ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-997-16.01.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի եւ Արմեն Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-997-16.01.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծով սահմանված կարգավորումներով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր տարվա համար տրվող 9 միավորի փոխարեն սահմանել 13 միավոր: Օրենսգրքի 25.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները»: Վերը մեջբերվածից բխում է, որ յուրաքանչյուր տարվա համար տրվող միավորների առավելագույն քանակը, այն է  9-ը միավորը, ավելացնելն իրենից ներկայացնում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության մեղմացում, որի համար Նախագծի անցումային դրույթներով հետադարձ ուժ չի տրվում, քանզի տարածվում է Նախագծի ուժի մեջ մտնելուվ հետո ծագած հարաբերությունների վրա: 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 72-րդ հոդվածի վերջին նախադասությամբ սահմանված է. «Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»: Այսինքն՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի հանգամանքը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ օժտված իրավունքի ուժով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով եւ օրենսդրի որեւէ հայեցողություն չի ենթադրում:

Հատկանշական է, որ Օրենսգրքի 8-րդ հոդվածով եւս սահմանված է նույնաբովանդակ դրույթ, այն է. «Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաեւ այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով նույնպես ամրագրված է արարքի պատժելիության վերացում կամ պատժի մեղմացում նախատեսող օրենսդրական ակտի հետադարձ ուժ ունենալու պարտադիրությունը: Վերը մեջբերված երեք դրույթներում կիրառված բոլոր ձեւակերպումներն ունեն իմպերատիվ բնույթ, ինչից բխում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որդեգրված է ցանկացած արարքի պատասխանատվության մեղմացում կամ վերացում նախատեսող ակտին պարտադիր հետադարձ ուժ տալու մոտեցումը: 

Մինչդեռ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվում է 13 միավոր՝ նրան հատկացված 9 միավորի ժամկետի ավարտից հետո՝ միավորների վերահաշվարկման օրը, իսկ վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում՝ կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը»: Դրանից բխում է, որ այս դրույթով չի ապահովվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որդեգրված համապատասխան ակտերին հետադարձ ուժ տալու հետ կապված մոտեցումը: Սույն եզրակացությամբ նշված դիտարկումները հաշվի առնելով, ինչպես նաեւ Նախագծի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ու օրենսդրական ակտերի միջեւ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել՝ շարադրելով, որ 2025 թվականի մայիսի 1-ին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող բոլոր անձանց (այդ թվում նաեւ՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված անձանց) ինքնաշխատ կերպով տրամադրվում է 4 միավոր (Նախագծով առաջարկվող 13 միավորի եւ գործող կարգավորումներով սահմանված 9 միավորի տարբերությունը), ինչի արդյունքում, կարծում ենք, անհրաժեշտ է լինելու նաեւ վերանայել 9 միավորը սպառելու հիմքով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման հետ կապված գործերը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.01.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.01.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով նախատեսվում է խստացնել վարչական իրավախախտումների որոշ տեսակների համար (օրինակ՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը եւ այլն) սահմանված տուգանքը: Միաժամանակ, առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին տրամադրվող միավորը սահմանել 13՝ ներկայումս գործող 9-ի փոխարեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

24.01.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով, առաջարկվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում`   վարորդներին 1 տարի ժամկետով տրվող 9 միավորի փոխարեն սահմանելով 13 միավոր: Միաժամանակ առաջարկվում է տուգանային միավորների ավելացում որոշ՝ ավելի բարձր ռիսկեր պարունակող իրավախախտումների համար (օրինակ՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը եւ այլն), ինչը միտված է նվազեցնելու ճանապարհային պատահարների քանակը: 

Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա վարորդների սոցիալական վիճակի վրա (խոսքը վերաբերում է հատկապես որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին),    ինչպես նաեւ կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

03.02.2025թ.