ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-995-09.01.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-995-09.01.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՀՀ» հապավման փոխարեն կիրառել «Հայաստանի Հանրապետության» ձեւակերպումը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 247-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս, ըստ որի՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձանց՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված պարտավորությունների)՝ անկախ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձանց գրանցման ճանաչման փաստից, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի՝ սույն կետում նշված պարտավորությունից բխող ֆինանսական կորուստները որեւէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով եւ չափով վերականգնվել են (փոխհատուցվել են):»:

Ցանկանում ենք նշել, որ Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման  եւ դադարում է լուծարման ավարտի պահից: Իրավունակությունը սուբյեկտի քաղաքացիական իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունն է: Այսինքն, առանց իրավունակությամբ օժտված լինելու սուբյեկտը չի կարող ունենալ քաղաքացիաիրավական իրավունքներ եւ պարտականություններ, իսկ իրավաբանական անձանց դեպքում այն ծագում է օրենքով սահմանված կարգով գրանցման պահից: 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն տեղեկատվական համակարգում ներառված այն իրավաբանական անձինք, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, կարող են դիմել գործակալություն իրենց պետական գրանցումը ճանաչելու համար: Վերջինս իրավաբանական անձանց համար դիսպոզիտիվ կարգավորում է եւ իրացվում է ըստ հայեցողության: Իրավաբանական անձանց գրանցման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները փաստացիորեն չեն անդրադառնում «պետական գրացումը չճանաչված» իրավաբանական անձանց կարգավիճակին՝ թողնելով նրանց իրավունակության վերաբերյալ կասկածներ, այդ թվում՝ գրավի պայմանագրի շրջանակում: Ավելին, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում բացառության տեսքով լրացում կատարելով Նախագծում ընդունվել է այն փաստը, որ «պետական գրանցումը չճանաչված» իրավաբանական անձը չի կարող հանդիսանալ պարտավորության կողմ եւ նրա ու ֆինանսական կազմակերպության միջեւ հիմնական վարկային պարտավորությունը համարում է դադարած (թերեւս անհասկանալի է, թե Օրենսգրքի 424-435-րդ հոդվածներով նախատեսվող պարտավորությունների դադարման որ հիմքով): 

Այսպիսի կարգավորման կողքին Նախագծով նախատեսվում է, որ «պետական գրանցումը չճանաչված» իրավաբանական անձանց կողմից կնքված գրավի պայմանագրերը շարունակելու են ունենալ իրավական ուժ, կողմերի համար առաջացնել իրավունքներ եւ պարտականություններ, մինչդեռ. ինչպես մեր կողմից արդեն իսկ նշվեց, «պետական գրանցումը չճանաչված» իրավաբանական անձանց իրավասուբյեկտությունը օրենսդրությամբ հստակ նախատեսված չէ եւ անհասկանալի է դառնում՝ գրավի պայմանագրի շրջանակներում «պետական գրանցումը չճանաչված» իրավաբանական անձիք ինչպես են ունենալու իրավունքներ եւ պարտականություններ: 

Հավելենք նաեւ, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 247-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ մասի համաձայն չեն դադարում գրավառուի գրավի իրավունքները այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ: Ցանկանում ենք նշել, որ այս կարգավորումը եւս չի հստակեցնում՝ արդյոք «պետական գրանցում չստացած» իրավաբանական անձը իրավունակ է, կարող է ունենալ գույքի նկատմամբ սեփականության իրավունք եւ հանդիսանալ գույքի գրավատու Օրենսգրքի 228-րդ հոդվածի կարգավորումների համատեքստում՝ շեշտադրելով միայն «այլ անձանց» պատկանող գույքը:

Ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 247-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ մասի կարգավորումները վերանայել՝ հիմք ընդունելով Օրենսգրքի եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի կարգավորումները:

3. Ուշադրության արժանի է նաեւ այն փաստի արձանագրումը, որ Օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար: Հետեւաբար հիմնական պարտավորության դադարմամբ վերջինս այլեւս չունի ապահովման կարիք եւ Նախագծով որոշակի սուբյեկտների միջեւ գրավի պայմանագրի գործողության շարունակականության նախատեսումը չի համապատասխանում գրավի ինստիտուտի քաղաքացիաիրավական տրամաբանությանը: Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների կարգավորումները նախատեսելիս այս դիտարկումը եւս հաշվի առնել:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

27.01.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

27.01.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է իրավաչափ եւ համաչափ կարգավորում նախատեսել բարեխիղճ գրավառուների համար՝ իրենց իրավունքների իրականացման համատեքստում: Խնդիրը կայանում է նրանում, որ հնարավոր են դեպքեր, երբ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք չեն օգտվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27.2-րդ հոդվածի 1-ին մասի եւ 35.1-ին հոդվածի 1-ին մասի ընձեռած հնարավորությունից՝ փորձելով այդ կերպ խուսափել նաեւ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց: Արդյունքում, ֆինանսական մի շարք կազմակերպություններ, որպես պարտատեր, զրկվել են իրենց այնպիսի իրավունքները իրացնելու հնարավորությունից, ինչպիսին է՝ պարտապանից պահանջել իր պարտականությունների կատարում գրավի իրավունքի իրացում:

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք վարկավորման միջոցով ֆինանսավորել են իրավաբանական անձանց գործունեությունը եւ վերջիններիս վարքագծի արդյունքում  կարող են կրել չարդարացված ֆինանսական կորուստներ, պահանջելու իրենց հանդեպ ունեցած պարտավորությունների կատարում՝ իրացնելով իրենց գրավի իրավունքը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

15.01.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ  կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 27.2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 35.1-ին հոդվածի 1-ին մասը նպատակ ունեն ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը եւ այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Նշվածի հետ կապված՝ հնարավոր են դեպքեր, երբ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք չեն օգտվել վերը հիշատակված օրենքի ընձեռած հնարավորությունից՝ փորձելով խուսափել նաեւ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց, իսկ  Օրենսգրքի գործող կարգավորումների շրջանակներում գրավառու ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն չունեն գրավի առարկայից բավարարել իրենց պահանջները:

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում ֆինանսական կազմակերպություններին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն կտրվի իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաեւ զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետեւանքների ազդեցությունից: 

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը.

Չնայած այն հանգամանքին, որ Հիմնավորման մեջ նշվում է նաեւ համապատասխան անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ (հղում կատարելով  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 27.2-րդ հոդվածին), այդուհանդերձ Նախագծում վերջիններիս վերաբերյալ որեւիցե նշում առկա չէ: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

29.01.2025թ.