյալ կարգավորումներ նախատեսել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: 25. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է տնային շների որդեգրում/խնամակալություն։ Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամակալությունը եւ հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար) եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները եւ որդեգրվածները ձեռք են բերում ծնողների եւ զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ եւ պարտականություններ) համապատասխանաբար «որդեգրում» եւ «խնամակալություն» հասկացությունների սահմանումները ընդգրկում են այնպիսի հատկանիշներ, որոնք միայն կարող են բնորոշ լինել մարդուն։ Ավելին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով: Ըստ այդմ՝ կենդանին որպես գույք, կարող է ունենալ տնօրինող, տիրապետող կամ օգտագործող, բայց ոչ որդեգրող կամ խնամակալ։ Վերոգրյալի լույսի ներքո՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումները եւ օգտագործվող հասկացությունները: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերի կարգավորումներին։ 26. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն կենդանու տիրապետողի նույնականացման անհնարինության բացակայության պարագայում կենդանին տեղակայվում է կացարանում: Ցանկանում ենք արձանագրել, որ սույն կարգավորումը հակասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 183-րդ հոդվածի տրամաբանությանը, ըստ որի՝ առանց հսկողության թողնված կենդանի գտած անձը կենդանու սեփականատիրոջը որոնելու ընթացքում իրավունք ունի այն թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը եւ օգտագործմանը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կարգավորումը վերանայել քաղաքացիական օրենսդրության կարգավորումների համատեքստում: 27. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով» հղումը ուղղել, քանզի հիշատակվող հոդվածում, ըստ կատարված ոչ ճիշտ համարակալման, առկա է երկու 4-րդ մաս: 28. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում սահմանված է. «5. Տնային շներ պահողը պարտավոր է նաեւ` ( ) 7) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.»: Հարկ ենք համարում նշել, որ այս պարտականության խախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսված: Կարծում ենք՝ այսպիսի պարտականության կատարման պահանջի նկատմամբ հսկողություն իրականացնելն իրատեսական չէ: 29. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ (ըստ հաջորդականության 9-րդ) մասում կիրառված «տնային պայմաններում պահվող տնային կենդանիների ցանկը» ձեւակերպումը առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի Հավելված 2-ի վերնագրին, այն է՝ «տնային կենդանիների ցանկ»: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթից: 30. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի համապատասխան հմտություններ եւ փորձ ունեցող մասնագետների կողմից եւ համապատասխան փոխադրամիջոցներով կենդանիների բռնումը անվտանգ իրականացնելու համար:»: Առաջարկում ենք Նախագծով նախատեսել նաեւ այդ մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգավորումները: Նույն առաջարկը վերաբերելիի է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասին, որտեղ սահմանվում է, որ ծառայողական նշանակության կենդանիների բուծումը, վարժեցումը եւ պատրաստությունը նպատակային նշանակության գործողությունների համար կազմակերպվում է եւ իրականցվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից, սակայն չեն սահմանվում այդ մասնագետների որակավորմանը վերաբերող նվազագույն կարգավորումներ: 31. Նախագծի 11-րդ հոդվածին հաջորդում է 13-րդ հոդվածը, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի ամբողջ տեքստի հոդվածների համարակալման հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»: ( )»: Հոդվածների հաջորդականության համանման խախտում առկա է նաեւ Նախագծի մի շարք այլ հոդվածներում: 32. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք «խոշտանգումների» բառը փոխարինել «դաժան վերաբերմունքի» բառակապակցությամբ, քանզի «խոշտանգում» հասկացությունը ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքում ճանաչում ունեցող հասկացություն է եւ բնութագրվում է այնպիսի հատկանիշներով, որոնք բնորոշ են միայն մարդուն՝ ի դեմս անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Ուստի Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում տնային կենդանու վերաբերյալ այս տերմինի կիրառումը կհակասի նրա բովանդակության: 33. Նախագծի 20-րդ (ըստ հաջորդականության 17-րդ) հոդվածում նախատեսված է կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները: Հարկ են համարում նշել, որ «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածում եւս սահմանված է կյանքը ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները: Քանի որ Նախագծի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների շրջանակը որոշակի հատվածով նույնանում է «Անասնաբուժության մասին» օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների հետ, ապա կենդանիների միեւնույն շրջանակի վրա տարածվում է ինչպես Նախագծով, այնպես էլ «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջների գործողությունը: Այդ կարգավորումներում ներառված են ինչպես միմյանցից տարբերվող պահանջներ, որոնք հանգեցնում են իրավակարգավորումների հակասության, այնպես էլ անհիմն կրկնություն հանդիսացող պահանջներ: Հետեւաբար, առաջարկում ենք վերանայել Նախագծի 20-րդ (ըստ հաջորդականության 17-րդ) հոդվածում նախատեսված կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջներին վերաբերող իրավադրույթը՝ նորմատիվ իրավական ակտերում անհիմն կրկնությունները եւ հակասությունները բացառելու նպատակով: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի պահանջների խախտմամբ քնեցումը առաջացնում է քրեական պատասխանատվություն Նախագծի 22-րդ (ըստ ճիշտ համարակալման 20-րդ) հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչդեռ «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջների խախտմամբ քնեցումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.11-րդ հոդվածի: Այսպիսի տարբերակված մոտեցումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, որտեղ կշեշտադրվի «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջների խախտման նվազ հանրային վտանգավորությունը, Նախագծով նախատեսվող քնեցման պահանջների չպահպանման բարձր հանրային վտանգավորությունը եւ նրա համար քրեական պատասխանատվության սահմանման համաչափությունը: 34. Նախագծի 6-րդ գլխի վերնագրում առաջարկում ենք «ԴՐՈՒՅԹ» բառը փոխարինել «ՄԱՍ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը, համաձայն որի՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանում են նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետները»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 23-րդ հոդվածի վերնագրում նշված «դրույթ» բառին: 35. Նախագծի 7-րդ գլխում սահմանված կարգավորումը շարադրել հոդվածի տեսքով: 36. Նախագծի ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ վերտառությամբ 7-րդ գլխում սահմանված է. «1. Սույն օրենքի համապատասխան հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները թողնում են յուրաքանչյուր ոլորտի լիազոր մարմնի հայեցողությանը:»: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում հստակ սահմանված է նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ընթացակարգը: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:»: Նույն հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «5. Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: Այսպես՝ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետը պետք հստակ սահմանվի համապատասխան նորմատիվ իրավական ակտում: Իսկ չսահմանվելու դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ուժով նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Որեւէ այլ մարմին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով չի կարող սահմանել նորմատիվ իրավական ակտի հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ նշենք, որ Նախագծի «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 7-րդ գլխում սահմանված դրույթի գործողությունն անհնարին է: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում հստակ սահմանել հոդվածների շրջանակը եւ դրանց ուժի մեջ մտնելու ժամկետը: 37. Նախագծի անցումային դրույթներում բացակայում են Նախագծով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետները: Ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու նախատեսվող ժամկետները: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթից, համաձայն որի «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: 38. Նախագծի մի շարք հոդվածներում տնային կենդանի պահողների համար սահմանվում են նոր պարտականություններ: Օրինակ՝ Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է տնային կենդանի պահելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ձեռք բերելու պարտականությունը: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար: Միեւնույն ժամանակ Նախագծի անցումային դրույթներում սահմանված չէ այդպիսի պարտականություններ սահմանող դրույթների ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ, այն հիմնավոր ժամանակահատվածի վերաբերյալ դրույթ, որի ընթացքում տնային կենդանի պահողները կկարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել Նախագծով սահմանված նոր պահանջներին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել Նախագծի տնային կենդանի պահողների նկատմամբ նոր պարտականություններ նախատեսող դրույթների ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ, սահմանելով հիմնավոր ժամանակահատված, որը թույլ կտա տնային կենդանի պահողներին իրենց վարքագիծը համապատասխանեցնել Նախագծով սահմանված նոր պահանջներին: 39. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված (այսուհետ՝ Օրենսգիրք) ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում: 40. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: ( )»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին: 41. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասը առաջարկում ենք լրամշակել, քանզի օրենքի նախագծով նախատեսված խմբագրությունը առաջացնում է նյութական եւ ձեւական հանցակազմերի բախման խնդիր: Մասնավորապես «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում հանցանք է որակվում ցանկացած գործողություն կենդանու նկատմամբ, որը ներառում է դաժան վերաբերմունք առանց մահվան ելքի, սակայն միեւնույն ժամանակ նույն հոդվածով որպես հանցանք է նախատեսվում օրինակ կենդանու կյանքի ընդհատումը մտրակման միջոցով: Առաջանում է իրավական խնդիր, թե որ պահին պետք է համարվի հանցագործությունը կատարված՝ մտրակման պահին, թե կենդանու մահանալու պահին: Հավելենք, որ հանցագործության կատարման պահը կարեւոր նշանակություն ունի քրեական իրավունքում. նրա միջոցով է որոշվում կիրառման ենթակա օրենսդրությունը, նրա հետադարձելիությունը, վաղեմության ժամկետները եւ այլն: 42. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում առաջարկում ենք ուղղել Նախագծի անվանումը՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»: 43. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասից առաջարկում ենք հանել «, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության» արտայատությունը, քանզի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված արարքը անհրաժեշտ պաշտպանության կամ քրեական պատասխանատվությունը բացառող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ գլխով նախատեսված հանգամանքների շրջանակում կատարելը արդեն իսկ չի ենթադրում քրեական պատասխանատվություն: Ուստի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում նման բացառության նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է: 44. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: 45. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Անասնաբուժության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ,17-րդ, 18-րդ,19-րդ կետերը: «Անասնաբուժության մասին» օրենքի 35-րդ հոդվածում սահմանված են կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները: «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերում ամրագրված են հետեւյալ հասկացությունները. «17) կենդանիներ` կաթնասուններ, թռչուններ, երկկենցաղներ, սողուններ, ձկներ, կակղամորթներ, խեցգետնակերպեր, խխունջներ, միջատներ, այլ ողնաշարավոր եւ անողնաշարավոր կենդանիներ, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատեւում են. 18) գյուղատնտեսական կենդանիներ` խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ (տավար, գոմեշ, ոչխար, այծ), խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ եւ այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով. 19) տնային կենդանիներ` կենդանիներ, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին.»: Վերոգրյալը հաշվի առնելով նշենք, որ «Անասնաբուժության մասին» օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների շրջանակն ավելի շատ կենդանիներ է ընդգրկում, քան Նախագծի կարգավորման ոլորտում գտնվող կենդանիներն են: Հետեւաբար «Անասնաբուժության մասին» օրենքում սահմանված արգելքները եւ պարտականությունները տարածվում են ոչ միայն Նախագծի կարգավորման ոլորտում գտնվող կենդանի պահողների, այլ «Անասնաբուժության մասին» օրենքի կարգավորման շրջանակում գտնվող կենդանի պահողների նկատմամբ: «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները «Անասանուժության մասին» օրենքում ուժը կորցած ճանաչելը կհանգեցնի ավելի լայն շրջանակի կենդանիներ պահողների նկատմամբ սահմանափակումների եւ արգելքների վերացման, քան սահմանվում է Նախագծով: 46. Առաջարկում ենք «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերում «կետ» բառը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել համապատասխան հոլովաձեւերով «մաս» բառով, իսկ «ենթակետ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կետ» բառի համապատասխան հոլովաձեւերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: 47. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով «Անասնաբուժության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրվող «ա» ենթակետի տեքստում առաջարկում ենք «գառների» բառից առաջ լրացնել եթակետի համարակալումը, այն է՝ «ա.»: 48. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է «Անասնաբուժության մասին» օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հարկ ենք համարում նշել, որ «Անասնաբուժության մասին» օրենքի 36-րդ հոդվածն իրավակարգավորում է նախատեսում կենդանիների նկատմամբ փորձարկումների վերաբերյալ: Մինչդեռ նույն օրենքի 37-րդ հոդվածը, որը վերաբերում է կենդանիների փորձարկումների թույլտվությանը շարունակում է գործել: 49. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: 50. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «12-րդ հոդվածը» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված լրացումը ըստ էության կատարվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում: 51. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի համաձայն համայնքի ղեկավարի սեփական լիազորություն է նախատեսվում համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման վայրերը՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան սահմանելը: Միաժամանակ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նոր լրացվող 58.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով այն նախատեսվում է որպես քաղաքապետին պատվիրակված լիազորություն: Գտնում ենք, որ այսպիսի տարբերակված մոտեցումը կարիք ունի լրացուցիչ հիմնավորման՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ: 52. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք «50.1» գրելաձեւը փոխարինել «50.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «58.1» գրելաձեւին: 53. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր 50.1-ին հոդվածի համարը վերնագրից առաջարկում ենք բաժանել միջակետով: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր 58.1-ին հոդվածի համարի վերնագրին: 54. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 50.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «2. Համայնքի ղեկավարը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները. ( ) 2) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես «կենդանիների պահման բոլոր վայրեր» հասկացությունը սահմանված չէ բավարար չափով հստակ եւ որոշակի, որպեսզի հասկանալի լինի ինչպիսի վայրերի շրջանակ է ընդգրկում, որտեղ համայնքի ղեկավարն իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ: Եթե «կենդանիների պահման բոլոր վայրեր» հասկացությունը ընդգրկում է նաեւ օրինակ՝ կենդանիներ պահողների տները եւ բնակարանները, ապա նշված վայրերում «անխոչընդոտ վերահսկողությունը» կարող է հանգեցնել մի շարք սահմանադրական իրավունքների խախտման, օրինակ՝ սեփականության իրավունքի, բնակարանի անձեռնմխելիության: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 58.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում սահմանված դրույթին: 55. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նոր լրացվող նոր՝ 50.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն. «2. Համայնքի ղեկավարը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները. ( ) 4) կազմում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտումների արձանագրությունները.»: Նույն կերպ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 58.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված է. «2. Քաղաքապետը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները. ( ) 4) կազմում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտումների արձանագրություններ: » Սույն կարգավորումներով անմիջականորեն համայնքի ղեկավարին, իսկ Երեւան քաղաքում քաղաքապետին է վերապահվում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտումների վերաբերյալ արձանագրությունների կազման լիազորությունը: Հարկ ենք համարում նշել, որ արձանագրություն կազմելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող դրույթները, այդ թվում՝ անձանց շրջանակը, սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով: 56. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծով կատարվում են միայն լրացումներ: 57. Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, ոչ հստակ ձեւակերպումներ, շարադասական անհամապատասխանություններ, որոնք շտկման կարիք ունեն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության, համաչափության եւ իրավական որոշակիության սկզբունքներին համապատասխանության տեսնակյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Անասնաբուժության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.01.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.01.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության, գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.` 011 513-603) 13.01.2025թ.
ԱԺ պատգամավորների կողմից ներկայացվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ), ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները. 1. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության եւ այլ անձանց պաշտպանության եւ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի». 2. Նշենք նաեւ, որ Նախագծի 9-րդ հոդվածի այլ կետերում նշված որոշ գործողությունների վրա (օրինակ, «ուժեղ հարվածի», «հրազենով կրակելու», «փոխադրամիջոցներից նետելու» եւ այլն) նույնպես պետք տարածվեն 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված բացառությունները. 3. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում՝ «պարտադիր կանխարգելում եւ բուժում» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «կենդանիների հիվանդությունների վերաբերյալ իրավասու մարմիններին/անձանց ծանուցման կարգը, ժամկետները». 4. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «ձեռնարկել միջոցառումներ» բառերից առաջ, ինչպես նաեւ 10-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում «ապահովել» բառից առաջ ավելացնել «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերը. 5. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ «Տնային շներ պահողը պարտավոր է՝ ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել կարճ կապի վրա»: Հարկ ենք համարում նշել, որ «կարճ կապի վրա» արտահայտությունը կարող է հայեցողական մեկնաբանման առիթ հանդիսանալ. 6. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետի համաձայն՝ «Տնային շներ պահողը պարտավոր է բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների տարածքներում»: Առաջարկում ենք ընդլայնել վերոնշյալ 12-րդ կետում նշված հաստատությունների/օբյեկտների ցանկը՝ ներառելով նաեւ ուսումնական հաստատությունները, հասարակական տրանսպորտի միջոցները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքները եւ այլն. 7. Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «համապատասխան նորմեր» արտահայտությունը հստակեցնել: 8. Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Պարեկության ժամանակ արգելվում է ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը»: Նշված դրույթի ձեւակերպումից տպավորություն է ստեղծվում, որ այլ դեպքերում (բացի պարեկություն իրականացնելուց) ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը թույլատրելի է: Ուստի եւ, առաջարկում ենք վերանայել եւ վերաշարադրել նշված դրույթը: 9. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Տնային կենդանիների բուծումը ձեռնարկատիրական նպատակով պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած բուծարանում»: Առաջարկում ենք նշված դրույթը վերանայել/լրացնել՝ հաշվի առնելով նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված արգելքը, այն է՝ «Արգելվում է նաեւ՝ տնային կենդանիներին բուծել եւ պահել մսի եւ մորթու արտադրության նպատակով:» 10. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում, որոնք դրա համար ունեն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված թույլտվություն եւ կենդանիների նույնականացման անձնագրերի պարտադիր առկայությամբ», մինչդեռ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված «նույնականացման անձնագրի» սահմանումը վերաբերում է միայն տնային շների նույնականացման անձնագրերին. 11. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտավոր են» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը. 12. Նախագծի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Կենդանիների կացարանը պետք է ունենա ինտերնետային հարթակ, որտեղ կտեղադրվեն գտնված եւ կացարանում պահվող կենդանիների նկարները եւ այլ տեղեկատվություն»: Առաջարկում ենք «եւ այլ տեղեկատվություն» բառերը նշելու փոխարեն հստակ սահմանել հրապարակման ենթակա տվայներն ու տեղեկությունները: 13. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվելիք 1-ին մասն առաջարկում ենք ամբողջությամբ վերանայել եւ վերաշարադրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հոդվածի 1-ին մասի ձեւակերպումից ստացվում է, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, անկախ այն հանգամանքից՝ դաժան վերաբերմունքը հանգեցնում է կենդանու մահվան, թե մահվան ելքի չի հանգեցնում, անկախ գործողության տեսակից, նախատեսվում են նույն պատժամիջոցները: 307-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առաջարկում ենք նաեւ՝ - հաշվի առնել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ առաջարկությունը (այն ընդունելու դեպքում), - ««Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» օրենքով» բառերը փոխարինել ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով» բառերով: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը վերանայման եւ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 20.01.2025թ.
|